Ինչ են ստիպել գրել «Սպայկա»-ի տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում իրավիճակը թեժ էր: «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով չկալանավորել իրենց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Բանն այն է, որ ՊԵԿ-ում քրեական գործ է` հարուցվել «Սպայկա» ընկերության կողմից 7 մլրդ դրամ հարկային-մաքսային պարտավորություններ չկատարելու վերաբերյալ, եւ տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Երեկ այդ միջնորդությունը բավարարվեց, եւ տնօրենը կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ընկերության շուրջ ստեղծված աղմուկից մանրամասներ են հայտնի դարձել:

ՊԵԿ vs «Սպայկա»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպք:
Ըստ ՊԵԿ-ի` «Սպայկա» ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում` Լեհաստանից, Բելգիայից, 2014-ից 2015թթ. ընթացքում «Սպայկա» ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստան փոխադրման եւ ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ եւ այլ ապրանքներ, որոնք 2015թ.-ի հունվարի 1-ից 2016թ.-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով ներմուծել է Հայաստան:

Ըստ հաղորդագրության` արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները Հայաստանում մաքսազերծել են այլ ապրանքատեսակի անվան տակ, որոնց մաքսազերծումն ազատված է մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի հաշվարկումից եւ վճարումից:

Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա` պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամից ավելի մաքսատուրք եւ հարկ:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մասով:

Ի պատասխան ՊԵԿ-ի այս հայտարարության` Դավիթ Ղազարյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի վնաս չի պատճառել: Ավելին` «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն հայտարարել էր` ստեղծված իրավիճակի պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել եւ 1000 աշխատատեղ ստեղծել:

Ղեկավարները փախել են

Ու մինչ ՊԵԿ քննչական վարչությունը իր հիմնավորումներն է ներկայացնում, իսկ «Սպայկա» ընկերությունը՝ իր, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, նախաքննական մարմինը Վրաստանից լուրջ փաստաթղթեր է ստացել այն, մասին, որ այդ երկրի տարածքով իրականում ապրանքներ են ներմուծվել Հայաստան, սակայն Հայաստանում այդ ներմուծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չկան:
Ավելին` նախաքննական մարմինը պարզել է, որ «Սպայկա» ընկերությունը պետության առաջ հարկային պարտավորությունները չի իրականացրել իրեն փոխկապակցված «Green village» եւ այլ ընկերությունների անվան տակ: Ի դեպ, այս ընկերության ներկայացուցիչներին գտնելու մեր ջանքերը ապարդյուն անցան:

Ավելին` քննչական մարմինը հայտնաբերել է, որ «Green village» եւ մյուս ընկերությունների ղեկավարները, որոնք, ըստ նախաքննական մարմնի, փոխկապակցված են եղել «Սպայկա»-ի հետ, եղել են դրածո: Իրականում այդ ընկերությունների կառավարման ղեկը եղել է Դավիթ Ղազարյանի ձեռքում: Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը պարզել է, որ դրածո ղեկավարները հիմա փոխուստի մեջ են, սակայն երբ նախաքննական մարմինն այդ մասին հարցաքննել է Դավիթ Ղազարյանին, վերջինս հայտնել է, որ ինքն այդ ընկերությունների հետ կապ չունի եւ, առհասարակ, պետությանը վնաս չի պատճառել:

Ավելին` մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը առաջարկել է Դավիթ Ղազարյանին վճարել գումարը, հետո այն քննության ավարտից հետո իրեն հետ կվերադարձնեն, սակայն վերջինս հրաժարվել է` ասելով` եթե վճարի, ապա պետությունը այլեւս գումարը հետ չի վերադարձնի. ինքը խախտում չի արել եւ չի պատրաստվում վճարել: Ավելին, տեղեկություներ կան, որ Դավիթ Ղազարյանին առաջարկել են ցուցմունք տալ ընկերության անվան հետ կապվող բաժնետերերից մեկի դեմ, սակայն նա հրաժարվել է:

Արդյունքում, նախաքննական մարմինը, հաշվի առնելով, որ գործով կան անձինք, որոնք փաստացի կապված են Դավիթ Ղազարյանի հետ եւ հայտնաբերված չեն (միգուցե առհասարակ երկրում չեն), եւ նրանց հետ փոխկապակցված անձինք հրաժարվում են վճարել ավելի քան 7 միլիարդ դրամը, ապա չկա երաշխիք, որ Դավիթ Ղազարյանն ազատության մեջ մնալու դեպքում չի փախչի: Ուստի այս ամենն աչքի առաջ ունենալով` դատարանը որոշել է երկամսյա կալանքի տակ պահել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Քննարկումներ

Նկատենք՝ օրեր առաջ Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ Եվրասիական զարգացման բանկը 100 միլիոնի դոլար ներդրում պետք է իրականացնի Հայաստանում: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքն իրականում 67 միլիոն դոլարի մասին է, եւ այս ամենից հետո բանկում ներքին խոսակցություններ են եղել, որ եթե Դավիթ Ղազարյանին կալանավորեն, ապա պայմանագիրը միգուցե չեղյալ հայտարարեն:

Գործարար համայնքը մտահոգված է

Գործարար ոլորտի ներկայացուցիչներին այս հանգամանքը խիստ մտահոգել է: Վերջիններս քննարկել են հարցը, որ եթե ՊԵԿ-ը սխալ քաղաքականություն վարի, ապա այդ դեպքում, բնականաբար, կտուժի միմիայն Հայաստանի տնտեսությունը: Ըստ գործարարների` «Սպայկա» ընկերությունը համարվում է Հայաստանում միակ խոշոր գյուղմթերք արտադրող եւ արտահանող ընկերությունը, ուստի եթե այսօր Սպայկայի աշխատակիցներն են ոտքի կանգնել, ապա առաջիկայում գյուղատնտեսությունն է հայտնվելու կոլապսի մեջ: Գործարարներից շատերը մտահոգություն են հայտնել, որ կալանավորելով ՊԵԿ-ը որեւէ հարց չի լուծի: Տեսակետ կա, որ հետագայում բարդությունների ու բողոքի նոր ալիք է բարձրանալու, քանի որ գյուղացիները հայտնվելու են խնդրի առաջ. ընկերությունը գյուղացիներից է մթերում գյուղմթերք, ինչպես նաեւ ապահովում աշխատանքով, ու եթե պայմանագրային պարտավորություններն ընկերությունը չկատարի, հասարակ մարդիկ կտուժեն:

Արդյոք ճիշտ քաղաքականություն վարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նպաստելով խոշոր ընկերության տնօրենի կալանքին` ցույց կտա ժամանակը:

Հ.Գ. Ի դեպ, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ տեղի ունեցածին, ասաց. «Շատ վատ գործելաոճ է: Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ հարկե՞ր եք ուզում մեզանից, ուզում եք` չվճարած հարկեր վճարե՞նք: Դա ի~նչ խոսելու ձեւ է: Որեւէ ընկերություն չի կարող գյուղացու, քաղաքացու Կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել»:

Քնար Մանուկյան




Լրահոս