Լարված շաբաթ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին կգումարվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, իսկ դրանից մեկ օր առաջ տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կհաստատվի օրակարգը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստում միայն օրակարգը չէ, որ հաստատվելու է, այլ նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը եւ բարեկամական խմբերի կազմերը:

Այդ կազմերի հաստատումը հաճախ վեճերի առիթ է հանդիսանում, քանի որ ընդդիմության փոքրաթիվ լինելու հանգամանքից ելնելով` նրանք քիչ ներգրավվածություն են ունենում: Ինչեւէ, տեղեկացանք նաեւ, որ արդեն քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված են թե՛ կառավարության, թե՛ պատգամավորների կողմից ներկայացված նախագծեր: Դրանց թվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Գովազդի մասին», «Կրթության մասին» օրենքները եւ այլն:

Հավելենք նաեւ, որ քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաեւ կառավարության ծրագրի կատարողականը, որն արդեն մեկ շաբաթ է` բուռն քննարկումների արժանացավ համապատասխան հանձնաժողովներում: Իսկ քառօրյայում այն ԱԺ ամբիոնից կներկայացնի անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս