ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ. «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ» ԱՊՐՈՂ ՉԻՆՈՎՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական պաշտոնյաների տարեվերջյան ճոխ պարգեւատրումների փաստին հանրության մեծամասնությունը խորը վրդովմունքով ու հիասթափությամբ արձագանքեց։ Այդ թեմայով վերջին օրերի լրատվական սկանդալի կիզակետում, ինչպես հայտնի է, հայտնվեցին ոչ միայն մարզպետներից մի քանիսը, այլեւ Պետեկամուտների կոմիտեն։

Ըստ տեղեկատվական արտահոսքի` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փոխնախագահն ու աշխատակազմի մի քանի պաշտոնյա յոթանիշ թվերով պարգեւավճարներ ու հավելավճարներ են ստացել։ ՊԵԿ նախագահն ու նրա լրատվական ծառայությունը փորձեցին մեղմել բարձրացված աղմուկն ու հերքում տարածեցին՝ պնդելով, թե ՊԵԿ-ում այդպիսի աստղաբաշխական պարգեւավճարներ չկան, եւ ամենաբարձր պարգեւավճարը կազմել է 1,5 մլն դրամ։ Թե ստույգ որքան պարգեւավճար է ստացել Անանյանը անցած տարեվերջին, այդպես էլ պարզ չդարձավ նրա պարզաբանումից, փոխարենը ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրից պարզ է դառնում եկամտի այն չափը, որը ՊԵԿ նախագահը հայտարարագրել է երկու աղբյուրից ստացված աշխատավարձի կամ դրան հավասարեցված վճարի տեսքով՝ ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ: Սոցցանցերը անցած մի քանի օրերին ուղղակի «խժռում» էին ՊԵԿ նախագահին, ընդհուպ «անեծք ու նալլաթ» տեղում նրա եւ մյուս ՊԵԿ-ականների հասցեին՝ եզրակացնելով` փաստորեն, մի երկրում, որտեղ մոտ 30 տոկոսանոց աղքատություն է, ցածր կենսաթոշակներ ու նպաստներ, շարքային քաղաքացիները ձգում են գոտիներն ու զրկանքներ կրում, ՊԵԿ-ում «մին զարկում, միլիոն են կտրում…»: Ի դեպ, այս «դելիկատ» հարցով օրերս Անանյանը կանչվել էր ԱԺ եւ «Իմ քայլը» խմբակցության հետ «աշխատանքային քննարկման» ժամանակ բացատրել՝ ինչպես է գոյացել իր փայ միլիոնը. օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Քննարկումից հետո լրագրողների հարցին՝ որքան է, ի վերջո, կազմել իր պագեւավճարը, Անանյանը այդպես էլ ստույգ թիվ չնշեց, սակայն շատերին շոկի ենթարկած պատասխան տվեց.«4.8 միլիոն Ֆիննախից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից: 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը՝ 7.5 ամսվա համար: Իմ եկամուտները 2.3 միլիոնը չեն գերազանցել: ՊԵԿ-ից 8 ամսում իմ պարգեւատրումների գումարը 14 միլիոն է եղել»:
Ի դեպ, մի քանի ամիս առաջ՝ հոկտեմբերին, իր հարցազրույցներից մեկում ՊԵԿ նախագահը արծարծել էր պաշտոնյաների աշխատավարձերի թեման եւ անկեղծացել, թե նախկինում՝ 90-ականներին, պետական ծառայողը արժանապատիվ չէր վարձատրվում, որպեսզի հոգար իր ծախսերը, իսկ այժմ աշխատավարձը բավականացնում է բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Նա նշել էր, որ իր աշխատավարձն ու հավելավճարը, որը ստանում է արտաբյուջետային միջոցներից, քիչ չեն. «Իմ աշխատավարձը, բնականաբար, համեմատաբար ավելի բարձր է։ Եթե աշխատավարձիս գումարեմ այն հավելավճարը, որը հարկային մյուս ծառայողների հետ ես էլ եմ ստանում, ապա կարող եմ ասել, որ բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում, որն ինձ բավականացնում է»,-ասել էր նա։ ՊԵԿ նախագահը «արժանապատիվ աշխատավարձի» մասին մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է արել. «Պետական այլ կառույցների համեմատ` ՊԵԿ-ում հնարավորությունները մի փոքր ավելի բարձր են։ Ունենք արտաբյուջետային ֆոնդ, որից հնարավորություն ունենք մի քիչ ավելի վարձատրություն տալ մեր աշխատակիցներին։ Կառավարության կազմում կան մարդիկ, որոնք ինձ հետ համաձայն չեն եւ կարծում են, որ պետական բոլոր ծառայողներն էլ խոցելի են եւ կարող են կոռուպցիոն ռիսկերի ենթարկվել, ուստի պետք է համահավասար վարձատրվեն։ Բայց ես կարծում եմ, որ ՊԵԿ-ը եթե ոչ բացառիկ, ապա բացառիկ կառույցներից մեկն է, որտեղ վարձատրության առումով պետության ուշադրությունը պետք է տարբերվող լինի։ Ռիսկը փարատելու միակ արդյունավետ միջոցը մարդկանց արժանապատիվ աշխատավարձ տալն է։ Իհարկե, ռիսկ միշտ կա, սակայն բարձր վարձատրության դեպքում այն նվազում է»,- «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է Անանյանը։ ՊԵԿ նախագահի արժանապատիվ աշխատավարձը, նշենք, 793 680 ՀՀ դրամ է (ներառյալ հարկերը)։
Ո՞վ էր Անանյանը մինչեւ հեղափոխությունը
Դավիթ Անանյանը, ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունից հետհեղափոխական կառավարություն տեղափոխված պաշտոնյաներից է: Մինչեւ ՊԵԿ ոտք դնելը նա շուրջ երկու տարի՝ 2016-2018 թթ., զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ շուրջ 16 տարի աշխատել է մասնավոր սեկտորում: Անանյանը Ֆիննախը համեմատում է բանակի թիկունքի հետ, ՊԵԿ-ը` առաջնագծի: «Պետական ինչքը» «դասակարգային թշնամիների» ոտնձգությունից պաշտպանելու պատասխանատվության մեծ բեռը, փաստորեն, հեղափոխությունը դրեց Անանյանի ուսերին, որոնք, լիահույս ենք, բավարար չափով ամուր են կոռուպցիային ու չարաշահումների գայթակղությանը դիմադրելու առումով: «Չինովնիկական թուլություններ», որոնցից, ցավոք, ապահովագրված չեն եղել ՊԵԿ նախկին ղեկավարներից շատերը: Ժողինստիտուտն ավարտած, 2004-ից տնտեսագիտության թեկնածու Անանյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է դեռեւս 1993-ից: Նա Երեւանի խորհրդային տարածքային հարկային տեսչությունում պետական հարկային տեսուչի պաշտոնում աշխատելու, ինչպես նաեւ հաշվապահական ու խորհրդատվական աշխատանքի հարուստ փորձ է կուտակել, իսկ 2000թ.-ից մինչ 2016-ը աշխատել է օտարահունչ անվանումներով ՓԲԸ-ներում (2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-ՋիԱրմենիա»ՓԲԸ, 2006-2016թթ.` «Փի-Էյջ-ՓիՓարթնըրզ» ՓԲԸ) եւ տարբեր պաշտոններ զբաղեցրել։ 2018թ. ապրիլյան իրադարձությունները բախտորոշ եղան Անանյանի համար՝ նպաստելով նրա պաշտոնեական առաջխաղացմանը. ֆիննախում «երկրորդ պլանի դերակատարից» դարձավ ՊԵԿ գլխավոր դեմք՝ այդ պաշտոնում փոխարինելով «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից 2016-ին կառավարություն գործուղված Վարդան Հարությունյանին։ Վերջինիս աշխատանքից, ըստ լուրերի, գոհ էին թե՛ «ամենաբողոքական» բիզնեսմենները, եւ թե՛ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որ մտադիր էր շարունակել նրա հետ աշխատանքը արդեն վարչապետի կարգավիճակում: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Կարեն Կարապետյանի հրաժարականից որոշ ժամանակ անց ՊԵԿ նախագահի աթոռին հրաժեշտ տվեց նաեւ Հարությունյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

55 ՆՈՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ` լուծարվել է Շիրակի հանրային հեռուստաընկերությունը: Այդ մասին նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Որպես հիմնավորում` նշվել է ֆինանսական միջոցների բացակայությունը:
Ըստ այդմ, 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը եւ ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:
«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում եւ այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում եւ զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ:
Միայն թե նկատենք՝ կառավարության որոշման հետեւանքով 55 աշխատակից կհամալրեն գործազուրկների շարքը: ՈՒ սա այն պարագայում, երբ Շիրակի մարզը շարունակում է մնալ ՀՀ-ում ամենաաղքատը, այստեղ բարձր է նաեւ գործազրկության մակարդակը:
«Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանն աշխատակազմին արդեն տեղեկացրել է որոշման մասին: Հեռուստաընկերության աշխատակազմն անակնկալի է եկել ու զարմացել, թե ինչպես կառավարությունը գրչի թեթեւ շարժումով զրկել է իրենց աշխատանքից: «Շատ ցավալի է, մենք ունեինք բազմաթիվ մոտեցումներ խնդրի վերաբերյալ: Սեպտեմբերից քննարկվում է: Մենք էլ արդեն հոգնել էինք եւ ուզում էինք, որ վերջապես մեկ որոշման վրա կանգնեն: Առաջարկ կար հիմնադրամի ստեղծման, մեր կողմից առաջարկվեց նաեւ մասնավորեցնել, միայն թե լուծարման խնդիրը առաջ չգար: Բայց, չգիտես ինչու, կառավարությունը վերցրեց ու այն էլ չզեկուցվող հարցերի շրջանում որոշեց, որ Շիրակ հանրայինը լուծարվում է: Անգամ մեկ նախադասություն այդ մասին չասվեց, անգամ մեկնաբանություն չտրվեց,- ասաց Ղանդիլյանը եւ հավելեց,- Իհարկե չի կարելի մեղադրել կառավարությանը, քանի որ Շիրակ հանրայինի դիտողականությունը ցածր էր, բայց մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել: Յութուբում գործում է, ՖԲ-ում գործում է, շատ քայլեր ենք ձեռնարկում դիտողականության բարձրացման համար: Որեւէ այլ մարզում չկա հանրային հեռուստաընկերություն, դրա համար երեւի պետությունը որոշեց երեք հանրայիններից թողնել երկուսը»:
Լուծարման որոշումը թեեւ կա, բայց աշխատանքը հեռուստաընկերությունում շարունակվում է, մինչ աշխատակազմին այլընտրանք առաջարկվի: «Հիմա մենք ունենք այն, որ հեռուստաընկերությունը լուծարվել է, բայց անկախ դրանից` 2 ամիս դեռ գործելու ենք, փորձելու ենք այլ ելք գտնել»,-եզրափակեց Արթուր Ղանդիլյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:

Տեղեկացնենք, որ Էլոյանն այս պաշտոնին նշանակվել էր անցած տարվա հունիսին, իսկ մինչ այդ նա ապրել եւ աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստան վերադառնալը պայմանավորված էր աշխատանքային առաջարկով:
Ըստ որոշ տեղեկությունների` Էլոյանին իրականում ազատել են աշխատանքից Ամանորին Հայաստանում չլինելու պատճառով: Բանն այն է, որ իշխանությունը ներքին որոշում էր կայացրել ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում, անգամ եղել են պաշտոնյաներ, որոնք իրենց նախապես գնված տոմսերը հետ են վերադարձրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էլոյանը Ամանորին եղել է ԱՄՆ-ում ընտանիքի հետ:
Մյուս կողմից` կառավարության այս որոշումը անակնկալ է եղել ՀՀ ճարտարապետների պալատի անդամների համար: Այն խիստ զայրացրել է նրանց: Օրինակ, պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին այս որոշումը տխրեցրել է. «Ափսոս, ազնիվ մարդ է, չափազանց ազնիվ, կարող տղա է: Կրթված, շատ լավ մասնագետ»: Սակայն պալատի անդամները խիստ մտահոգվել են այն բանից, որ կառավարությունն Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը չի քննարկել պալատի հետ: «Անակնկալ էր, այսօր մենք բոլորս ափսոսում էինք, բայց դե հիմա այդպես է ստացվել: Հայաստանից դուրս է եկել, բայց դուրս է եկել թույլտվությամբ, տեղյակ է պահել, ավելին, նա այդ մասին ստորագրել է համապատասխան փաստաթղթում: Չի գնացել Թալին, որպեսզի արագ հետ վերադառնա: Նա գնացել է ԱՄՆ, որպեսզի իր ընտանիքի հարցերը լուծեր ու հետ գա: Գնացել էր, որ կարգավորեր այդ հարցերը, ընտանիքին պետք է բերեր Հայաստան»,- ափսոսանքով նկատեց Մկրտիչ Մինասյանը:
Ի դեպ, չի բացառվում, որ Ավետիք Էլոյանը նորից հետ վերադառնա ԱՄՆ: Փաստորեն կառավարությունը իր այս անհասկանալի քայլով խոչընդոտեց մեկ ընտանիքի` հայրենիք վերադարձին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս