3 մլրդ դրամ վերականգնվել է․ ուշագրավ թվեր դատախազության հաշվետվությունից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության մասին հաշվետվությունը բավականին ծավալուն է ստացվել՝ 134 էջ, այնինչ 2017թ. հաղորդումը 119 էջ էր, 2016թ. հաղորդումը՝ 68 էջ: Այս տարի ներկայացված փաստաթղթում առանձնահատուկ տեղ է գրավում կոռուպցիայի դեմ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ., նախորդ տարվա համեմատ, մոտ 3 անգամ ավելի են եղել կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2,7 անգամ՝ հարուցված քրեական գործերը, եւ 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը։

Ընդ որում` արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունը կատարվել է նախորդ տարիներին, բայց բացահայտվել 2018թ.` թավշյա հեղափոխությունից հետո: Այսինքն՝ աճել է ոչ թե կոռուպցիան, այլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Ըստ դատախազության` 2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հետապնդման է ենթարկվել 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնյաներ։

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ 2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի միայն նախապատրաստված եւ ավարտված 100 նյութերով եւ քննված եւ ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4 մլրդ 629 մլն դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը (361 մլն 445 հազար դրամ)։ 2018 թվականին պատճառված վնասից վերականգնվել է 3 մլրդ 932 մլն 873 հազար դրամը, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 15 անգամ։ Համաձայնեք, բավականին խոսուն թվեր են: ՈՒ մնում է՝ իշխանությունները պահպանեն «բարձր տեմպերը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս