ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐԸ` «ՀԻՄԱ»-ԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ նոր կառավարության այն անդամներից է, որը նախարարի պաշտոնը ստանձնեց ոչ թե թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այլ ամիսներ անց՝ հոկտեմբերին՝ ՀՀ-ում տեղի ունեցած երկրորդ «հոկտեմբերյան հեղափոխությունից» հետո։

Խոսքը այն զարգացումների մասին է, որոնք հաջորդեցին «խայտառակ», «հակահեղափոխական», «արտահերթ խորհրդարանական ընտրությունները կասեցնելուն միտված» որակումները ստացած օրինագծի քվեարկությանը։ Այն հեղինակել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Երբ այս նախագծի շուրջ բորբոքված կրքերի հետեւանքով ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հետ կանչեցին իրենց նախարարներին, թափուր մնացած նախարարական պորտֆելները ստանձնելու բախտին արժանացան այլ անձինք, որոնցից մեկն էլ Հակոբ Արշակյանն էր։ Նա մինչ այդ, հիշեցնենք, ԲՀԿ-ն ներկայացնող ՏԿՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի տեղակալն էր։ Արշակյանը հանրությանը միանգամից հայտնի դարձավ իր «ճակատագրական» լեզվական սայթաքմամբ՝ «փետրվարի 31» արտահայտությամբ։ Այն հնչեց ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Քաղաքացիները, հիշեցնենք, պահանջում էին լուծում տալ իրենց հարցին եւ թույլ տալ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը: Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը, հիշեցնենք, նախ արգելվել էր մինչեւ 2018թ. հոկտեմբերի 1-ը, սակայն ավելի ուշ օրինագիծ էր ընդունվել, որով վերոնշյալ որոշումն անժամկետ էր դարձել, ինչի մասին քաղաքացիները անտեղյակ էին։ Հակոբ Արշակյանը խիստ հատու ձայնով հայտարարեց, որ ԱԺ-ն համպատասխան օրենքն ընդունել է փետրվարի 31-ին, իսկ դրանից 10 օր առաջ էլ այն հրապարակվել է ԱԺ կայքում։ «Փետրվարի 31» արտահայտությունը օրեր շարունակ սոցիալական մեդիայում տարատեսակ անեկդոտների նյութ էր դարձել, որակվում էր որպես նախարարի ինտելեկտուալ կարողության վկայական, շատերն էլ հեգում էին, թե ՀՀ-ում իսկապես իրավիճակ է փոխվել՝ փետրվարը մի քանի օրով երկարել է։ Ժողովրդական խոսքը նման դեպքերը բնորոշում է այսպես. «Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»։
Ո՞վ էր Արշակյանը մինչեւ հեղափոխությունը
Մեր շարքի հերոսը ծնվել է Երեւանում, 33 տարեկան է։ Հայրը ինժեներ է, մայրը՝ մանկավարժ։ Ընտանիքում երեք եղբայր են, ինքն էլ երեք գեղեցկուհի դուստրերի հայր է։ Ավարտել է Պոլիտեխնիկի «Հաշվողական տեխնիկա» բաժինը: Մինչ այդ ընդունվել է մեկ այլ բաժին, սակայն որոշել է բանակ գնալ եւ միայն զորացրվելուց հետո ընդունվել է իր սրտի ուզած բաժինը։ Նրա կինը՝ Իզաբելլա Թադեւոսյանը եւս ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, այժմ էլ մի քանի ամսական երրորդ դստեր խնամքով է զբաղված։ Վերջինս նաեւ manuk.am-ի /մանկական ապրանքների օնլայն գնումների հարթակ/ հիմնադիրն է։ Վերադառնալով Արշակյանին` նշենք, որ նա մինչ թավշյա հեղափոխական լինելը անցել է քաղակտիվիստի փշոտ, ինչու չէ, նաեւ փոշոտ ճանապարհով. 2008-2012-ին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամներից, այնուհետ` նույնանուն ՀԿ-ի նախագահ: ՀԿ-ն, ըստ պետռեգիստրի տեղեկանքի, դադարեցրել է իր գործունեությունը։ Արշակյանի ընդդիմադիր կեցվածքը դրսեւորվել է նաեւ 2014թ.-ին. նա «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ է եղել, եւ, ինչպես շատ քաղակտիվիստներ, անցել է ոստիկանների կողմից քաշքշվելու եւ ոստիկանական բաժանմունքներում հայտնվելու փորձության միջով։ Այնուհետ՝ 2015-ին, Արշակյանն ու մի խումբ «ռոմանտիկներ», այդ թվում եւ` Նիկոլ Փաշինյանը, հիմնադրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ի դեպ, Փաշինյանի հետ Արշակյանի ծանոթությունը եղել է ՔՊ-ի ստեղծումից շատ առաջ՝ դեռեւս 2007-ին՝ Փաշինյանի քաղաքացիական պայքարի մեկնարկին։ Քանի որ հեղափոխական կառավարության անդամներից ոմանք «մեղադրվում» են բանակում չծառայելու համար, նշենք, որ Արշակյանը ծառայածների թվում է: Նա ծառայել է Արտաշատում, հետո՝ Վանաձորում։ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում էլ ՔՊ-ի կամավորական ջոկատի շարքերում մեկնել է առաջնագիծ, որտեղից արված խմբակային ժպտադեմ սելֆիներով ժամանակին ողողել էին համացանցը։ Դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններին Արշակյանը առաջադրվել էր պատգամավորի թեկնածու Դավիթաշեն, Արաբկիր, Աջափնյակ /2-րդ/ ընտրատարածքում եւ հավաքած ձայների քանակով նախարարների ցանկում չորրոդ էր. վաստակել էր 6849 քվե։
Մասնագիտությամբ ճարտարագետ Հակոբ Արշակյանը մինչեւ կառավարություն ոտք դնելը աշխատել է մասնավոր սեկտորում՝ 2012-2017թթ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ն, արաբական երկրները եւ Աֆրիկան): 2018-ի հունվարից մինչեւ մայիս ժամանակահատվածում էլ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրենն էր: ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի, գրանցվել է 2017-ի նոյեմբերի 14-ին /գրանցման հասցեն Արշակյանի հաշվառման հասցեն է՝ Դավիթաշեն/։ Արշակյանի նշանակումից հետո այս ՍՊԸ-ի հետ կապված սոցիալական մեդիայում եւ որոշ կայքերում լուրեր տարածվեցին, թե այն առնչություն ունի Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերից մեկի՝ «Ինժեներական քաղաք»-ի հետ, մասնավորապես, թե իբր Արշակյանի ՍՊԸ-ն եղել է միլիոնավոր դոլարներ արժեցող այս ծրագրի շահառուն։ Նախարարությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, թե «տարիներ շարունակ քննարկվող այս ծրագիրը որպես նախարարի անձնական բիզես շահ ներկայացնելու փորձերն առնվազն անհեռատեսության ու անտեղյակության նշան են», ««Արաքսիս Ինժեներինգը» «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որեւէ կապ չունի եւ այս տարվա մայիսի 22-ից դադարեցրել է գործունեությունը»։ Պետռեգիստրում, սակայն, այս ընկերությանը վերաբերող տեղեկանքում այս պահին որեւէ նշում չկա դրա դադարեցման կամ լուծարման մասին։ Նկատենք, որ վերոհիշյալ ծրագրի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը մշակվել է հենց Տրանսպորտի նախարարության կողմից դեռ մինչեւ ապրիլյան հեղափոխությունը: Ի դեպ, նախարարության կայքում մենք գտանք տեղեկանք, ըստ որի՝ «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվող կազմակերպություններից մեկն էլ Արշակյանի հիմնած խորհրդավոր ՍՊԸ-ն է, որին աջակցություն է տրամադրվել 2017-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2022-ի դեկտեմբերի 1-ը։

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ` Շիրակի մարզ այցի ժամանակ, բավական խիստ էր: Դեռ նախորդ այցի ժամանակ նախարարը հրահանգել էր վերացնել գազալցակայաններից մեկում առկա թերությունները, սակայն գործը չէր կատարվել, ինչն էլ զայրացրել էր Պապիկյանին: Վերջինս բոլորի ներկայությամբ նկատողություն է կատարել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին։ Վերջինս պաշտոնը ստանձնել էր Կարեն Սարուխանյանի` Շիրակի մարզը ղեկավարման ժամանակահատվածում: «2,5 ամիս առաջ հանձնարարություն եմ տվել ու ոչ մի տեղաշարժ։ Նախորդ տարեվերջին եղա Գյումրու գազալցակայաններից մեկում, ինչ տեսա այդ օրը, նույնը պահպանված էր այսօր։ Ստացվում է` տնտեսվարողները հաշվի չեն առնում մարզային իշխանությունների կատարած նկատառումները։ Խնդրում եմ այդ հարցով զբաղվել»,- ավելացրեց Սուրեն Պապիկյանը։
Շիրակի զարգացման հիմնական հեռանկարը նախարարը տեսնում է զբոսաշրջության զարգացման մեջ։ Իսկ դրա համար առաջին եւ կարեւորագույն քայլն, ըստ Սուրեն Պապիկյանի, մայրուղու հատվածում տնտեսվողների կողմից սպասարկման օբյեկտների ստեղծումն էր։ Նախարարը հատկապես առանձնացնում է սանհանգույցների առկայությունը, ինչը զբոսաշրջիկներին գրավելու համար կարեւոր հանգամանք է: «Սանհանգույցի բացակայությունը մեր ամոթներից մեկն է։ Դա խայտառակություն է։ Ուրիշ բառերով չեմ կարող նկարագրել։ Ես այլ բառերով նկարագրել այդ ամենը չեմ կարող»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ Պապիկյանը Շիրակի մարզ էր այցելել ներկայացնելու նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Նախարարը հաջողություն է մաղթել մարզպետին ու հորդորել առավել հետեւողական լինել մարզի խնդիրների լուծման ուղղությամբ: «Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ` մեր թիմը շատ ճիշտ ընտրություն է կատարել։ Տիգրան Պետրոսյանը իր հասարակական եւ քաղաքական գործունեությամբ ապացուցեց, որ ՀՀ լավ քաղաքացի է, լավ հայորդի է, լավ շիրակցի է։ Իր նվիրումով, վստահ եմ, որ մեծ առաջընթաց է գրանցելու»,- ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Առաջիկա օպտիմալացումներն ու կրճատումներն էլ անխուսափելի են։ Հատուկ հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու, թե տարածաշրջանում որ ոլորտն է առավել ուռճացված: Թե Շիրակի մարզում որ վարչությունները կմիավորվեն, ինչպիսի կրճատումներ կլինեն, կամ ինչ լիազորություններ կտրվեն մարզպետին, նախարարը չմանրամասնեց, պարզապես հավելեց, որ օրենքի նախագիծն արդեն գործադիրի սեղանին է։ Իսկ Տիգրան Պետրոսյանը մարզում առանձնացնում է երկու կարեւորագույն խնդիր՝ անօթեւանությունն ու աղքատությունը։ Հենց դրանով է պայմանավորված մարզի ծայրահեղ ծանր վիճակը։ Նորանշանակ մարզպետը խնդիրները լսելուց աշխատելու է տարբեր համայքներում ռեսուրսները բացահայտել ու այդ ռեսուրսներով այդ խնդիրները լուծել։

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԵՐԿԱԹԳԾԻ ՓԱԿՈՒՄԸ` ԽՆԴԻՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդիում. պղնձաձուլական գործարանի աշխատողները փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք պահանջում են չդադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն առ այսօր վարչապետը չի արձագանքել ալավերդցիների` 5500 ստորագրություններով նամակին: Պղնձաձուլարանի աշխատողներից Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց` իրենք այդ պատճառով էլ երեկ փակել են երկաթգիծը: Նկատենք, որ այս ամենի հետեւանքով հնարավոր չի լինի իրականացնել բեռնափոխադրումներ: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ բողոքի ակցիային ներկա էր նաեւ Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը: «Մենք անգամ վրաններ ենք բերել մեզ հետ, մնալու ենք մինչեւ սպառիչ պատասխան ստանալը: Այս հարցին, ի վերջո, պե՞տք է լուծում տրվի, թե՞ ոչ: Չէ՞ որ քաղաքն այսօր կանգնած է սոցիալական աղետի առաջ: Մարդիկ եկամտի աղբյուր չունեն, գումար չունեն, որ մի կտոր հաց վաստակեն»,- հուսահատված նկատեց պղնձաձուլարանի աշխատակիցը:
Մյուս կողմից` նկատենք, որ գործարանի աշխատողների բողոքի այս ակցիան կարող է խնդիրներ առաջացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համար: Ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Երեւան-Թբիլիսի գնացքը ժամանել է երեկ` վաղ առավոտյան: Բայց եթե այսօր գործարանի աշխատողները շարունակեն իրենց բողոքի ակցիան, ապա Երեւան-Թբիլիսի գնացքի համար, որը պետք է մեկնի Թբիլիսի, խնդիրներ կառաջացնեն: Այս պահին դեռ բեռնատար գնացքի հետ կապված խնդիրներ չկան, սակայն երկաթգիծը ալավերդցիների կողմից փակված մնալու դեպքում խնդիր կլինի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս