ՀԱՐՑ. Ես համատեղությամբ աշխատող եմ: Ուզում եմ հստակ տեղեկանալ, թե համատեղությամբ աշխատողներն ինչ կարգով են օգտվում սոցիալական փաթեթից, ինչպես է հաշվարկվում նրանց սոցիալական փաթեթի սահմանաչափը:
Սիրան Պետրոսյան (42 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում:
Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար:
Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը գումարվում է հիմնական աշխատաժամանակին: Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին համապատասխան:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվին մնացած (կուտակված) գումարի ուղղությունները մնում են նույնը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: