«ՀԱՄԱԿՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Սոնե Սիլվերն է: Մենք նրան բացահայտել ենք նոր, հետաքրքիր ռակուրսից: Երգչուհին պատմել է իր նախասիրությունների, առավելությունների, թերությունների, կանացի գաղտնիքների մասին: Սոնեն անդրադարձել է նաեւ կարիերային, դրա հետ կապված դժվարին փուլերին: Նա խոստովանել է, որ սկզբնական շրջանում իր համար դժվար է եղել հունի մեջ ընկնելը, սակայն դրա հետ մեկտեղ երբեւէ չի մտածել ոլորտը լքելու մասին:

-Սոնե՛, Երեւանում սիրելի գողտրիկ վայր ունե՞ք:
-Իհարկե, Կասկադը: Բավական հաճախ եմ այնտեղ լինում:
-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է փարատում Ձեր հոգին, մխիթարում, բուժիչ հատկություն ունենում Ձեզ համար:
-Մայրիկիս հետ զրույցներն այդ առումով ունիկալ են: Նա ե՛ւ մայր է, ե՛ւ ընկեր, ե՛ւ… ամեն ինչ:
-Ձեր գնահատմամբ՝ ե՞րբ է եղել Ձեր կարիերայի պիկը:
-Դեռ չի եղել, բայց լինելու է:
-Իսկ կարիերայի ամենադժվարին փուլը ինչի՞ հետ էր կապված:
-Սկզբնական քայլերն էին դժվար, պատասխանատու: Որոշակի անորոշություն կար: Համագործակցությունների ընտրությունը, ճիշտ ներկայանալը իսկապես դժվար էր:
-Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք անվերադարձ հեռանալ այս ոլորտից:
-Երբեք չի եղել եւ չի էլ լինի: Ես ինձ համարում եմ բավականին ուժեղ մարդ:
-Կա՞ կենդանի, որին արտաքնապես նմանեցնում եք Ձեզ:
-Ես՝ ոչ, բայց ընկերներս շատ են ասում, որ նման եմ ընձառյուծի:
-Ո՞րն է լավ ժամանակ անցկացնելու ամենաօպտիմալ տարբերակը Ձեզ համար:
-Հարազատ մթնոլորտում մտերիմների հետ հանդիպումը, ամենակարեւորը, աշխույժ, ակտիվ ժամանց լինի:
-Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի կողմը:
-Ծայրահեղ մարդ եմ: Բայց, առհասարակ, ինձ հետ դժվար չէ շփվելը:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ առավելությունը:
-Բարի եմ, եթե անգամ գիտեմ, որ տուժելու եմ դրանից, միեւնույն է, դա վերեւում աննկատ չի մնա:
-Ամենաշատը ո՞ր հարցում եք ծուլանում:
-Զգեստապահարանս հավաքելիս: Ես երազում եմ, որ ներսում փոքրիկ մարդուկներ լինեն, որոնք իմ հետեւից կհավաքեն եւ կծալեն շորերս (ծիծաղում է):
-Ձեզ չեք ների, եթե…
-Չհասնեմ նպատակներիս:
-Մարդկային ո՞ր հատկությունն է զարմացնում Ձեզ:
-Հիմարությունը, անմտությունը: Երբեմն իրոք զարմանում եմ՝ այդ մարդիկ ոնց են այդ ուղեղով ապրում:
-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ համառ, բռնկուն, կպչուն:
-Կպչունը շատ հեռու է ինձնից: Անգամ շատ մտերիմ մարդկանց գրելու, զանգելու սովորություն չունեմ: Նրանք գիտեն այդ մասին, բայց նրանք, ովքեր լավ չեն ճանաչում ինձ, նեղանում են:
-Ձեր օրը չեք պատկերացնում, առանց…
-Առավոտյան սուրճի:
-Ձեզ իշխող բնավորությամբ մարդ համարո՞ւմ եք:
-Ես իմ տեսակով լիդեր եմ: Ընդհանրապես, կինը կարող է այնպես իշխել, որ ոչ ոք դա չնկատի: Կինն է աշխարհի շարժիչ ուժը:
-Ինչպիսի՞ն են քաղաքականության հետ Ձեր հարաբերությունները:
-Մի պահ շատ հետաքրքրված էի, բայց գալիս է մի պահ, երբ նախընտրելի է կողքից նայելը: Նախընտրում եմ նեյտրալ դիրքում լինել:
-Ո՞վ է Ձեր համակրելի քաղաքական գործիչը:
-Որպես քաղաքացի՝ համակրում եմ մեր նախագահ Արմեն Սարգսյանին:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Ազնիվ, անկեղծ, կամեցող տեսակը:
-Ներողամի՞տ եք, թե՞ հիշաչար:
-Գիտե՞ք, ես ներում եմ բոլորին եւ շատ արագ եմ մոռանում այն ամենը, ինչ ինձ ժամանակին ցավ է պատճառել: Գուցե դա նաեւ էգոիզմի դրսեւորում է, քանի որ չեմ ուզում ներսս թունավորել եւ փորձում եմ դրական լիցքերով ապրել: Հաճախ ինձ ուրիշներն են հիշեցնում ինչ-ինչ բաների մասին, որոնք ինձ ցավ են պատճառել:
-Ո՞րն է Ձեր հոգու գույնը:
-Սպիտակը, դա ասոցացնում եմ պարզության եւ մաքրության հետ: Թող անհամեստ չհնչի, բայց շատերն են ինձ այդպիսին համարում:
-Կինը գեղեցիկ է, երբ…
-Սիրված է ու խնամված: Մեկը ներքին, մյուսը արտաքին որակ է:
-Եվ վերջում՝ իմ ավանդական հարցը. հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Ծուլության մասին հարցը, քանի որ պատասխանը մեզ զվարճացրեց…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՎԱՆԸ, ՄՈԳԱԿԱՆ 11 ԹԻՎՆ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է: Նա խոսեց իր կյանքից մի անհավատալի երեւույթի եւ մի անհավատալի դեպքի մասին:

Վանը նշեց զարմանալի մի հանգամանք, որն իր կյանքում արդեն օրինաչափություն է դարձել: Խոսքը 11 թվի մոգական ազդեցության մասին է. «Այդ թեմայով արդեն նույնիսկ երգ եւ տեսահոլովակ ունեմ: 11 տարեկանից հետո այդ թիվը սկսել է ինձ հետապնդել: Հիշում եմ՝ դա սկսվեց այն բանից հետո, երբ ես խնդրեցի, որ ֆուտբոլային շապիկիս ետնամասում 11 թիվը գրվի, քանի որ այդ համարի ներքո ոչ ոք չէր խաղում: Հիմա կհարցնեք՝ ինչպես է, որ այդ թվից պրծում չունես: Ասեմ, օրինակ՝ եղել է, որ մեկնել ենք հյուրախաղերի, եւ ինձ հյուրընկալել են հենց 11-րդ համարի սենյակում: Ես դա առավոտը նոր նկատել եմ: Հաճախ է ստացվել այնպես, որ երգերիս երկարությունը կազմել է 5 րոպե 6 վայրկյան. այս թվերի գումարը 11 է: Վերջերս, օրինակ, ինձ հրավիրեցին ֆոտոսեսիայի մի հյուրանոցում, ասացին. «Արի 11-րդ հարկ, 11-րդ սենյակ»: Ասացի. «Ծաղրու՞մ եք»: Բայց պարզվեց, որ իրենք իմ կյանքում այդ թվի նշանակության մասին անգամ չէին լսել»,-պատմեց Վանը:
Բացի այդ՝ երգիչը հիշեց մի դրվագ իր բեմական կյանքից, որը ե՛ւ անհավատալի է, ե՛ւ զվարճալի ու տպավորիչ: Պարզվում է՝ հաճախ է պատահում այնպես, որ Վանը ելույթների ժամանակ մոռանում կամ շփոթում է իր իսկ երգերի բառերը. «Մի անգամ, եթե չեմ սխալվում, 2017-ին, երկրպագուներս, զգալով վտանգը, շատ մեծ պաստառի վրա գրել էին երգիս խոսքերն ու բարձր պահել: Իսկապես շատ ծիծաղելի էր, բայց ասեմ, որ ահագին օգնեց»,-ծիծաղելով պատմեց Վանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Թուրքիայում Բալկանյան խաղերի ավարտից հետո Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին. այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հեռացատկում շատ լավ արդյունք է գրանցել Արտակ Համբարձումյանը. նա 7մ 25 սմ ցուցանիշով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը եւ դարձել բրոնզե մեդալակիր: Մեր աթլետները Երեւան կվերադառնան փետրվարի 22-ին:

 

 

«ՄԱՆՉԵՍՏԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ» 1/4 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդը» կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել «Չելսիի» դարպասը: Գոլերով աչքի ընկան Էրերան եւ Պոգբան: Այսպիսով, մանչեստրյան ակումբը նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր:

 

ԴԻՄԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆ
Պորտուգալիայի եւ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել է ՖԻՖԱ 19 խաղի շապիկից: Այսուհետ խաղի վրա պատկերված կլինեն Դե Բրույնեն, Նեյմարը եւ Պաուլո Դիբալան: Ամենայն հավանականությամբ, EA Sports-ը այսպիսի որոշման է հանգել` ելնելով Ռոնալդուի դեմ հնչող բռնաբարության մեղադրանքներից:
Լուրեր կան նաեւ, որ Ռոնալդուն դատի կտա EA-ին պայմանագիրը խզելու եւ իր անունը անհիմն ապականելու համար:

 

 

ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, հաջորդ մրցաշրջանից սկսած, մեծ փոփոխությունների կենթարկվի. հաստատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Սուպերգավաթին կմասնակցեն 4 ակումբ: ԻՖՖ-ի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ Սուպերգավաթի անցկացումը կդառնա փոքրիկ մրցաշարի նման՝ երկու կիսաեզրափակիչ հանդիպումներով, իսկ եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Իսպանիայի սահմաններից դուրս: Սուպերգավաթը կխաղարկեն Լա լիգայի առաջին 2 հորիզոնականները զբաղեցրած թիմերը եւ Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակիցները:




Լրահոս