ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Թադևոսյանը «Գրան պրի»-ով է վերադարձել Սաուդյան Արաբիայի փառատոնից, որը կարելի է համեմատել Օլիմպիական խաղերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռուսաստանաբնակ նկարիչ Աշոտ Թադեւոսյանն է, որը հայտնի է որպես TATEV: Նա օրերս «Գրան պրի»-ով է վերադարձել Սաուդյան Արաբիայում մարտի 9-19-ն անցկացված King Abdulaziz Camel Festival «World Folk Vision» անունը կրող փառատոնից: Պարոն Թադեւոսյանն անդրադարձել է փառատոնում Հայաստանի գրանցած հաջողությանը, ինչպես նաեւ, որպես Նկարիչների միության վարչության անդամ, անդրադարձել է միության ներկայիս գործունեությանը:

-Պարո՛ն Թադեւոսյան, խնդրում եմ, նախ, պատմեք՝ ինչպես որոշեցիք մասնակցել «World Folk Vision» փառատոնին, ինչով է այն առանձնանում, եւ որքանով էր կարեւոր Հայաստանի հաղթանակը:

-Ինձ համար՝ թե՛ որպես ստեղծագործողի, թե՛ որպես հայի, դա անմոռանալի երեւույթ էր: Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում մեր ազգակից մեծ բարերար Լիլիթ Կարապետյանից եւ մշակույթային ծրագրեր կազմակերպող Անետա Մարտիրոսյանից ստացա առաջարկ մասնակցելու էթնոմշակույթներ ներկայացնող հսկայական այդ փառատոնին, որն այս տարի անցկացվում էր Սաուդյան Արաբիայում: Այս միջոցառումն իր մասշտաբներով կարելի էր համեմատել միայն Օլիմպիական խաղերի հետ: Էթնոփառատոնին մասնակցում էր 100-ից ավել երկիր:

Լիլիթ Կարապետյանն առաջարկեց ինձ ներկայանալ իմ նոր` «Նռների 39 դիմանկար» նախագծով: Եվ նա հարցրեց իմ տեսակետն այն մասին, թե հայրենիքից էլ ում կարելի է ընդգրկել փառատոնին մասնակցելու համար: Ես առաջարկեցի, որ «Տերյան» մշակութային կենտրոնը մասնակցի, վերջինս իր հերթին ներկայացրեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթին, «Մեգերյան Կարպետ»-ին: Թիմին միացան նաեւ մոսկվաբնակ խոստումնալից, հրաշալի երիտասարդ դուդուկահար Հարություն Խաչատրյանն ու դհոլահար Մարիա Սիվցովա-Մարտիրոսյանը: Այսպիսով՝ ձեւավորվեց մեր թիմը:

-Ինչպիսի՞ն էին էմոցիաները, երբ հաղթանակը մերն էր:

-Երբ երկրիդ դրոշը ձեռքումդ բարձրանում ես բեմ եւ ստանում ես մրցանակ, հասկանում ես, թե որքան կարեւոր է հայ մշակույթը ներկայացնելը: Ասեմ, որ 100 երկրից եզրափակիչ փուլ անցավ 16-ը, եւ այն, որ մենք այդ ցանկում էինք, արդեն իսկ մեծ ցուցանիշ էր: Եզրափակիչ փուլում մենք ներկայացրինք մի արտպրոեկտ, որի շրջանակում հնչում էր «Արցախ» ստեղծագործությունը՝ դուդուկի, դհոլի երաժշտության ներքո, ցուցադրվում էր սլայդշոու՝ իմ «Նռների 39 դիմանկար»-ը, ինչպես նաեւ 9 րոպեի ընթացքում ես մեծ կտավի վրա պատկերում էի մեր հայրենիքը: Հետո այդ նկարը նվիրեցինք փառատոնի նախագահին:

-Պարո՛ն Թադեւոսյան, քանի որ Դուք նաեւ Հայաստանի Նկարիչների միության վարչության անդամ եք, հետաքրքիր է, ի՞նչ կարծիքի եք, թավշա հեղափոխությունը միություն մուտք գործե՞լ է: Նախկինում նկարիչները շատ էին դժգոհում այն բանի համար, որ միության տարածքներն էին վաճառվել, որ ցուցահանդեսները կազմակերպվում էին միայն միության նախագահի եւ նրա յուրայինների նկարները ցուցադրելու համար եւ այլն…

-Կարող եմ ասել, որ միությունում իսկապես տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Իհարկե, դեռ առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց մենք վստահ ենք, որ ամեն գործընթաց այժմ ազնիվ կերպով է անցկացվում: Բոլոր հարցերը քննարկում ենք կոլեկտիվով: Հիմա աուդիտ է ընթանում, զբաղվում ենք սեփականության վերադարձով, որոշ դեպքերում պայմանագրեր են չեղյալ համարվում, այնպես որ, իրավիճակն առավել քան հուսադրող է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս