Գյումրու դպրոցներում հերթով կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում: Հերթական դեպքի մասին հայտարարվեց երեկ` կապված Գյումրու թիվ 27 դպրոցի հետ: Ավելին` ձերբակալվել են դպրոցի տնօրենն ու գործավարուհին: Պատճառը կաշառք տալու միջնորդության կասկածանքն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելու փորձ անելը», եւ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված (պաշտոնեական դրությունն օգտագործելով` կաշառքի միջնորդությունը) հանցավոր արարք կատարելու համար: Ըստ նախնական տեղեկության` գործավարուհին քաղաքացուց գումար է պահանջել նրան աշխատանքի ընդունելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նույն գործի շրջանակներում ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների արագ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռք բերված արդյունքների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը դպրոցի տնօրենի անվան հետ կապված սկանդալի մասին համացանցից է տեղեկացել: Որեւէ մանրամասներ հայտնել վերջինս հրաժարվեց, պարզապես ասաց, որ շոկի մեջ է. «Ես տնօրենի ձերբակալության մասին իմացել եմ լրատվամիջոցներից: Ո՛չ դատախազությունից, ո՛չ քննչական որեւէ տեղեկություն չունեմ: Մոտ 7 տարի էր տիկին Լալազարյանը դպրոցը ղեկավարում: Առաջին անգամ է նրա անվան հետ նման սկանդալ կապվում: Շատ վատ եմ զգում այդ իրողությունից: Հույս ունեմ, որ բազմակողմանի քննություն կիրականացվի, ու ճշմարտությունը կպարզվի: Որեւէ խնդիր` կապված այդ դպրոցի հետ, մինչ այժմ չի եղել»,-ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպրոտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Թիվ 27 դպրոցում սկանդալային իրավիճակ էր Ապրիլյան պատերազմից հետո: Ինչպես հայտնի է, դպրոցում սովորել է Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մելքոնյանը: Նրա անվամբ դպրոցում դասարան էր բացվել, սակայն ամիսներ անց դպրոցի զինղեկ Գարեգին Ջամբազյանը պատերից հեռացրել էր հերոսի նկարներն ու իր նկարներով պատել ռազմական սենյակը: Դրանից հետո թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը պայքարեց զինղեկի դեմ, մինչ հերոսի սենյակը վերականգնվեց: Դեպքերի զարգացումից հետո զինղեկն ազատվեց աշխատանքից:
Դպրոցում էլ այժմ լարված իրավիճակ է: Տնօրենի ձերբակալության մասին լուրերը ծնողական ու ուսուցչական հանրույթը զարմանքով են ընդունել ու պահանջում են դեպքի բազմակողմանի քննություն:
Նշենք, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը որեւէ կուսակցության չի անդամակցել, բայց նախկին իշխանությունների օրոք լավ հարաբերությունների է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Ակտիվ քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, նա աչքի է ընկել ավելի համեստ գործունեությամբ: Կարինե Լալազարյանը դպրոցը ղեկավարում էր 2011 թվականից: Նրա դպրոցն առաջիններից էր, որտեղ ներդրվել է ներառական կրթական համակարգը:
Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենի կողմից չարաշահումների կասկածանքով սա հերթական դեպքն է. ընդամենը օրեր առաջ հարուցված քրեական գործի հիմքով աշխատանքից ազատվել էր Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը: Քրեական գործ էր հարուցվել նաեւ Գյումրու թիվ 37 դպրոցում՝ չարաշահումների հերթական դեպքի փաստերով:
Դպրոցը ղեկավարում էր ՀՀԿ-ի օգտին ընտրություններին մշտապես աշխատած Աստղիկ Ավետիսյանը, որի անունը հայտնի է որպես ընտրակեղծարար. հիշո՞ւմ եք «Իրազեկ քաղաքացիների միավորման»` 2017թ. ԱԺ ընտրություննեից առաջ բացահայտած սկանդալը, երբ տնօրենները խոստովանել էին ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելը: Լարված իրավիճակ է նաեւ Գյումրու թիվ 38 դպրոցում, որտեղ բողոքարկվել էր նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշումը: Կարճված ու վերսկսված քրգործերից մեկն էլ առնչվում է թիվ 30 դպրոցին: Այստեղ խնդիրը վերաբերում է ներառական դասարանների 31 աշակերտի սննդի մատակարարմանը. օրապահիկների չափաբաժինները պակաս են տրվել: Քրեական գործ է հարուցվել նաեւ Արթիկի թիվ 3 դպրոցում:
Հեղինե Մանուկյան
Շիրակ