ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ պետական պատվերի շրջանակներում ձեռք բերելու համար:
Օնիկ Դանիելյան (67 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնենք, որ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով.
– անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
-հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
– լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: