Մարտի 25-ից 28-ը հերթական այցով Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:
Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2018թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն և 2019թ. ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:
Մարտի 26-ից 28-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում և Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ՌՈւՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խոհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքի վերաբերյալ բրիֆինգներ:
Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմական որոշումների կայացման գործընթացը. հրամանատարի ու շտաբի դերը» և «Սպայական ու արհեստավարժ սերժանտական կազմերի փոխհարաբերությունները» թեմաներով բանախոսություններ:
Հայաստան կատարած այցի շրջանակում ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը ճանաչողական այցով եղել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կրթօջախի, մասնավորապես՝ ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեության հիմնական ուղղությունները: ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբն այցելել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Այցի արդյունքներն ամփոփվել են մարտի 28-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Զրուցակիցները քննարկել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշել հետագա փոխգործակցության ուղիները: