Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին:
«Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա վերամշակման և իրենից երկրորդային օգտագործման հումք ներկայացնի: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղադրված է աղբի տեսակավորման չորս աղբաման, որոնք այս պահին միայն պլաստիկի և թղթի համար են: Հետագայում տեսակները կշատանան, ինչպես նաև տարածումը կընդլայնվի», – նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Նախագիծն իրականացվում է 2018 թվականից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերով, որոնց շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորելու հետևյալ թափոնները՝ պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:
«Այս կարճ ժամանակահատվածում արդեն մեզ միացել են ավելի քան 130 կրթական, պետական ու մասնավոր կազմակերպություններ և ցանկը գնալով ավելանում է: Կա մեծ պահանջարկ, և մարդիկ ցանկանում են այդ մշակույթը տեսնել իրենց կազմակերպություններում», – նշում է «ԱյԷսԷսԴի» ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը:
«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («ԱյԷսԷսԴի») ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպություն է, որը նորարարական լուծումներ է առաջարկում թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար: Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքից բացի առաջիկայում այդպիսի աղբամաններ կտեղադրվեն համայնքային ենթակայության այլ կառույցներում ևս, ինչպես նաև մայրաքաղաքի հանրային վայրերում: