ԿՌՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆԻՍՏԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի շուրջ խնդիրներ է ստեղծում: Բանն այն է, որ ԲԴԽ-ում չեն ուզում սպասել, որ նրա` թոշակի տարիքը լրանա եւ այդ ժամանակ միայն հեռանա դատական համակարգից: ԲԴԽ-ում ցանկանում են, որ նա ազատման դիմում գրի:

Երեք ամիս անց
Այսպիսով, 2018 թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց: Արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ էին տալիս երեք դատավոր՝ Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշում Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ: Դատավորները մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց: Եվ, ահա, դատավորի հրաժարականից հետո դատական համակարգում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ դատավորների ժողովը կրկին նիստ է հրավիրել, որ մնացած երկու դատավորներից մեկը` կա՛մ Ստեփան Միքայելյանը, կա՛մ Սուրեն Անտոնյանը, ընտրվի ԲԴԽ անդամ, սակայն նիստի ժամանակ կրկին աղմուկ է եղել, եւ դատավորները պահանջել են, որ նոր ընտրություններ անցկացնեն: Նիստը կրկին չեղյալ է հայտարարվել: 2019 թվականի սկզբներին կրկին դատավորները ժողով են հրավիրել, որ ԲԴԽ անդամ ընտրեն, որը կրկին վերածվել է խառնաշփոթի, եւ մինչ օրս դատական համակարգում կռիվը շարունակվում է, եւ ԲԴԽ անդամ չեն կարողանում ընտրել:
Ստիպում են` շուտ դիմում գրի
Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով` դատական համակարգում չեն կարողանում ԲԴԽ անդամ ընտրել, ուստի ԲԴԽ-ն է որոշել գործի անցնել: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն այս օրերին խնդիրներ է ստեղծում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի հանդեպ: ԲԴԽ-ն նրան պարբերաբար նկատողություններ է անում: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Ավանեսյանը 2020 թվականին թոշակի կանցնի, սակայն նրա շուրջ ԲԴԽ-ն պարբերաբար այնպիսի գործողություններ է իրականացնում, որ Ավանեսյանը չսպասի թոշակի տարիքը լրանալուն եւ շուտ ազատման դիմում գրի՝ դուրս գալով համակարգից:
Այսպիսով, եթե Ավանեսյանը շուտ դիմում գրի եւ դուրս գա, ԲԴԽ-ն Ավանեսյանի փոխարեն դատավոր նշանակելու թեկնածու կառաջարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանին: Եթե ԱԺ-ն հավանություն տա, որ նա դառնա Վճռաբեկի դատավոր, դրանից հետո Բեդեւյանին հեշտ ու հանգիստ կդարձնեն ԲԴԽ անդամ:
Դատավորն իր շուրջ խնդիրների մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանի հետ:
-Պարո՛ն Ավանեսյան, մենք տեղեկություններ ունենք, որ ԲԴԽ-ն Ձեր գործունեության մասով անընդհատ խնդիրներ է ստեղծում, որ ազատման դիմում գրեք, դուրս գաք համակարգից:
-Առաջին անգամ եմ լսում, տեղեկություն չունեմ, առաջին անգամ եմ լսում:
-2020 թվականին Ձեր թոշակի գնալու տարիքը լրանում է, սակայն մինչ այդ Ձեզ ուզում են հանել, Դուք չգիտե՞ք այդ մասին:
-Այդ հարցերը ինձ արդեն չի հետաքրքրում:
-Իսկ հնարավո՞ր է, որ շուտ ազատման դիմում գրեք:
-Այդպիսի մտադրություն չունեմ:
-Ձեր գործունեության հետ կապված ԲԴԽ-ն այս ընթացքում խնդիր չի՞ ստեղծել:
-Որ լիներ, այդ մասին Դուք կիմանայիք, նման բան չկա:
Ի դեպ, փորձեցինք տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատել նաեւ դատավոր Հովսեփ Բեդեւյանի հետ, սակայն նա երկրում չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԲԴԽ, որտեղից պարզաբանեցին, թե. «Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրությունը բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի` որպես դատավորների ինքնակառավարման մարմնի լիազորության շրջանակում է»:

 

 

«ԶԻԲԻԼԻՔՍԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՏՈՒԳԱՆՔՈՎ

«Զիբիլիքսի» հայտնի գործով մեղադրյալները պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով: Սակայն մինչ մանր ձկները մտածում են տուգանքը վճարելու մասին, ՀՔԾ-ում այս գործի անջատված մասով քննություն է ընթանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն փորձում է պարզել, թե ովքեր են եղել «Զիբիլիքսի» գլխին կանգնած պաշտոնյաները, որ Երեւանի 2017թ. ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու գործընթացն են կազմակերպել:

Ինչպես հայտնի է, 2017 թվականի մայիսի 14-ի Երեւանի ավագանու հերթական ընտրությունների թոհուբոհում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքի ներկայացուցիչները բացահայտել էին ՀՀԿ կողմից բաժանված ընտրակաշառքի ցուցակները: Ըստ մեղադրանքի` ՀՀԿ-ից առաջադրված է եղել նաեւ կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որը միաժամանակ հանդիսացել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին: Վերջիններս համատեղ կազմակերպել եւ ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես` ընտրողներին մեկ քվեի դիմաց որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ ընտրություններին նրանց մասնակցությունը եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այսպիսով 9 անձ այս արարքի համար հայտնվել էր մեղադրյալի աթոռին: Սակայն նկատենք, որ այս աղմկահարույց քրեական գործը թավշյա հեղափոխությունից առաջ կասեցված էր եւ միայն հեղափոխությունից հետո վերաբացվեց, եւ 9 անձ հայտնվեց մեղադրյալի աթոռին: Տպավորությունն այնպիսին էր, որ վերոնշյալ անձինք պետք է լուրջ պատասխանատվության առաջ կանգնեին, որ մյուսների համար կատարվածը դաս լիներ, սակայն պատկերը այլ է:
Երեկ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վճռով` գործով մեղադրյալ, Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը մեղավոր ճանաչվեց, եւ որպես պատիժ սահմանվեց 2 500 000 ՀՀ դրամ տուգանք: «Զիբիլիքսի» գործով մյուս առանցքային մեղադրյալը Ստեփան Սահակյանն էր` ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը, որին թեեւ դատախազը միջնորդել էր 3 տարվա ազատազրկման դատապարտել, դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել 2 500 000 ՀՀ դրամի տուգանք: Մյուս մեղադրյալները եւս տուգանվեցին: Վճռի հրապարակումից հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ավելացրեց, որ տուգանքի դատապարտված անձինք կարող են ներման խնդրագիր գրել, ինչը նշանակում է` նրանք հնարավորություն ունեն խուսափել տուգանքների վճարումից:
Ասել է թե` մանր ձկները անգամ հեղափոխությունից հետո ջրից չոր դուրս եկան: Ի դեպ, այս գործի անջատված մասով ՀՔԾ-ում քննություն է ընթանում պարզելու համար, թե ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոնք կանգնած են եղել այս մեղադրյալների գլխին: Արդյոք խոշոր ձկները կպատժվեն, թե ոչ` սպասենք քննության ավարտին: Իսկ արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի՞ այս գործը՝ պահանջելով կալանավորել ընտրակաշառք բաժանած ամբաստանյալներին: Ի պատասխան` մեզ հայտնեցին, որ դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո կորոշվի Վերաքննիչ բողոք տանելու հարցը:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու. այն կհրապարակվի փետրվարի 7-ին: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, եւ մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

 

 

ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՑՆԵԼ
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաեւ համայնքին պատճառված վնասի փաստը: «Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով` միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում եւ այդ սխեման պետք է աշխատեցնել»,- նշել է քաղաքապետը: Երեւանում փողոցային առեւտուրը վերացնելու նպատակով իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ ու կանոնակարգված կազմակերպելու հարցում Հայկ Մարությանը կարեւորել է քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների փոխգործակցությունը:

 

 

1000 ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Աշխատանքից ազատման ծանուցում է ստացել շուրջ 450 գիտաշխատող ԵՊՀ-ից, եւս մի քանի հարյուր` այլ բուհերից, մոտավորապես, 1000 գիտաշխատող է ազատվում աշխատանքից. այս մասին ասել է ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակից Վահրամ Մկրտչյանը: «ԵՊՀ-ի այս 450 աշխատակիցների մոտ կեսը միայն գիտաշխատողներ են, մյուսները` նաեւ դասախոսում են: Այսինքն` այսքան մարդ դառնում է գործազուրկ»,- նշել է նա: Վերջինիս խոսքով` գիտխորհուրդը նամակ է ուղղել կառավարությանը` պահանջելով, որ բուհական գիտահետազոտական լաբորատորիաներում եղած բյուջետային ֆինանսավորումը պահպանվի: «Թույլ արձագանք ենք ստացել կառավարությունից. նախատեսում ենք հետեւել կառավարության նիստի օրակարգին: Եթե քննարկման դրվի, երթը չի լինի, կսպասենք որոշմանը, իսկ եթե չդրվի, ապա երթով կգնանք կառավարություն»,-ասել է Վ. Մկրտչյանը:




Լրահոս