Հետաքրքիր փաստեր Գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության զեկույցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խորությամբ ձեռնամուխ եղան նախկինների օրոք տեղի ունեցած դեպքերի բացահայտմանը եւ թալանված գումարների վերադարձին։ Ըստ այդմ, այս մեկ տարվա ընթացքում հարուցվել են բազմաթիվ գործեր, պետբյուջե վերադարձվել գումարներ, իսկ մի շարք գործեր շարունակում են քննվել։

ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2018 թվականի գործունեության զեկույցը, որն ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր փաստեր հայտնաբերեց։

Այսպես, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018 թվականին ՀՀ դատախազություն է ուղարկվել 7 տեղեկանք։ Այս մարմինը եւս Դավիթ Սանասարյանի նշանակումից եւ հեղափոխությունից հետո բազմաթիվ ուսումնասիրություններ է անցկացրել, սակայն փաստացի դատախազություն ուղակված է եղել ընդամենը 7 տեղեկանք: Դրանցից է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որն ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն։ Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղած 593․2 մլն դրամ արժողության եւ 2007 թվականի նոյեմբերի 6-ին «Էներգանորոգում» ՓԲԸ տեղափոխված ավտոտրանսֆորամտորից 26․1 տոննա պղնձե մալուխ եւ 35․8 տոննա էլեկտրատեխնիկական մետաղ յուրացնելու դեպքի առթիվ։

Այս նույն ՓԲԸ-ի վերաբերյալ եւս մեկ տեղեկանք է ներկայացված եղել, որն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն։ Այստեղ էլ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ՝ ՓԲ ընկերության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 325․9 մլն դրամ արժողությամբ տրանսֆորմատորի յուրացման դեպքի առթիվ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի մեկ այլ հանձնարարագրի հիման վրա` «Լուսանշան» ՊՈԱԿ-ի 2016-2018 թթ․գործունեության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է տեղեկանք, որն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում. տնօրենը նախազգուշացվել է պետությանը հասցրած վնասը կամովին հատուցելու մասին։ Նախազգուշացման արդյունքում` արձանագրված 209.7 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Նույն ՊՈԱԿ-ի առնչությամբ մեկ այլ տեղեկանք է կազմվել՝ ավել հաշվարկված աշխատավարձերի եւ իրականացրած աշխատանքների ծավալների հավելագրման վերաբերյալ։ Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։

Դավիթ Սանասարյանը տեղեկանք է ներկայացրել նաեւ ՀՀ անշարժ գույքի կադաստրում բացահայտումների մասին: Այդ տեղեկանքներն ուղարկվել են Լոռու, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի դատախազություններ դրանցում ներկայացված փաստերում հանցագործության հատկանիշների առեւրեւույթ առկայությունը ստուգելու համար։ Ըստ այդմ, Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շահումյան գյուղի բնակիչ Մարգարիտա Մանվելովայի կողմից 2018թ․սեպտեմբերի 3-ին կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր կեղծ քաղաքաշինական փաստաթղթեր ներկայացնելու եւ դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարվելու դեպքի առթիվ։ Քրեական գործ է հարուցվել նաեւ Աչաջուրի համայնքապետարանի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստթի առթիվ, իսկ, ահա, Գավառի բաժնում գործ չի հարուցվել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ։

Իսկ, ահա, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվել է տեղեկանք՝ Օլեգ Դուրգարյանի եւ մյուսների կողմից ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասցեագրված դիմումի վերաբերյալ, որի հիման վրա Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրումի համայնքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալները ուղարկվել են Լոռու մարզի դատախազության քննարկմանը։ Ուղարկված փաստաթղթերը կցվել են Օլեգ Դուրգարյանի նախկին հաղորդումների հիման վրա Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավար Սահակ Նազարյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։

Մեկ այլ դեպք էլ վերաբերում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետարանից ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներին։ Տեղեկանքը ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն։ Նախապատրաստված նյութերով Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խոշոր չափի յուրացումների փաստով։
Հետաքրքիր է` հարուցված քրեական գործերից քանիսն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն, ու քանի հոգու նկատմամբ մեղադրական դատավճիռ կկայացվի:

Մեկ փաստ էլ. դատախազություն իր բացահայտումներն է ներկայացրել նաեւ Հաշվեքննիչ պալատը: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթներում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ միայն հարուցվել է 7 քրեական գործ: Քրեական գործ է հարուցվել նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում Հաշվեքննիչ պալատի բացահայտումների, ինչպես նաեւ Գյուղատնտեսության նախարարության` ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս