«Իմ քայլ»-ի արկածները խորհրդարանում. ինչ զգուշացում էին ստացել պատգամավորներն առավոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանի նիստում հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, եւ 11։00-ին նախատեսված արտահերթ նիստը տապալվեց քվորում չլինելու պատճառով։ Այդ ժամի դրությամբ նիստին գրանցվել էր 44 պատգամավոր, եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե նիստ գումարելու երկրորդ փորձը կանեն 4 ժամից։ Օակարգում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը, որն այս օրերին տարընթերցումների տեղիք էր տվել։

Նշենք, որ այդ պահի դրությամբ, բացի ԱԺ ղեկավար կազմից, «Իմ քայլը» խմբակցությունից դահլիճում էին պատգամավորներ Էդգար Առաքելյանը, Ռուբեն Ռուբինյանը, Թագուհի Թովմասյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գեւորգ Պապոյանը, Հայկ Սարգսյանը։ Սակայն հետաքրքիր էր, քանի որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ԱԺ շենքում էին, նույնիսկ` նիստերի դահլիճի հարեւանությամբ, սակայն այդպես էլ դահլիճ չմտան ու չգրանցվեցին։

Մասնավորապես, դրսում կանգնած էին Հովհաննես Իգիթյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Սարուխանյանը, Արմեն Խաչատրյանը, Արամ Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Կորյուն Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք։ Իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ մեկնաբանել էր, թե Արցախ մեկնող խումբը դուրս է գալիս շենքից, եւ դա է պատճառը, որ դահլիճում չեն։ Սակայն, թերեւս, նրանց զգուշացված է եղել, որ դահլիճ չմտնեն, իսկ նրանք, որոնք գրանցվել են, թերեւս չէին հասցրել զգուշացվել։

Սակայն նիստը տապալելուց հետո բարձրացված աղմուկը ստիպեց, որ ԱԺ ղեկավարությունն անձամբ քայլեր ձեռնարկի եւ բացակայող պատգամավորներին հրավիրի նիստի։ Մինչ այդ, սակայն, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հրավիրել էր իր մոտ` խորհրդակցության: Իսկ դրանից հետո Արցախ մեկնող պատգամավորները հետ կանչվեցին Արցախի ճանապարհից՝ Հրազդանի հատվածից, որպեսզի նիստ գումարվի, եւ քվեարկություն կատարվի։ Եվ այն պատգամավորները, որոնց զգուշացված է եղել չմտնել դահլիճ, արդեն հակառակ հրահանգն են ստացել։

Իհարկե, նիստին ներկա չլինելը բոլոր կողմերից մեկնաբանվում էր Արցախ մեկնելու հանգամանքով, սակայն ԱԺ պատգամավորի պարտականությունն է մասնակցել նիստերին, նրանք ԱԺ-ում են եղել եւ, հետեւաբար, խախտել են ԱԺ կանոնակարգ-օրենքի դրույթները։ Հաջորդ հարցն այն է, որ կառավարությունն արտահերթ նիստ գումարելու առաջարկ էր արել դեռեւս մարտի 21-ին, պատգամավորներն էլ նշում են, թե Արցախ մեկնելու հարցը վաղուց էր որոշված, հետեւաբար կարող էին իրենց մեկնելն այնպես կազմակերպել, որպեսզի մեկը մյուսին չխանգարեր։

Եվ հետաքրքիր է, որ ԱԺ կայքում եւս որեւէ տեղեկություն չկար պատգամավորների՝ Արցախ մեկնելու մասին, իսկ դա էլ պատգամավորների կողմից մեկնաբանվում է այնպես, որ իրենք գնում են կուսակցության, այլ ոչ թե Ազգային ժողովի անունից։ Սակայն հետաքրքիրն այն է, որ Արցախ մեկնողների թվում են եղել Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի բոլոր անդամները, այլ հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, որոնց մեջ նաեւ անկուսակցականներ կան, եւ այն մեկնաբանությունը, թե կուսակցության այցն է Արցախ, եւս արդարացված չէ։

Ամեն դեպքում, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը եւս հորդորեց այդ հարցով դիմել խմբակցությանը, քանի որ իրենք չեն կազմակերպել եւ չեն զբաղվել այցով, իսկ խմբակցությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե այդ հարցերով իրավասու է միայն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականը, որը եւս տեղում չէր։

Սակայն, իրականում, խոսքը 37 պատգամավորի մասին է, որոնք եղել են Պաշտպանության հանձնաժողովի անդամները, այլ հանձնաժողովներից նախագահներ եւ փոխնախագահներ։ Արդեն 14։00-ին հնարավոր եղավ քվորում ապահովել, եւ նախագծերի փաթեթն ընդունվեց՝ 83 կողմ ձայնով։ Խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին է, որտեղ 17-րդ հոդվածի 4-րդ կետը տարընթերցումների տեղիք է տվել։

Մասնավորապես, հոդվածում նշվում է․ «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»։

Ի սկզբանե հոդվածը ներկայացվել էր առանց «նոր» բառի, սակայն Էդմոն Մարուքյանը կարողացել է հասնել նրան, որ այդ դրույթը պահպանվի։ Իսկ սա ի սկզբանե արվում էր նրա համար, որ Սահմանադրական դատավորի թեկնածու կարողանա առաջադրվի փաստաբան Վահե Գրիգորյանը, որը նախորդ գումարման խորհրդարանում մեկ անգամ առաջադրվել էր, սակայն քվեարկությունը տապալվել էր։ Եվ իշխող ուժը նպատակ ուներ տապալել այժմյան թեկնածու Գոռ Հովհաննիսյանի քվեարկությունը, որպեսզի հետագայում կրկին առաջադրվի հենց Վահե Գրիգորյանը։

Սակայն նոր եզրույթը մնաց, եւ այժմ իշխող ուժի անդամներն այլ կերպ են մեկնաբանում այդ նախադասությունը։ Օրինակ` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում նշել էր․ ««Որպես օրենքի հեղինակի ներկայացուցիչ՝ ես հստակեցնում եմ՝ նորը վերաբերում է ոչ թե անձին, այլ գործընթացին, այսինքն` նույն սուբյեկտը կարող է ներկայացնել նույն անձին. սա է այն բովանդակությունը, որը պարունակում է «նոր թեկնածու» եզրույթը»։

Իսկ, օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի փոքր այլ կերպ մեկնաբանեց նոր եզրույթը՝ նշելով, թե դա կարող է վերաբերել միայն 7-րդ գումարման խորհրդարանին։

«Նոր թեկնածու եզրույթը հասկանում ենք հետեւյալ կտրվածքով. ընտրվելու դեպքում նա դառնում է ՍԴ անդամ, չընտրվելու դեպքում կարող է ներկայացվել 7-րդ գումարման խորհրդարանում դեռեւս չներկայացված թեկնածություն, որպիսին կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում՝ 6-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված եւ ԱԺ-ի վստահությունը չստացած թեկնածու»։

Այսինքն` նրա ձեւակերպմամբ` Վահե Գրիգորյանը համապատասխանում է, քանի որ 7-րդ գումարման խորհրդարանում առաջադրված չի եղել։ Իսկ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այս երկու տեսակետներին հակառակ կարծիք արտահայտեց: «Նույն մարմինը կարող է եւ պետք է առաջադրի նոր թեկնածու, այլ ոչ թե միեւնույն անձին անընդհատ առաջադրի՝ անարգելով այն պետական մարմինը, ում առջեւ այդ թեկնածությունը ներկայացվում է», – նշեց նա։

Ինչեւէ, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, սակայն մեկ բան ակնհայտ է․ ապրիլի 16-ին գումարվող նիստում «Իմ քայլը» խմբակցության մեծ մասը հակված է տապալել Գոռ Հովհաննիսյանի քվեարկությունը, որպեսզի հետագայում կարողանան առաջադրել իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս