«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակ է ստացել` գործարարից բիզնես խլելու մասին: «Վերջին շրջանում հաճախ են բացահայտվում նախկին պաշտոնյաների կողմից բիզնեսների նկատմամբ, տանիք լինելու, բիզնեսը խլելու դեպքերը: Ընդ որում բացահայտումները կապված են իրավիճակի փոփոխությամբ, որի շրջանակներում բիզնեսի ազատականացումը դարձել է կարեւորագույն խնդիրներից մեկը` նպատակ հետապնդելով բացառել իշխանության մարմինների ու պաշտոնյաների հովանավորչությունը:
Մասնավորապես 2013թ. հայաստանյան ընկերություններից մեկի` «Մարաթուկ-Թրեվլ» ընկերության ջանքերով Հայաստանի օդային փոխադրումների բնագավառ մուտք գործեց Արաբական Միացյալ Էմիրությունների, «ԷՅՐ Արաբիա» ավիաընկերությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն կար ավիափոխադրող դեպի ԱՄԷ, ի դեմս, «Ֆլայ Դուբայ» ընկերության, բազմաթիվ ջանքեր, ժամանակ եւ ներդում էր անհրաժեշտ նոր ավիափոխադրողին հայաստանյան շուկայում կայանալու համար:
Ի պատիվ «Մարաթուկ» ընկերության, «էյր Արաբիա»-ն դարձավ վստահելի գործընկեր եւ իր տեղը գրավեց Հայաստանի ավիափոխադրման ոլորտում: Բնականաբար դա աննկատ չէր կարող մնալ որոշ պաշտոնյաների աչքից, եւ սկսվեց բիզնեսը «Մարաթուկից» խլելու գործընթացը:
Հայտնվեց ԱՄԷ-ում ապրող ոմն գործարար Սիրակ Մուրադյան անունով, որը այդ պահին Հայաստանում լուրջ պաշտոն եւ հեղինակություն ունեցող անձանց օգնությամբ արդեն 2014թ. հունվարից դարձավ «ԷՅՐ Արաբիա»-ի ներկայացուցիչը Հայաստանում:
Արդյունքում, բիզնեսը ստեղծած ավիափոխադրողին Հայաստան բերած ընկերությունը կորցրեց իր ներդրումները, նաեւ` հնարավոր ակնակալիքները: Ընդ որում` հովանավորչությունը, ըստ շրջանառվող լուրերի, կապվում է նախկին պաշտոնյաների` ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավարի, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի անունների հետ:
Ըստ նույն աղբյուրի` գործընթացի ակտիվ մասնակից է եղել նախկին դատախազ Սամվել Սինանյանը, որը պաշտոնաթողությունից հետո զբաղվել է տուրիստական գործունեությամբ: Հենց Սինանյանն է դեր խաղացել, որ իր բիզնես գործընկերը դուրս մղվի շուկայից, եւ նա, նախկինում ունենալով պաշտոնական դիրք, կարողացել է գործը հաջողությամբ գլուխ բերել:
«Ըստ էության` այս հանգամանքը չպետք է վրիպի իրավապահ մարմիններրի ուշադրությունից»,- գրել է մեր նամակագիրը: Մեր ստացած նամակի բովանդակության այս հատվածի առնչությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ խնդրեց Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանից, որը կտրուկ հերքեց. «Նման բան գոյություն չունի: Այն գրողը հոգեկան հիվանդ է: Սամվել Սինանյանի հետ խնդիր ունեն, թող իր հետ լուծեն»: Իսկ մյուս կողմից՝ այդ թվում եւ «Մարաթուկ» ընկերությունից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: