ՀԻՄԱ ԷԼ ԵՄ ԱՍՈՒՄ՝ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՋՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին քաղաքացիների մոտ համատարած դժգոհություն է, որ սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարները բավական մեծ են եղել: Չնայած «Գազպրոմ Արմենիան» եւ ՀԷՑ-ը սա պայմանավորում են ամանորյա տոնական օրերին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի մեծ քանակով, եղանակային պայմաններով, բայց մարդիկ, այնուամենայնիվ, կասկածներ ունեն, որ ինչ-որ մի բան այն չէ` եղել են հավելագրումներ։ Միաժամանակ, նկատենք, որ գազի սակագինը, օրինակ, սահմանին թանկացել է, սակայն հասարակ սպառողի համար չի թանկացել։

Նշենք, որ գազի սակագնի վերաբերյալ բավական շատ քննարկումներ եղան. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին, բազմիցս նշել է, թե ինքը համոզված է, որ մենք ռեզերվներ ունենք այդպիսի սակագին սահմանելու առանց ընդհանուր բալանսը խախտելու։ Նրա կարծիքով` պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա: Ի հակադրություն սրա` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Մարգարյանը, խոսելով գազի սակագնի իջեցման մասին, նշել է, որ այդ դեպքում ֆինանսները չեն բավարարի համակարգը շահագործելու համար, եւ եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հետ։
-Պարո՛ն Մելքումյան, Դուք բազմիցս խոսել եք գազի սակագնի նվազեցման հնարավորությունների մասին։ Արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են։ Գործընթացները ի՞նչ փուլում են։ Ինչ-որ հանձնաժողով կա՞ ստեղծված։
-Հանձնաժողովը քննիչ հանձնաժողով էր, որը քննարկվեց Ազգային ժողովի 6-րդ գումարման ավարտման հետ միասին։ Եվ, իհարկե, Դուք տեսաք, որոշակի բան հասցրինք անել մեկ ամսվա ընթացքում, բայց ավարտվեց, եւ շատ բաներ կիսատ մնացին։ Բայց մի քանի հարցադրումներ մենք կարողացանք հստակեցնել։ Առաջինը այն է, որ վերջնական սպառողի համար, այո՛, ես հիմա էլ եմ ասում՝ սակագինը կարող է իջնել։ Նույնիսկ եթե սահմանի վրա 165-ը դառնա 185, միեւնույնն է, կարող է իջնել, որովհետեւ մարժան սահմանից մինչեւ վերջնական սպառող բավականին բարձր է։ Եվ էդտեղ դեռեւս մնացել է կորուստների խնդիրը, որ մայրուղու վրա չորսուկես տոկոս է, ընդհանուր՝ 6,69 անհասկանալի կորուստներ։ Դրանք կապված են շահութաբերության մակարդակի հետ, որ 10 տոկոս են, եւ դա շատ բարձր է, եւ կապված են ծախսերի հետ, որոնք պետք է վերանայվեն։ Այսինքն՝ այս առումով ռեզերվներ կան։ Ինչ վերաբերում է հարցի կարդինալ լուծմանը, ապա ասեմ, որ հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի շրջանակներում։ Ես սա ասում եմ նաեւ որպես հանձնաժողովի նախագահ։ Այսինքն՝ եթե դու մեկ ընդհանուր շուկա ես, գինն էլ պիտի լինի նույնը՝ գումարած տրանսակցիոն ծախսեր, հարկեր, բայց պետք է դա համադրելի լինի։ Էսպիսի բան. սահմանից մինչեւ վերջնական սպառող, եւ հիմնավորել, ասել, որ գազի սպառման ծավալը շատ փոքր է, եւ դրանով ասենք, որ հարցը լուծվում է, ես համաձայն չեմ։
-ԵԱՏՄ-ում կա՞ն հնարավորություններ, որոնք Հայաստանը չի օգտագործում։ Եւ եթե այո, ապա ինչո՞ւ չի օգտագործում։
-Այո, կան բազմաթիվ հնարավորություններ՝ կապված մաքսատուրքերի խնդրի հետ, կապված միասնական շուկայի հետ, կապված լոգիստիկ խնդիրների լուծման հետ։ Բայց ամեն ինչ միանգամից չի կարող լուծվել։ Մենք պետք է մի կողմից` կամք ցուցաբերենք, մյուս կողմից` մեր գործընկերների հետ շատ ակտիվ աշխատենք՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ։
-Ձեր հանձնաժողովի համագործակցությունը այս մասով ինչպե՞ս եք պատկերացնում։
-Ռուսաստանի կոմիտեի հետ մենք արդեն երկկողմ ձեւաչափի մասին համաձայնության ենք եկել։ Հաջորդը կլինի Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Իրան, մինչեւ Չինաստան։ Այսինքն՝ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք։
-Ղարաբաղյան հարցի չլուծվելը որքանո՞վ է ազդում եւ կարո՞ղ է ազդել կատարվող ներդրումների վրա։
-Տեսե՛ք, ցանկացած պետություն, ժողովուրդ ունի ազգային, պետական շահեր։ Արցախի հարցը մեր ամենաառավելագույն, լրջագույն ազգային, պետական շահն է։ Հանուն Ղարաբաղի կարելի է ամեն ինչ անել։ Բայց այդ խնդիրը նոր չի չէ՞ առաջացել։ Մենք գիտեինք արդեն։ Այսինքն՝ պետք էր երկար տարիներ այդ խնդիրը ունենալով` փորձեինք նաեւ այս ուղղություններով՝ տնտեսական սոցիալական գործուն միջոցառումներ ձեռնարկել։ Կարծում եմ՝ այդ խնդիրը ունենալով` մենք պետք է գնանք առաջ՝ առավելագույն աշխատելով եւ լուծումներ ունենալով։ Այնպես չի, որ դա մեզ խանգարում է։

 

 

 

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՎՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո «Ժառանգություն» կուսակցությունը, ըստ էության, մեծ հետաքրքրություն ուներ քաղաքական դաշտում։ Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձր էին գնահատում իրենց շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում եւ նաեւ պարբերաբար հայտարարում էին, որ «Ժառանգությունը» պատրաստվում է մասնակցել նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Սակայն ԸՕ փոփոխությունների նախագծի տապալումից հետո կուսակցությունը փոխեց իր որոշումը եւ, ըստ էության, չեզոք դիրք բռնեց։

Նշենք, որ այդ օրերին կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ թերեւս ամենաշատն էր նկատելի էյֆորիան։ Վերջինս բազմիցս ասում էր, որ հեղափոխությունը տեղի է ունեցել նաեւ 2013 թվականի բողոքի ալիքի, հացադուլների արդյունքում։ Իհարկե, պետք չէ բացառել, որ պարոն Հովհաննիսյանի եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աղոթքները այս առումով տեղ են հասել եւ նպաստել հեղափոխության կայացմանը։ Վերջերս էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության առանցքային դեմքերից Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է Կանադա՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգության» գործունեության մասին զրուցեց կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանի հետ։
-Տիկի՛ն Մուրադյան, ինչո՞վ է հիմա զբաղված «Ժառանգությունը»։
-Մենք պատրաստվում ենք մեր հերթական համագումարին։ Համագումարից հետո մեր ծրագրերի մասին բոլորին տեղյալ կպահենք։ Համագումարում քննարկվելու է մեր նոր փոփոխություններով ծրագիրը, կանոնադրության մեջ պիտի մի քանի փոփոխություն լինի։
-Ինչո՞ւ է կուսակցությունը պասիվացել։
-Դե նորմալ է։ Մենք ուզում էինք ԸՕ փոփոխություններ լինեին, չստացվեց, այդ պատճառով էլ չմասնակցեցինք, չնայած որ մենք հեղափոխությունից առաջ էլ ենք եղել, ընթացքում էլ ենք եղել։ Այս պահին իրոք պասիվություն կա, որովհետեւ անելիքներն ենք համակարգում։
-Հետեւո՞ւմ եք ԱԺ նիստերին, կառավարության գործունեությանը։ Ի՞նչ եք նկատել։
-Որոշ չափով հետեւում ենք։ Աժ-ում երկու ուժ իրենց ընդդիմադիր են հռչակել։ Ամեն դեպքում, իմ անձնական կարծիքով՝ արտախորհրդարանում ավելի ընդդիմադիրներ կան, քան հիմա Ազգային ժողովում։ Կապրենք, կտեսնենք։
-«Ժառանգությունը» ընդդիմությո՞ւն է։
-Համագումարից հետո կտեսնենք: Այդ ժամանակ կդիրքավորվենք, թե մենք ով ենք։
-Դեռ չե՞ք որոշել փաստորեն։
-Մենք մեր քննարկումներում կորոշենք, թե այսուհետեւ որտեղ կլինենք։
-Տիկի՛ն Մուրադյան, որտե՞ղ է պարոն Հովհաննիսյանը։ Հեռացե՞լ է ակտիվ քաղաքականությունից։
-Պարոն Հովհաննիսյանը շատ ակտիվ է. հենց նոր մեզ հետ քննարկման էր։ Ինչո՞ւ պիտի հեռանա։ Նա էներգիայով լեցուն է, լեցուն է ծրագրերով, լիքը առաջարկներ ունի։ Ակտիվներից մեկն է։
-Րաֆֆի Հովհաննիսյանը դաշտում չի երեւում, Արմեն Մարտիրոսյանն էլ լքել է Հայաստանի Հանրապետությունը ընդմիշտ։
-Պարոն Մարտիրոսյանը ժամանակավորապես ՀՀ-ում չէ, բայց դա արդյոք նշանակո՞ւմ է, որ պարոն Հովաննիսյանն էլ պիտի պասիվ լինի։ Պարոն Մարտիրոսյանը մեզ զորակցում է, քննարկումներին հեռվից չի մասնակցում։
-Իսկապես ժամանակավո՞ր է գնացել։
-Մեր տվալներով՝ նա ժամանակավոր է բացակայում:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

«ԻՄ ՔԱՅԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ»
Ինչպես հայտնի է, կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները որոշ ժամանակ առաջ սկիզբ են դրել առողջ ապրելակերպին՝ ուժերը չափելով ֆուտբոլի դաշտում։ Նախորդ կիրակի ֆուտբոլային խաղին մասնակցել են, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լորեցյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, դարպասապահ է եղել վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հանդիպումը ավարտվել է 2-8 հաշվով՝ կառավարության թիմի հաղթանակով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին ֆուտբոլային խաղից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որ միջոցառման կազմակերպիչն է, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե կարելի է նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպել: Վարչապետն էլ հակադարձել է. «Ուրեմն ոչ թե պարբերաբար, այլ ամեն կիրակի»։ Փաստորեն «Իմ քայլ»-ի պատգամավորները Մխիթար Հայրապետյանի համառ բնավորության պատճառով «կրակն են ընկել» եւ հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը եւս լավ ֆուտբոլ է խաղում, նա ակտիվ էր հատկապես խմբագիր աշխատած տարիներին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանին: Վերջինս ասաց, որ պայմանավորվածության մասին հստակ տեղեկություն չունի, բայց լսել է նման բան։ Մխիթար Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

 

 

ՈՉ ՀԱՅԵՐԻ
Ինչպես հայտնի է, նախորդ տարի ՌԴ-ում հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն` Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարողանալու պայմանագրային հիմունքներով աշխատանք իրականացնել: Օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռեւս 2017 թ. հունիսի 1-ից, սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր էր եղել այն մեկ տարով հետաձգել: Եվ օրեր առաջ, երբ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը, հայկական կողմը հանդիպումների ժամանակ սկսել է ակտիվ բարձրացնել այդ հարցը ու լուծումներ պահանջել: Եվ այստեղ հատկապես հետաքրքիր է ռուսական կողմի դիրքորոշումը: Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ հնարավոր լուծումները կապված չեն լինելու հենց հայերի հետ եւ չեն փոփոխվելու միայն մեզ համար: Նրա խոսքով` խնդիրը գտնվում է ԵԱՏՄ տիրույթում եւ փոփոխվելու է հենց այդ անդամ երկրների համար, սակայն վերջինս դժվարացավ ժամկետներ նշել:




Լրահոս