Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի նորոգումը կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Վրաստան Մ16 միջպետական ավտոճանապարհի 18 կմ հատվածը կառուցապատում է «Վարմաշ» ՍՊ ընկերությունը: Դրանից առաջին 4 կմ-ը Սարիգյուղ-Աճարկուտի խաչմերուկ տարածքում է, 8 կիլոմետրը՝ Կիրանց-Ոսկեպարի խաչմերուկ գոտում, 3-րդ 6 կիլոմետրանոց հատվածը` Ջուջեւան-Նոյեմբերյան տարածքում: Առաջին երկու հատվածների կառուցապատումը նախատեսված էր իրականացնել 2018 թվականի, 3-րդը՝ 2019 թվականի պետական բյուջեով:

Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի կառուցապատումը 2018-ի պետական բյուջեով նախատեսված չէր, սակայն այդ ճանապարհը շատ վատ վիճակում էր, ուստի, կառավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սույն ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2018 թվականին: Անցյալ տարվա սեպտեմբերին կատարվեց Ջուջեւան-Նոյեմբերյան ճանապարհի վերին շերտի նորոգումը, գործի շարունակությունը կարվի առաջիկայում:

«Վարմաշ» ՍՊԸ տնօրեն Կարեն Աֆրոյանն ասաց, որ ճանապարհի առաջին շերտը սարքված է, երկրորդ շերտի շինարարության ուշանալը ճանապարհաշինարարական ընկերության վրա ավելի թանկ կարժենա, սակայն իրենք կարեւորում են կառուցապատվող ճանապարհի որակը, աշխատանքները կվերսկսեն եղանակի տաքանալուց հետո: Նա հայտնեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերահսկողության ներքո իրականացվող այդ ճանապարհի կառուցապատումը կավարտի այս տարվա հունիսի 30-ին: Դրանից հետո 3 տարի «Վարմաշ» ՍՊԸ-ն կկատարի նշված ճանապարհահատվածների երաշխիքային սպասարկումը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս