ՀԱՐՑ. Ամուսնալուծության գործընթացն ի՞նչ ժամկետում է կատարվում, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Հռիփսիմե Գրիգորյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ։Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՈՐԴ». Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ՀՀ-ում 2017 թվականի դրությամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցված 1000 ամուսնությունների հարաբերությամբ արձանագրվել է ամուսնալուծության 259 դեպք` 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված 224-ի համեմատ:Նշենք, որ վերջին 3 տարիների արդյունքների համաձայն` ամուսնալուծությունների թվով Լոռու մարզը զբաղեցնում է սանդղակի առաջին, իսկ Շիրակի մարզը` երկրորդ հորիզոնականը:
Ի դեպ, փորձագետների պնդմամբ` ամուսնալուծությունների պատճառներից է նաեւ այն, որ կանայք սկսել են ավելի շատ գումար վաստակել, քան տղամարդիկ
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: