«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի` Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված էթիկայի կանոնների խախտում, այն է` «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»:
Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների:
Սակայն ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը չի ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշումը եւ դատական կարգով կվիճարկի այն։ Այդ մասին Սանասարյանը հայտարարեց այսօր՝ կառավարության նիստից հետո. «Մենք հիմնավորում ունենք, որ էդ վարույթը, նախ, պետք է չհարուցվեր, երկրորդը՝ էն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ նաեւ մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն»: Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ Էթիկայի հանձնաժողովը նախկինում չի էլ գործել, ընդամենը մի քանի պաշտոնյայի նկատմամբ է վարույթ հարուցել, հիմա, ըստ նրա, հանձնաժողովը սկսեց աշխատել` Արամ Սիմոնյանի շնորհիվ:
Այս որոշումն իսկապես հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ իր գործունեության մեկնարկից` 2012 թվականից մինչեւ օրս էթիկայի հանձնաժողովի կողմից շատ քիչ դեպքերում է պաշտոնյաների կողմից էթիկայի խախտում արձանագրվել: Ու իսկապես նորություն է, երբ Էթիկայի հանձնաժողովը որոշում է ընդունում բարձրաստիճան պաշտոնյայի դեմ: Ու այնպես չէ, որ նախկինում պաշտոնյաներն էթիկայի կանոնները չէին խախտել. խախտել են, պարզապես էթիկայի հանձնաժողովն այդ ամենը չտեսնելու է տվել: Իսկ Սանասարյանի շուրջ տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ Հայաստանում իսկապես հեղափոխություն է եղել, ու նման կառույցները չեն խորշում բարձրաստիճան պաշտոնյաների սխալները մատնանշելուց:
Իսկ հիմա` փաստերով. 2012 թվականի հունվարից 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ֆիզիակական եւ իրավաբանական անձանցից ստացել է 83 գրություն: Ընդ որում, 2012-2013թթ. ստացվել է 57 գրություն, իսկ 2014-2015թթ.` 26: Էթիկայի կանոնների խախտմանը կամ շահերի բախման իրավիճակներին են վերաբերել շուրջ տասը դիմումներ: Դրանց քննարկման արդյունքում հարուցվել են չորս վարույթներ: 2014 թվականի չորս վարույթներից մեկով է արձանագրվել էթիկայի կանոնների խախտում: 2015 թվականին ստացվել են հինգ դիմումներ, որոնցից մեկի քննարկման արդյունքներով է վարույթ հարուցվել:
Իսկ այժմ մի քանի օրինակ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին հարուցել է վարույթ ՀՀ բնապահպանության նախարար, այժմ քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Այդ վարույթը հարուցվել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի դիմումի հիման վրա։ Դիմումում նշված է, որ բնապահպանության նախարարը կոնֆերանսի ընթացքում, բնապահպան ակտիվիստի դիտարկմանն ի պատասխան, ասել է. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»։ Եվ հաստատվել է, որ Հարությունյանը չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս։
Իսկ մեկ այլ դիմում վարույթ չի ընդունվել, որը վերաբերում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: 2016թ. ապրիլի 24-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցով: Սակայն հանձնաժողովն այն վարույթ չէր ընդունվել, քանի որ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում:
Նույն կենտրոնը էթիկայի հանձնաժողով էր դիմել նաեւ 2013 թվականի հոկտեմբերի 26-ին` ընդդեմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որտեղ շահերի բախում էր տեսել: Սակայն էթիկայի հանձնաժողովը գտել էր, որ քաղաքապետը Երեւան քաղաքի ներքաղաքային տրանսպորտի փոխադրումներ իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների առնչությամբ չի գտնվել շահերի բախման վիճակում: Մեկ անգամ էլ դիմում է մերժվել, որ վերաբերել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, որոշվել է, որ նա չի գտնվել շահերի բախման վիճակում:
2016 թվականին մեկ անգամ էլ վարույթ էր հարուցվել «Մարաթուկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, որը ուղղված էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դեմ: Սակայն գործը վարույթ ընդունելուց հետո որոշում էր կայացվել գործի քննությունը կիսատ թողնել:
Եվ այս անուններից ու տվյալներից պարզ է դառնում, որ նախկինում դիմումները հիմնականում մերժվել են` հաշվի առնելով, թե դրանք ում դեմ են ներկայացված եղել: Եվ փաստացի նոր Հայաստանում առաջին պաշտոնյան, ում դեմ վարույթ էր հարուցվել, եւ հաստատվել, որ էթիկայի կանոններ են խախտվել, Դավիթ Սանասարյանն է:
Նաիրա Հովհաննիսյան