ՇՈՒՏՈՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանում տեղի ունեցավ «Հարկային համակարգ, արդարություն եւ տնտեսական զարգացում» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ Հայաստանից եւ արտերկրից։ Քննարկման հիմնական թեման Հարկային օրենսգիրքն էր, եւ արտերկրից հյուրերը քննարկման ժամանակ ներկայացրեցին նաեւ իրենց փորձը։

Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը։ Համաժողովի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել դեսպանին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխություն անելու մասին հայտարարությանը եւ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակին։
Դեսպանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել այլ երկրների համար, սակայն դրա համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է մի քանի քայլեր անի։ Ընդ որում, նա հայտնեց, որ առաջիկայում գերմանացի գործարարներ կգան Հայաստան՝ այդ հարցով քննարկումներ անցկացնելու համար։
-Պարո՛ն դեսպան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում տնտեսական հեղափոխության մասին։ Ի՞նչ եք մտածում` ինչպես է դա հնարավոր։
-Իհարկե, տնտեսությունն ամենակարեւորն է ցանկացած պետության համար։ Ի վերջո, երկիրը կարող է զարգանալ, երբ այնտեղ կան շատ աշխատատեղեր, երբ այնտեղ կան շատ հնարավորություններ կառավարության ծրագրի իրականացման համար։ Ես կարծում եմ, որ պետք է գտնել, թե որն է կարեւոր այդ երկրի համար, եւ զարգացնել այն։ Օրինակ, այդ ոլորտները կարող են լինել IT սեկտորը, տուրիզմը այդ երկրի համար։ Եվ այդ դեպքերում հնարավոր կլինի հաջողության հասնել։
-Սակայն ո՞րն է, ըստ Ձեզ, խանգարում Հայաստանին ստեղծել լավ եւ գրավիչ տնտեսություն այլ երկրների համար։
-Ես կարծում եմ, որ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է նպաստեն դրան։ Իհարկե, շատ կարեւոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում։ Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, եւ, իհարկե, այդ ամենը երկարատեւ գործընթաց է, եւ պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները։ Այսօր (երեկ-խմբ.) մենք քննարկում ենք Հարկային օրենսգիրքը, եւ, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար։ Ես կարծում եմ՝ ամենակարեւորն անվտանգությունն է։ Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու։ Այս ամենը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունը աշխատի։
-Եվ, օրինակ, այդ ամենը հաշվի առնելով` Գերմանիայում կա՞ն գործարարներ, որոնք ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում կամ ներդրումներ անել։
-Այո՛, կան եւ, օրինակ, շուտով` երկու շաբաթ հետո, մենք ունենալու ենք գործարարներից կազմված խմբի այց Հայաստան Գերմանիայից։ Դա մարտին կլինի։ Եվ մենք տեսնում ենք, որ հետաքրքրության աճ կա այդ առումով։ Հայաստանը շուկա է եւ հաճախ նաեւ հետաքրքիր վայր ներդրումների համար։ Մենք պետք է տեսնենք՝ ինչպես կարող ենք այդ ամենը զարգացնել։ Պարզապես գերմանական ընկերություններն ավանդական ու պահպանողական են եւ նրանք փակ են աշխարհի այլ շուկաների համար։ Սակայն կարծում եմ՝ կարելի է հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվել նրանց այցից հետո։
-Իսկ թավշյա հեղափոխությունից հետո այժմ ինչպիսի՞ հարաբերություններ են Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ։
-Ես կարծում եմ՝ դրանք միշտ լավ են եղել։ Դուք տեսաք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա, նրա հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի, Գերմանիայի նախագահի հետ։ Շատ շուտով՝ մարտին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կայցելի Գերմանիա։ Եվ այս աճող այցելությունները, իհարկե, լավ նշան են եւ ապացույց են, որ հարաբերությունները լավ են։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԱԳՆ-Ն ՕԳՏՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների` ՀՀ ԱԳՆ-ն առնվազն իր վերջին երկու մեծ միջոցառումները կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում. ռեստորան, որը համարվում է Երեւանում ամենաթանկերից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ նախարարություն` մասնավորապես գրելով. «ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը խոսել էր այն խնդրի մասին, որ ԶԼՄ 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Նրանք, օգտագործելով հիմնականում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները, փորձում են մոլորեցնել ժողովրդին` սուտ ու կեղծիք տարածելով տարբեր ԶԼՄ-ներով: Տարօրինակ կերպով ՀՀ պետական կառույցներն էլ նպաստում են, որ կոռուպցիոն սխեմաներով հարստացած նախկին պաշտոնյաները, մասնավորապես, 2018թ. օտարերկրյա միջամտություն հրահրած առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանի բիզներսները բարգավաճեն, ընդ որում` մեր` հարկատուներիս հաշվին: ՀՀ ԱԳՆ-ն առնվազն իր վերջին երկու մեծ միջոցառումները կազմակերպել է հենց Կ. Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Խնդրում ենք հայտնել` ինչպես եւ ով է կայացնում նման որոշումներ ՀՀ ԱԳՆ-ում»:
Մեր հարցմանը պատասխանել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հայտնելով, որ մեր կողմից նշված ԱԳՆ միջոցառումների անցկացման վայրի ընտրության համար կատարվել է համապատասխան գնահարցում:
«Կայացված որոշումը պայմանավորված է ինչպես առաջարկված գնային պայմաններով, այնպես էլ ԱԳՆ կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մատուցվելիք ծառայությունների, ինչպիսիք են, ի թիվս այլոց, մատուցվող ծառայության որակը, բազմամարդ միջոցառումներ ընդունելու հնարավորությունը, ներկայացուցչական որոշակի մակարդակի ապահովումը»,- մասնավորապես գրված է պատասխանում:
Ուսումնասիրելով նշված ռեստորանի մատուցած ծառայությունների գները` այն համեմատեցինք այլ ռեստորանների գների հետ, պարզեցինք` Ֆլորենսում ամեն ինչ շատ ավելի թանկ է: Ասել է թե` ԱԳՆ-ն ավելորդ ճոխություն է թույլ տալիս` աջակցելով նախկին իշխանությունների բիզնեսին. մի իշխանության, որը մերժվեց համաժողովրդական շարժման արդյունքում: Թեեւ նախարար Մնացականյանի դեպքում սա միանգամայն նորմալ է, քանի որ ինքն էլ նախկին իշխանության մաս է կազմել եւ շատ երկար ժամանակ:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՉԹՈՂԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, ավտոմեքենայով Ազգային ժողովի շենքի բակ կարող են մուտք գործել միայն ԱԺ նախագահը, նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, ՀՀ վարչապետը եւ կառավարության մի քանի գերատեսչություններ։ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նախկինում նկատել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը շարժողական սահմանափակ հնարավորություններ ունի, թույլ են տալիս ավտոմեքենայով մուտք գործել խորհրդարան։ Երեկ, սակայն, նրան թույլ չէին տվել: Ու, ընդհանրապես, վերջերս խորհրդարանի նոր ղեկավարությունն արգելել է ԱԺ բակում մեքենաներ կայանելը, ընդ որում` խոսքը վերաբերում է նաեւ խմբակցությունների ղեկավարների մեքենաներին. վարորդները նրանց իջեցնում են ԱԺ բակում ու հեռանում տարածքից:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ
Երեկ պատգամավորներին նիստերի դահլիճում անակնկալ էր սպասվում։ Նախկին համակարգիչների փոխարեն բոլոր պատգամավորների առջեւ արդեն հայկական արտադրության համակարգիչներ էին՝ Armtab-եր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ համակարգիչները ձեռք բերելու համար վճարվել է մոտ 17 մլն դրամ։ Մինչ այդ պատգամավորներն օգտվում էին Acer նոութբուքերից։ Հավելենք նաեւ, որ, ի տարբերություն խորհրդարանի, կառավարությունը վաղուց էր անցել հայկական համակարգիչների օգտագործման՝ դեռեւս 2018 թվականի հուլիսի 4-ից` Փաշինյանի վարչապետության օրոք։ Մինչ այդ էլ կառավարության անդամները Apple էին օգտագործում։

 

 

ԱՆՈՐՍԱԼԻ ԲՈՒԼԿԻՆ
Հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով հետախուզում էր հայտարարվել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի նկատմամբ: Շուտով կլրանա նրան մեղադրանք առաջադրելու եւ հետախուզում հայտարարելու մեկ ամիսը, սակայն նախաքննական մարմինը դեռեւս փնտրում ու փնտրում է Արամ Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահների մոտ անգամ կասկած չկա, թե նա որտեղ կարող է լինել: Լուրեր կան, որ Արամ Հարությունյանը գտնվում է Ֆրանսիայում: Թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ մեղադրյալին չեն հայտնաբերում:

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռեւս նորություն չունի իր ավտոմեքենայի գործից։ Ինչպես հայտնի է, նրա կայանված ավտոմեքենան վնասել էին, սակայն առանց այն կողոպտելու: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե ոստիկանությունում դեռեւս քննություն է ընթանում, եւ նա անձամբ կասկածներ չունի, եւ հայտարարեց, թե ունենալու դեպքում կհայտներ ոստիկանությանը։




Լրահոս