21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՆԱՎԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դպրոցները ջեռուցման համակարգ չունեն. դասասենյակները ջեռուցվում են հեղուկ վառելիքով: Սա, համաձայնեք, 21-րդ դարում այնքան էլ նորմալ երեւույթ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նավթի վառարաններով ջեռուցվում են Վարդենիսի թվով 4 դպրոցներ: Օրինակ, Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի դասասենյակները ջեռուցվում են ե՛ւ փայտով, ե՛ւ նավթով, ե՛ւ էլեկտրաէներգիայով: «Դասասենյակները ջեռուցվում են դպրոցի միջոցների հաշվին: Հիմա ծրագրում ենք դպրոցի տնտեսած գումարներով ջեռուցման համակարգ անցկացնել: Մեր հաշվարկներով` ջեռուցման համակարգի համար 20 մլն դրամ կպահանջվի: Բացի այդ, մենք պետք է դպրոցի հին դռներն ու պատուհանները փոխենք նորով, որպեսզի այդ ջեռուցումն արադարացվի, մնա, պահպանվի»,- իրավիճակը ներկայացրեց տնօրեն Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքերով` դպրոցի հին դռներն ու պատուհանները նորով փոխարինելու համար կպահանջվի մոտ 15 մլն դրամ գումար: Այս պահին դպրոցի տնօրինությունը տնտեսած ունի մոտ 25 մլն դրամ գումար: Բացի այս, դպրոցի տնօրեն Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որպեսզի ընկերությունը դրամական աջակցություն ցուցաբերի դպրոցի պատուհանները, դռները նորոգելու համար: Տնօրենը հույսերով լի է, որ գարնանը կփոխվեն դպրոցի դռներն ու պատուհանները, իսկ ամռանը կսկսվի ջեռուցման նոր համակարգ անցկացնելու գործընթացը:
Վարդենիսի մյուս` N4 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած դպրոցի դասասենյակները ձմռան ամիսներին տաքացվում են միայն նավթով` օրական 3.7 լիտր: «Մենք մեր ձեռքի տակ ունենք սեւագիր հաշվարկ, ըստ որի` մինչեւ 2 մլն դրամ կկազմի դպրոցը գազաֆիկացնելու համար, իսկ 4 կորպուս վերագործարկելու համար 15 մլն դրամ կծախսվի: Այս ծախսերին դեռ չեմ գումարել բանվորի, նախագծային աշխատանքների համար նախատեսված ծախսերը: Մարզպետը խոստացել է զբաղվել այս հարցով: Անգամ խոստացավ, որ համապատասխան մասնագետների կուղարկի դպրոց, որպեսզի հաշվարկներն անեն: Մենք այս խնդրով դիմել ենք նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որպեսզի ինքն էլ հետեւողական լինի այս հարցի կարգավորմանը»,- տեղեկացրեց դպրոցի տնօրենը:
Նրա խոսքերով` N4 հիմնական դպրոցի պատուհաններն ու դռները լավ վիճակում են, տանիքը` նույնպես: Այս դպրոցի տնօրինության տնտեսած գումարը կազմում է 6 մլն դրամ, բայց այն նախատեսված է դասասենյակների հին սեղաններն ու աթոռները նորով փոխարինելու համար: «Վարդենիսի ցուրտը պատկերացնողները կհասկանան, որ հնարավոր չէ դասասենյակը տաքացնել 3 լիտր 700 գրամ նավթով: Ես հույս ունեմ, որ ջեռուցման նոր համակարգ կունենանք շուտով եւ նավթին տրվող գումարը կվճարենք որպես սպառած գազի վարձ»,- լրացրեց Անահիտ Սահակյանը:
Իսկ ահա Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N2 հիմնական դպրոցի տնօրեն Սոֆյա Խլոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար կծախսվի ջեռուցման համակարգ անցկացնելու համար: «Ես հետաքրքրվել եմ եւ ճշտել, որ մեկ քմ-ի համար կծախսվի 14 000 դրամ»,- ասաց Սոֆյա Խլոյանը: Ինչպես նախորդ դպրոցները, այս մեկն էլ գազաֆիկացված չէ:
Ըստ Սոֆյա Խլոյանի` իրենց տնտեսած գումարը կազմում է 35 մլն դրամ: Բայց նշված գումարը նախատեսված է նաեւ դպրոցի ընթացիկ ծախսերի համար: Իհարկե, խնայված միջոցների մի մասով հնարավոր է դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնել: «Խնայված միջոցներն օգտագործելու համար վերադասի (նկատի ունի մարզպետին-Ս.Հ.) թույլտվությունն է անհրաժեշտ: Դպրոցի կանոնադրության մեջ այդպես ամրագրված է, որ խոշոր գործարքներն իրականացվում են միայն վերադասի թույլտվությամբ: Այս թեմայի շուրջ խոսել ենք մարզպետի հետ, ծրագրեր կան: Ինքը տեղյակ է, եւ հուսով ենք, որ այդ հարցը կլուծվի»,- հույս հայտնեց տնօրեն Խլոյանը:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ. «Մենք էլ գիտեինք, որ նման խնդիր կա այդ դպրոցներում: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ հանդիպում կազմակերպեցինք տարբեր նպատակներով, եւ հենց այդ հանդիպմանը ես առաջարկեցի, որ իրենք մեզ ֆինանսապես օգնեն դպրոցների ջեռուցման հարցում: Հիմա այս գործընթացը գտնվում է հաշվարկների փուլում: Այսինքն` հաշվարկ ենք անում, որպեսզի պարզենք, թե որ դպրոցում ինչ մեթոդով է պետք ջեռուցումն իրականացնել, եւ որքան գումար է դրա համար անհրաժեշտ: Դե, մեզ մոտ հստակ է, թե որքան գումար ունենք խնայված եւ այն ինչի վրա կարող ենք ծախսել, իսկ մնացածը կներկայացնենք մեր գործընկերներին, որպեսզի հասկանանք, թե ինչով կարող են մեզ օգնել»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ի վերջո, երբ դպրոցները կունենան ջեռուցման համակարգ, մարզպետն արձագանքեց` նշելով. «Վարդենիսի դպրոցների կենտրոնացված ջեռուցման համակարգը բավականին լուրջ, թանկարժեք եւ ժամանակատար գործընթաց է: Այսինքն` դա պատուհան չէ, որ արագ փոխենք: Հետո մրցույթ պետք է հայտարարենք, դա էլ իր ընթացակարգերն ունի»:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Դրախտիկ գյուղի դպրոցի հին պատուհաններն ու դռները փոխվում են նորով: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը Դրախտիկի դպրոցի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնել էր նախորդ տարեվերջին, եւ փաստորեն մեր հրապարակումը իր արձագանքը գտել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

25 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ
Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանը մեղադրվում է դանակահարության համար: Ըստ մեղադրանքի` 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքին եղած դանակով հարվածել է նրան հետանցքի շրջանում: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան:
Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Գ. Մաթեւոսյանն ավելի քան 2 տարի` 2016թ. մարտի 20-ից, գտնվում է կալանքի տակ: 2017թ. հուլիսի 11-ի նիստում դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Գ.Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ դատապարտել 23 տարվա ազատազրկման: Գրիգոր Մաթեւոսյանը պնդում է, որ ինքն այդ քրեական գործով անմեղ է, քրեական գործի քննությունը ճիշտ չի կատարվել: Գ. Մաթեւոսյանի շահերը առաջին ատյանի դատարանում պաշտպանում էին փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը:
2017թ. օգոստոսի 2-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ նրան դատապարտել 18 տարվա ազղատազրկման: Սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Ալվարդ Ճաղարյանը, քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը եւ Գրիգոր Մաթեւոսյանի նոր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ բողոքում վերաքննիչ դատարանին խնդրել է Գ.Մաթեւոսյանի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` 25 տարի ժամկետով ազատազրկում, Ներսես Չիլինգարյանը վերաքննիչ դատարանին խնդրել է Գ. Մաթեւոսյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով առավել խիստ պատիժ: Իսկ պաշտպան Լ. Սիմոնյանը վերաքննիչ դատարանին խնդրել է առաջադրված հոդվածներում Գ. Մաթեւոսյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել կամ քրեական գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան այլ կազմով նոր քննության:
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում 2017թ. հոկտեմբերի 15-ից սկսվել է նշված գործով վերաքննիչ բողոքների քննությունը: 2019թ. հունվարի 29-ին վերաքննիչ դատարանում կայացել է այդ գործով հերթական նիստը, դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 25-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս