Կինը սեքսուալ է, երբ անկեղծ է, երբ դատարկ չէ. Անի Լուպե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի առթիվ զուտ կանացի թեմաներով զրուցել է Երեւանի պետական կամերային թատրոնից «Ազիզյաններ» սիթքոմից հայտնի դերասանուհի Անի Լուպեի հետ:

-Անի՛, կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար:

-Իհարկե, դժվար է, բայց նաեւ հաճելի: Կինը կարող է մայր դառնալ, իսկ դրանից ավելի հաճելի, հրաշալի բան չկա աշխարհում:

-Ո՞րն է եղել ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք սիրելի տղամարդուց:

-Քանի որ ծաղիկներ շատ եմ սիրում, հատկապես՝ դաշտային ծաղիկներ, օրինակ՝ երիցուկների հրաշք փնջից լավ նվեր ինձ համար չի կարող լինել:

-Կինը սեքսուալ է, երբ…

-Անկեղծ է, երբ դատարկ չէ:

-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը:

-Այնքան շատ են, բայց ես գերադասում եմ առողջ լինել, մնացածին ինքս կհասնեմ, ցանկություններս ինքս կիրականացնեմ:

-Հայաստանում կանայք քաղաքականության ոլորտում ի՞նչ հեռանկարներ ունեն` ըստ Ձեզ:

-Շատ մեծ եւ հուսադրող: Առհասարակ, կանանց ուղեղն ավելի ճկուն է, կանայք ավելի հեռատես են, կողմնորոշվող, քան տղամարդիկ:

-Բեմի կին լինելու հետաքրքրությունը ո՞րն է:

-Դա այնքանով է հետաքրքիր, որ մարմնավորում ես տարբեր կանանց, ծանոթանում ես նրանց բնավորություններին եւ ճանաչում կանանց տեսակները: Ամեն կնոջ դեր խաղալն էլ օգնում է:

-Եթե ընտրեք, ապա օծանելի՞ք, թե՞ զարդեր:

-Օծանելիք:

-Սովորաբար նախապատվությունը տալիս եք բանականությա՞նը, թե՞ ինտուիցիային:

-Թե՛ մեկին, թե՛ մյուսին, բայց ինտուիցիային ավելի մեծ տեղ եմ տալիս: Երբ անտեսում եմ ինտուիցիաս, հետո անպայման զղջում եմ:

-Եվ վերջում ավանդական հարցը՝ ի՞նչ են ուզում կանայք:

-Ամեն կին մի բան է ուզում, բայց նրանք բոլորն էլ ուշադրության կարիք ունեն: Պարզապես ուշադրությունը, հարգանքը չեն պահանջում. դրանք սիրո հետ ինքնաբերաբար տրվում են կնոջը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս