Ծանր դեպք. երբ մեռելածին կառույցին վերակենդանացնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրար առաջ  Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ Նշանակումը կատարվել է` համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի։ Եվ այս նշանակումով նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը համարվում է ավարտված։

«Հանրային խորհրդի» փոփոխված օրենքի համաձայն` Հանրային խորհրդի 45 անդամների կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ. առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը` վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետեւ վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձեւավորման գործընթացը համարվում է ավարտված։

Հիշեցնենք, որ նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը մեկնարկել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները։ Կառավարության կողմից նշանակված ՀԽ անդամներն են՝
Վազգեն Մանուկյան,

Արմեն Տեր-Տաճատյան՝ փաստաբան,

Անահիտ Աղոյան՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ժողովրդավարության, առաջնորդության, գենդերային հարցերի փորձագետ,

Կառլոս Ղազարյան՝ գեներալ, 1990-91 թթ․ ՀՀ ներքին գործերի նախարար,

Հովհաննես Հովհաննիսյան՝ ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու,

Գագիկ Գինոսյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

Աշոտ Հակոբյան՝ «Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի տնօրեն,

Հովիկ Մուսայելյան` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն,

Բաբկեն Պիպոյան` «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ,

Հարություն Մեսրոբյան` կառավարման փորձագետ,

Յուրի Ջավադյան՝ «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն,

Արկադի Տեր- Թադեւոսյան՝ գեներալ, ռազմական գործիչ,

Հրանտ Տեր-Աբրահամյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան,

Ստյոպա Սաֆարյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր

Արամ Սաֆարյան՝ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր։

Նշենք, որ ընդամենը վերջերս՝ մարտի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հանրային խորհրդի անդամներին՝ հենց Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, եւ անդրադարձ էր կատարվել նաեւ մարտի 1-ի դեպքերին։ Նա նույնիսկ ներողություն էր խնդրել Մանուկյանից՝ նրան կոչելով նախկին իշխանությունների օրոք «ընտրակեղծիքների զոհ»:

Վազգեն Մանուկյանի նշանակումն ու Հանրային խորհրդի հանդեպ այսպիսի վերաբերմունքն ուշագրավ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես էին դեռեւս նախորդ տարի ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննադատում Հանրային խորհրդի գոյությունը, իսկ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանն էլ այն անվանում էր մեռելածին կառույց։

Բայց, դե, Վազգեն Մանուկյանը, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը կրծքով պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, նախորդ տարվա ապրիլի 23-ին՝ Սարգսյանի հրաժարականի օրը, կոնյակով շնորհավորել էր, ասել է թե՝ անցել էր «սպիտակների կողմը»:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կատարել է օրենքի պահանջը, եւ այս առումով այսօրվա կառավարությունը պատասխանատվություն չի կրում։ «Հանրային խորհրդի մասին» օրենքն ընդունվեց Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում, սակայն նույնիսկ օրենսդրական կարգավորումը բովանդակություն չհաղորդեց այս մարմնին։

Թերեւս անցած տասը տարիները ցույց տվեցին, որ այս կառույցն անօգուտ է։ Չենք հիշում որեւէ նշանակալի իրադարձություն, որի հետ կապված` երկրի նախագահը, կառավարությունը կամ խորհրդարանը հաշվի նստած լինեն Հանրային խորհրդի առաջարկությունների, դիտողությունների հետ։ Ընդ որում, այս կառույցն ի սկզբանե պետք է երկխոսության հարթակ լիներ իշխանությունների եւ հասարակության միջեւ, սակայն ՀԽ-ն՝ իր կառուցվածքով ու բովանդակությամբ, չի կարող երկխոսության արդյունավետ հարթակ լինել, եթե նույնիսկ այժմ այդ կառույցի կազմը մասամբ կամ էականորեն թարմացված է։ Եվ այսքանից հետո տարակուսելի է, թե ինչու կրկին Վազգեն Մանուկյանը ընտրվեց Հանրային խորհրդի նախագահ։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց նրանից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս