Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողությունը. մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի թվով 9 բնակիչներ մտադրվել են գողություն կատարել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, կատարել դերաբաշխում, կազմակերպված խմբի կազմում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեսախցիկ տեղադրելու միջոցով, վերահսկել տարածքը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ անձինք 2019 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ՓԲԸ-ին պատկանող տարածք ու նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ տրանսֆորմատորում առկա պղնձյա փաթույթները կտրելու եղանակով գաղտնի հափշտակել դրանք:

Այնուհետև նախօրոք ընտրված՝ թվով 7 տրանսպորտային միջոցներով գողոնը տեղափոխել են առերևույթ հանցագործությանը մասնակիցներից մեկի տան բակ, որից հետո հափշտակված պղնձալարերն իրացրել գունավոր մետաղների ընդունման կետերում՝ ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ընդունվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՓԲԸ-ից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն ունեցած 9 անձանց ինքնությունը։ Վերջիններս ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 9 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։




Լրահոս