ՀԱՐՑ. Զագսավորման համար ի՞նչ ժամկետ է սահմանված:
Իլոնա Մկրտչյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ տարածքային մարմին համատեղ դիմում տալու oրվանից 10 օր հետո: Ամուսնացող անձանց համատեղ դիմումում կարող է նշվել ամուսնության պետական գրանցումն իրականացնելու համար ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ուշ, քան դիմումը տալու օրվանից երեք ամիս հետո: Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին վերջինիս կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա:
Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին ամուսնության դիմում տալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ապա դիմումը համարվում է անվավեր: Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում.
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա ունենալը,
2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական),
3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության,
4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը,
5) ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում,
6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (օրինակ` կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան եւ հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ եւ այլն):
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: