ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին, ավելի ճիշտ՝ այդ ծրագրի անվան տակ տեղի ունեցող խաբեությանը:

Հիշեցնենք, տեւական ժամանակ այդ ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը գովազդում էր, թե բնակարանը քաղաքացին կարող է ձեռք բերել ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի: Մհեր Դերձյանի հաշվարկով` դեռ 2018 թվականի դեկտեմբերին ծրագրում արդեն ընդգրկված էր 50 հազար մարդ:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկ ամիս առաջ գնաց սրա հետքերով՝ պարզելու` ինչ ծրագիր է սա, ովքեր են կանգնած դրա հետեւում, կա արդյոք գոնե մեկ տուն, որի կառուցման աշխատանքները սկսել են, եւ այսպես շարունակ: Բացահայտված փաստերը վեր էին բոլոր սպասելիքներից. լուրջ կասկածներ կան, որ տեղի է ունենում ամենասովորական խաբեություն: «Ժողովուրդ» օրաթերթը գնացել էր Էջմիածին քաղաքում գործող «Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակ, զրուցել այս ծրագրի` Արմավիրի մարզի պատասխանատու Վան Հայրապետյանի հետ: Այն ժամանակ մեր հարցին, թե ծրագիրը կոնկրետ ում կողմից է ֆինանսավորվում, պարոն Հայրապետյանը պատասխանել էր` արտասահմանից, Ռուսաստանի Դաշնությունից բարերարների հաշվին: Վան Հայրապետյանը անուններ չէր նշել` պատճառաբանելով, որ մարդիկ կան, որոնք չեն ուզում` իրենց անունները հրապարակային լինեն, եւ ցանկանում են պարզապես օգնել մարդկանց:

«Ժողովուրդ» օրաթերթը խնդրել էր ցույց տալ փաստաթղթեր, որ հասկանանք, թե կան արդյոք մարդիկ, որոնց տարածքները գնելու համար պայմանագրեր են ստորագրվել, սակայն մեր գնալու օրը Հայրապետյանը նշել էր, թե մտնելու են իրավական դաշտ, եւ խոստացել փաստաթղթեր ներկայացնել մի քանի օր հետո:

Մեկ ամիս առաջ` մեր այդ հրապարակումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, վիրավորական արտահայտություններ հնչեցրել մեր լրագրողի հասցեին, հետո ասել, որ առարկություններ ունի` մեր հրապարակման հետ կապված: Վերջինիս հրավիրել էինք խմբագրություն` խոստանալով գալ եւ ներկայացնել իր առարկությունները, սակայն այդպես էլ տեր չկանգնեց իր խոստմանը:

Նշենք նաեւ, որ մեր հրապարակումից հետո Մհեր Դերձյանի էջում հրապարակվեցին մի շարք ուղիղ եթերներ, որոնց միջոցով վերջինս ցույց էր տալիս այն տարածքները, որտեղ պետք է տներ կառուցվեն: Սակայն ընդամենը մի քանի օր առաջ Մհեր Դերձյանի ֆեյսբուքյան էջը փակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին էլ տեղեկություններ հասան այն մասին, որ վերջինս լքել է Հայաստանի Հանրապետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նորից որոշեց զբաղվել այս հարցով: Գնացինք Էջմիածնում գտնվող «Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակ, որտեղ մեզ ասացին, որ Մհեր Դերձյանի էջը ջնջվել է, որովհետեւ այդ ծրագրով զբաղվող լրագրողները դա վերցրել են իրենց հսկողության տակ, եւ նաեւ կա մի էջ, որը գողացել են իրենցից: Վան Հայրապետյանը կտրականապես հրաժարվեց մեզ որեւէ փաստաթուղթ ցույց տալ եւ նաեւ հրաժարվեց փոխանցել այն կոնտակտները, որոնցով կարող ենք կապ հաստատել Դերձյանի հետ:

Հայրապետյանը մեզ հորդորեց դիմել «Երեւակ» լրատվական վերլուծական ակումբ եւ նշեց` ծրագրի լրատվական գործունեությունը համակարգում է այդ ակումբը, եւ այտեղից կարող են մեր հարցերին պատասխանել: «Երեւակ»-ից մեզ ասացին, որ լրատվականը ռազմավարություն է մշակել եւ որոշել այս փուլում չշփվել լրատվամիջոցների հետ եւ տեղեկություններ չտրամադրել փաստաթղթերի եւ շինարարական աշխատանքների մասին:

«Բնականաբար, ամեն ինչ գործում է օրենքով, պայմանագրերը կան, բայց մեր ընկերության ռազմավարության մեջ չի մտնում, որ մենք հրապարային ինչ-որ գործունեություն իրականացնենք: Մենք արդեն ինտեսիվ աշխատում ենք, ինտենսիվ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում. երբ դրա արդյունքերը հստակ կլինի, մենք ինքներս կհրավիրենք մամուլի ասուլիս եւ կտեղեկացնենք ամեն ինչ»,-ասացին մեզ «Երեւակ»-ից:

Հարցրինք՝ ֆինանսավորողների անունները էլի չե՞ն հրապարակի, նշեցին` ոչ: «Մենք գաղտնի չենք պահում ոչինչ: Պարզապես հիմա մամուլի հետ աշխատանքը շատ հստակ կորդինացվում է, եւ առաջիկայում մամուլի բաժինը կսկսի իր աշխատանքները՝ իր բոլոր գործիքներով եւ լրատվամիջոցների հետ աշխատանքով: Շինարարական աշխատանքները սկսել են, չենք կարող ասել, թե որտեղ: Երբ մենք հարկ համարենք տեղեկություններ հրապարակել այդ մասին, այդպես էլ կանենք»,-ասացին «Երեւակ»-ից:

Խնդրեցինք փոխանցել Մհեր Դերձյանի հեռախոսահամարը, «Երեւակ»-ից մեզ ասացին, որ այժմ Դերձյանը հանրապետությունում է, բայց նպատակահարմար չի գտնում հարցազրույցներ տալ:

Մեզ հավաստիացրին, որ մոտավորապես 1-2 ամիս հետո ամեն բան հրապարակային կդառնա:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից մեզ տեղեկացրին, որ «Մի կտուր տակ» կազմակերպության ապօրինի գործունեության հետ կապված ոստիկանությունում որեւէ բողոք, գանգատ, հաղորդում չի ներկայացվել: Եւ սա ավելի քան սպասելի է, քանի որ ծրագրի ղեկավարը, վստահ լինելով, որ 2000 դրամի համար մարդիկ ոստիկանություն չեն դիմի, նման խաբեություն է մտածել:

Լուսինե Մինասյան




Լրահոս