Երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց տեւական ժամանակ լարված իրավիճակ էր. արտահերթ նիստին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում` ընդդեմ ԼԳԲՏ համայնքի։ Բանը հասավ նրան, որ ցուցարարները նույնիսկ պատգամավորներից պահանջում էին օրենք ընդունել միասեռականության դեմ։
Այս ամենի պատճառը դեռեւս ապրիլի 5-ին Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ գրանցված դեպքն էր, երբ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Լիլիթ Մարտիրոսյան անունով անձ, որը ներկայացավ որպես տրանսգենդեր։
«Մի քանի ամիս առաջ անհնար էր երեւակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում ես՝ տրանսգենդեր կին, բայց, խնդրում եմ, ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ եւ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»:
Տրանսգենդերի ելույթին արձագանքեց նիստը վարող ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա հունից դուրս եկավ ու նշեց, որ ԱԺ-ում բարձրացվեց մի հարց, որը չի եղել այսօրվա նիստի օրակարգում։ «Օգտվել առիթից եւ այս պահին բարձրացնել հարց, որը չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահ, եւ երկրորդ՝ խորհրդարանի հանդեպ: Դուք խախտել եք օրակարգը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Եվ չնայած այս միջադեպից օրեր են անցել, սակայն թեմայի շուրջ քննարկումներն ավելի են բորբոքվում։ Բանն այն է, որ այս միջադեպից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, թե Լիլիթին խորհրդարան էր հրավիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, սակայն վերջինս այն հերքեց, իսկ երեկ էլ ցուցարարների մոտ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որտեղ բոլոր հրավիրյալների անուններն էին՝ հաստատված Զոհրաբյանի ստորագրությամբ։
Ասել է թե` ԲՀԿ-ականներն իշխող «Իմ քայլի» անդամներին են մեղադրում ԼԳՏՊ համայնքի ներկայացուցիչների՝ ԱԺ-ում հայտնվելու համար, «Իմ քայլի» անդամներն էլ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին են մեղադրում:
Փոխադարձ մեղադրանքները դնելով մի կողմ` փորձենք հասկանալ, թե ԱԺ լսումների դեպքում ինչպես է կազմակերպվում քաղաքացիների մուտքը խորհրդարան։ Լսումները կազմակերպելու մասին հայտարարությունից հետո սկսվել է մասնակիցների գրանցում, որը բաց է եղել։ Այսինքն` ոչ թե հանձնաժողովից են հրավիրել մասնակիցներին, այլ վերջիններս իրենք են գրանցվել մասնակցելու համար։ Ստացվում է՝ ով գրանցվեր, նրան կթողնեին մասնակցել լսումների՝ առանց նախապես տեղեկանալու կամ պարզելու, թե ով ով է:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
-Պարո՛ն Գալստյան, արդեն մի քանի օր է` քննարկվում է տրանսգենդերի ելույթի թեման։ Կասե՞ք, թե լսումներին մասնակցելու համար Ձե՞ր անունից է հայտ իջեցվել մասնակիցներին, թե՞ հանձնաժողովի կողմից։
-Ես չեմ եղել միջոցառման կազմակերպիչը։ Աշխատակազմի կողմից իրականացվում է զուտ միջոցառման նյութատեխնիկական ապահովման աշխատանքները։ Յուրաքանչյուր միջոցառման կազմակերպիչ ինքն է որոշում հյուրերի ցանկը։
-Այսինքն` Ձեր անունո՞վ չի իջեցվել։
-Իմ անունով կարող է իջեցվել, եթե ես եմ հրավիրում իմ կազմակերպած միջոցառմանը։ Ըստ գործընթացի` կազմակերպիչը ինձ ուղարկում է միջոցառման տվյալները` ժամանակը, տեղը, անհրաժեշտ է լուսաբանում, ովքեր են մասնակիցները, իսկ աշխատակազմը ընդամենը կազմակերպում է։
– Դուք նախապես տեղյակ չե՞ք եղել, թե ովքեր են հրավիրվածները։
-Իրականում տեղյակ չեմ եղել, սակայն այդպիսի մանդատ էլ չունեմ` պատգամավորների կողմից միջոցառումների հրավիրված մասնակիցների սահմանափակում իրականացնեմ, եթե, իհարկե, չի գնահատվում այդ մասնակցի մուտքը ԱԺ անվտանգության սպառնալիք։ Այլապես ես գերազանցած կլինեմ իմ լիազորությունները, կխոչընդոտեմ պատգամավորների գործունեությանը։ Ի դեպ, տեղյակ չլինելը հարաբերական է, ես կազմակերպում եմ մուտքը անուն-ազգանուններով։
-Անուն-ազգանուններով կազմակերպել ասելով` ի՞նչ նկատի ունեք։
-Ինձ տրվում է պատգամավորի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը ես փոխանցում եմ անվտանգությանը ցուցակով ստուգելու եւ ներս թողնելու համար։ Սակայն պատգամավորը իրավունք ունի նաեւ առանց ինձ դիմելու անցագիր իջեցնի։ ԱԺ ընթացակարգում այս գործընթացները ֆիքսված են, կարող եք ծանոթանալ։
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց նաեւ Նաիրա Զոհրաբյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու նա կամ հանձնաժողովի քարտուղարությունը չի ստուգել, թե գրանցված ՀԿ-ներից ով ով է։ Ի պատասխան` Նաիրա Զոհրաբյանը նշեց․«Ձեր հարցը ոչ ռացիոնալ եմ համարում։ Ասենք` 200 հասարակական կազմակերպություն է զանգում, ասում են` զբաղվում ենք մարդու իրավունքների հարցերով, ինչպե՞ս պետք է իմանանք, թե ով ով է։ Ասենք` բայց կարո՞ղ է մեզ ֆռացնում եք։ Ոչ ռացիոնալ հարց եք տալիս»։
Եվ չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ի սկզբանե հերքել էր իրեն ուղղված սլաքները, սակայն հետաքրքիր է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները համացանցում հենց նրան էին շնորհակալություն հայտնում իրենց օգնելու եւ ընդառաջելու համար։
Օրինակ` հենց լսումների օրը սոցիալական ցանցում Մաքս Վարժապետյան անուն-ազգանունով ներկայացած անձը, որն այդ օրը հենց ԱԺ դահլիճում էր, Մարիա Կարապետյանի գրառման տակ այսպիսի մեկնաբանություն էր թողել․«Մարիա ջա՛ն, շատ մեծ շնորհակալություն քեզ իմ եւ Լիլիթի անունից նման վերաբերմունքի եւ ժողովրդավարությանը հետամուտ որոշմանդ համար:
Մենք այս երկրի հավասար քաղաքացիներն ենք, եւ նման պահվածքը իմ եւ Լիլիթի հանդեպ անընդունելի էր»: Սակայն Մաքսն այդ համայնքից միակը չէր, որ նման գրառում էր արել եւ շնորհակալություն էր հայտնել։
Իհարկե, Նաիրա Զոհրաբյանն ինչ-որ տեղ ճիշտ է, որ չէր կարող ստուգել 200 ՀԿ-ներին, սակայն, մյուս կողմից, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այդ հանձնաժողովի հետաքրքրությունների շրջանակում բավական նուրբ ոլորտ է, ըստ այդմ՝ լրացուցիչ զգուշությունը չէր խանգարի, մանավանդ որ հանձնաժողովներն ունեն իրենց աշխատակազմը՝ փորձագետները, որոնք էլ կարող էին գործել:
Ամեն դեպքում, տեղի ունեցածը պետք է հետեւությունների եւ փոփոխություններ անելու պատճառ դառնա։
Նաիրա Հովհաննիսյան