ԻՍԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԱՂՔԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի  ներկայացրած վերջնագրին ընդառաջ` Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային  խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են հանրապետության գրեթե բոլոր կարեւոր կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ժամանակ նախագահն, ըստ էության, անդրադարձել է կոնգրեսի պահանջագրում ընդգրկված  սոցիալ-տնտեսական գլխավոր պահանջներին` իր առաջադրած խնդիրներով ու ակնկալիքներով գրեթե ընկնելով պոպուլիզմի գիրկը: Մասնավորապես, կապված սննդամթերքի խայտառակ գնաճի հետ`  Ս. Սարգսյանն ասել է հետեւյալը. «Մեր ժողովուրդն, արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած, պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ»:  Տարբեր ոլորտների ղեկավարներին տված ցուցումների բովանդակությունը ցույց է տալիս, որ  Ս. Սարգսյանն ընտրել է ՀԱԿ ներկայացրած պահանջների կատարման  իմիտացիայի  մարտավարությունը:Պետք է նկատել, որ իր այդ կիսաքայլով նա, ըստ էության, Հայ ազգային կոնգրեսին մանեւրելու հնարավորություն է տալիս: Եվ չի բացառվում, որ մարտի 17-ի հանրահավաքում խոստացված վճռական գործողությունների փոխարեն ՀԱԿ-ը հայտարարի իշխանություններին լրացուցիչ ժամանակ տալու մասին: Նկատենք, որ սա երկուստեք  շահավետ լուծում կլինի. ե՛ւ Կոնգրեսն իր դեմքը կփրկի, ե՛ւ իշխանությունները ժամանակ կշահեն: Ընդ որում, իշխանությունների համար ժամանակ շահելը  չափազանց կարեւոր է, քանի որ նրանց ամեն կերպ պետք է ժողովրդի կենսամակարդակի բարելավման ուղղությամբ արվելիք քայլերը ձգձգել մինչեւ նախընտրական փուլ` դրանց վրա ծախսված  ռեսուրսները  քվեների տեսքով հետ բերելու համար:  Իսկ ի՞նչ կտա այդ հնարավոր «թայմ աութը» Կոնգրեսին: Նախ այն, որ ՀԱԿ-ը կարող է հանգիստ հայտարարել, որ իշխանությունը ստիպված եղավ  բարեփոխումների գնալ  բացառապես իրենց ճնշման արդյունքում, ինչը, մեծ հաշվով, այդպես է: Բացի այդ, սահմանադրական ճանապարհով իշխանափոխության ձգտող ընդդիմության համար եւս առկա է ժամանակ շահելու խնդիրը, քանի որ ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ  վճռական գործողությունների դիմելու դեպքում  «ֆալշ ստարտի» ռիսկը մեծ է: Այնպես որ նշված սցենարի իրականացման դեպքում «ե՛ւ ոչխարներն անվնաս կմնան, ե՛ւ գառները` կուշտ», իսկ ժողովուրդը` աղքատ:




Լրահոս