Armenian text to speach

Ակցիա են իրականացնելու ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ այլասերվածության քարոզի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու եւ դրա շուրջ ծավալված աղմուկի, թատրոնների արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյան, եթե մենք ունենայինք թատրոնի մասին օրենք, օպերային թատրոնում այդպիսի աղմուկ կբարձրանա՞ր: Նշվում է, որ Օրբելյանն օրենքի խախտումով է նշանակվել թատրոնի տնօրեն, վերջինս հերքում է դա: Հնարավո՞ր էր այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի զերծ մնայինք այս ճգնաժամից:

-Լավ էր, որ այս աղմուկը եղավ. այն ցույց տվեց մեր օրենսդրական դաշտի անկատարությունը: Բանն այն է, որ բոլոր կառույցներին չես կարող դնել կառավարման մեկ ընդհանուր կաղապարի մեջ: Ես համարում եմ, որ օրենքը կատարյալ է այնքանով, որքանով այն ճկուն է:

Թատրոնը կարող է ունենալ միայն տնօրեն, կամ կարող է լինել մեկը, ով տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի ֆունկցիաները կհամատեղի: Հնարավոր է՝ գեղղեկավարի կամ տնօրենի փոխարեն լինի այլ պաշտոն՝ գեղարվեստական տնօրեն: Այսինքն՝ օրենքը պետք է հնարավորություն տա կողմնորոշվելու` փաստացի ունեցած ռեսուրսներից ելնելով: Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնում մնալու ցանկությունը չպետք է պայմանավորել կապրիզներով եւ ամբիցիաներով: Բնական է, որ ով իր կապերի միջոցով կարողանում է գումարներ ներդնել, նա էլ ուզում է ֆինանսները տնօրինելու հնարավորություն ունենալ:

-Իսկ այդ հնարավորությունը գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի տալիս… Այդ դեպքում գուցե անհրաժեշտ է ընդլայնե՞լ գեղղեկավարի ֆունկցիաները: Գուցե այդ պարագայում գեղղեկավարներն այդքան չձգտեն տնօրենի պաշտոնին:

-Օրենքով գեղարվեստական ղեկավարը շատ քիչ բան է որոշում թատրոնում` չնայած նրան, որ կարող է շատ մեծ գաղափարներ ունենալ: Բայց կնիքն ում ձեռքին է, նրա կրունկն էլ ծանր է թատրոնում: Գեղղեկավարը չունի թատրոնի ֆինանսական հարցերի վրա որեւէ ազդեցություն. նա ենթակա անձ է:

-Բայց, օրինակ, Սունդուկյան թատրոնում մենք տեսնում ենք տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի ներդաշնակ աշխատանք…

-Իսկ կարո՞ղ եք երաշխավորել, որ այլ կառույցներում էլ նման մթնոլորտ հնարավոր կլինի հաստատել: Ախր, նման հարցերը հրապարակախոսության նյութ չեն, մասնագիտական քննարկման նյութ են: Պետք է թատրոնի ոլորտի մասնագետները նստեն եւ ուսումնասիրելով միջազգային փորձը, համադրելով այն հայ իրականության հետ՝ գտնեն լավագույն լուծումը: Օպերային թատրոնի խնդիրն, օրինակ, մեկ ժամում կարելի էր լուծել: Այդ աղմուկը կարող էր չլինել: Գեղարվեստական կառույցների կարգավիճակը, կազմակերպաիրավական ձեւը պետք է փոխել: «ՊՈԱԿ-ների մասին» օրենքը թույլ չի տալիս, որ այս կառույցները շնչեն: Պետք է կառավարման այլ համակարգ մտածել: Գուցե պետք է թատրոնի տնօրենի գործունեության ժամկետը սահմանվի երկու տարի, ինչպես որոշ երկրներում: Երկու տարի անց տնօրենը հաշվետվություն է ներկայացնում, եւ որոշվում է՝ շարունակելու է նա իր աշխատանքը, թե ոչ:

Հակառակ դեպքում տնօրեններն անձեռնմխելի վիճակում են: Ամենաճիշտը յուրաքանչյուր թատրոնի համար իր ստեղծագործական նպատակներն ու ակնկալվող արդյունքները ձեւակերպելն է, թատրոններին կառավարման սեփական մոդելն ընտրելու հարցում հնարավորինս ազատություն տալը, իսկ տարեվերջին մանրակրկիտ հաշվետվություն պահանջելը: Պետությունը որքան քիչ միջամտի թատրոնի ներքին գործերին, որքան քիչ խեղդի` անիմաստ հաշվետվություններ պահանջելով, այնքան լավ:

-Դուք նշում եք, որ կարող է լինել մեկը, ով արդյունավետ կերպով կստանձնի ե՛ւ տնօրենի, ե՛ւ գեղղեկավարի պաշտոնները, բայց, տեսեք, գեղղեկավարին նշանակողը տնօրենն է: Այսինքն՝ նույն մարդն է իրեն պաշտոնում նշանակողն ու պաշտոնից ազատողը… Սա աբսուրդ չէ՞:

-Այդ դեպքում գուցե ճիշտ է, որ նման ֆինանսական մեծ շրջանառություն ունեցող, հեշտությամբ միջազգային ասպարեզ դուրս եկող կառույցը լինի ոչ թե ՊՈԱԿ, որպեսզի նմանատիպ խնդիրների առջեւ չկանգնի, այլ հիմնադրամ՝ հոգաբարձուների խորհրդով: Այն, որ օպերային թատրոնում նման աղմուկ բարձրացավ, ոլորտի պատասխանատուների բացթողումն է: Այդ հարցը մասնագիտական շրջանակներում քննարկելու փախարեն հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, անցան վարկաբեկման փորձերի: Սրանից հետո որեւէ մեկը հազիվ թե լուրջ ընկալի ոլորտը, եւ սրա պատասխանատուն Մշակույթի նախարարությունն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս