Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը կշարունակվի երեքշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին:

«Նիստը հետաձգվեց, քանի որ աշխատանքային օրն ավարտվեց: Այսօր հիմնականում բողոքների առարկություններն են ներկայացվել»,- ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին և ընթացքում տարբեր հարցերի շուրջ ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Ռոբերտ Քոչարյանը վերջում հայտարարությամբ է հանդես գալու»,- նշեց Օրբելյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ մեղադրանքի ոչ հստակ լինելը:

«Մեղադրող կողմը պարտավոր է ուղղակի ապացույցներով ապացուցել, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- ասաց Օրբելյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի տեսակցությունների հարցին՝ փաստաբանը նշեց, որ ընտանիքի որոշ անդամների համար սահմանափակումներ կան:

«Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է, նրա տրամադրությունը լավ է, քանի որ համոզված է իր անմեղության մեջ: Մասնագիտական գրականության ընթերցանությամբ է զբաղվում, ծանոթանում է գործի նյութերին, զբոսանքի որոշակի հնարավորություն ունի և փորձում է սպորտով, ինչպես նաև յոգայով զբաղվել»,- տեղեկացրեց Օրբելյանը:




Լրահոս