ՀԱՐՑ. Եթե աշխատողը աշխատել է 4 ամիս, ապա հղիության եւ ծննդաբերության նպաստ հաշվարկելիս աշխատած ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը բաժանվում է 4-ի՞, թե՞ 12-ի:
Նարինե Մակիյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:
Ընդ որում` հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված նպաստի` ՀՀ քաղաքացուն հավասար իրավունք ունի օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: