ՀԱՐՑ. Ես ունեմ սոցփաթեթից օգտվելու հնարավորություն: Ինչպե՞ս կարող եմ փոխել սոցփաթեթի հաշիվը:
Սյուզաննա Մարդոյան (31 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարդոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:
Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք` պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում` համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: