Ինչու Մայր Աթոռը չմիջամտեց քահանային փիլոնազուրկ անելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական շրջանակներում շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթի ելույթը, որը, գաղտնիք չէ, դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Ավելին` բանը հասավ նրան, որ երեկ Արարատյան Հայրապետական թեմը փիլոնազուրկ է հռչակել Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանին, որը ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներից էր, ավելին` որը առավել քան ագրեսիվ էր իր ելույթներում ու պահվածքում:

ԱԺ-ի մոտ բողոքի ցույցի ժամանակ նա հայտարարել էր. «Եթե մենք այլ կողմնորոշմամբ լինեինք, մի քանի վայրկյանում կհասնեինք մեր ազգի դահլիճը՝ էդ ամբիոնի մոտ: Բայց եթե հայ քրիստոնյա ենք, պիտի սպասենք, ինչի՞, պիտի սպասենք, ո՞ւմ պիտի սպասենք: Արարա՛տ, դո՛ւրս արի, Միրզոյա՛ն, դո՛ւրս արի»: Հետո, երբ ցուցարարները գոռում էին. «Մեր ընտրածներն եք, դե եկե՛ք, պատասխա՛ն տվեք, վախենո՞ւմ եք», Տեր Ղազարն արձագանքեց. «Երբ որ սրբապիղծներին հանում հասցնում են ամբիոնի մոտ, չէի՞ն վախենում էն ժամանակ. մենք իրավունք չունե՞նք մտնել մեր Ազգային ժողովը»:

Հետո արդեն լեզվակռիվ էր եղել տեր Ղազարի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Տեր Հորը հատկապես բարկացրեց փոխխոսնակի հարցը, թե ով է իրեն ուղղորդել Ազգային Ժողովի բակ։

Շատերի մոտ հարց է ծագում՝ նույն հոգեւորականն ինչու իր դժգոհությունը չէր հայտնում դեռ 2015թ.-ին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել են եւ նրան տվել Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին տված անձնագրում սեռը նշված է եղել արական։ Նույն հոգեւորականը ինչո՞ւ իր դժգոհությունը չէր հայտնում այն ժամանակ, երբ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տրանսգենդերների շահերի պաշտպանությամբ, համագործակցում էր ՔԱԳԿ-ի հետ, որի արդյունքում էլ տրանսգենդերներին անձնագրերի տրամադրման գործընթացը հեշտացել է։ Հիմա, իհարկե, երկրում իրավիճակ է փոխվել: Բայց, արի ու տես, հոգեւորականներից տեր Ղազարն ինչ-որ առումով դուրս է եկել թույլատրելիի սահմաններից:

Ու ինչպես երեկ տեղեկացանք, Տեր Ղազարը փիլոնազուրկ է հռչակվել։
«Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգեւորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը, Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, հայտարարվել է փիլոնազուրկ մինչեւ Ավագ Շաբաթ եւ գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո»,- ասված էր հայտարարությունում։

Միաժամանակ, հայտարարության մեջ նշված է. «Ինչպես բոլոր հոգեւորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը եւ քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:

Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգեւոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսեւորումներից՝ ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետականության»:
Բնականաբար, շատերին երեկ հետաքրքրում էր, թե ինչ է նշանակում փիլոնազուրկ անելը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սա կարգապահական պատիժ է եկեղեցականի համար: Նշված շրջանում նրան արգելվում է ծիսական կյանքին մասնակցել. ապաշխարության շրջան է:

«Ժողովուրդ» օրաթերթին փիլոնազուրկ հռչակելու հետ կապված մի քանի ուշագրավ փաստեր հայտնի դարձան.
1. չի եղել որեւէ նման դեպք, որ հոգեւորականը փիլոնազուրկ հռչակվի թեմի կողմից. դա միշտ արվում է Մայր Աթոռի կողմից։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, պատկերն այլ է։
2. Նման դեպքերում հոգեւորականի հարցով զբաղվում է նաեւ կարգապահական խորհուրդը։
3. Երբեք փիլոնազուրկ չի արվում մեկ շաբաթ ժամկետով։ Փիլոնազուրկ անում են նվազագույնը 6 ամիս ժամկետով կամ անժամկետ։
Իսկ թե ինչու հոգեւորականի հանդեպ նման մեղմ միջոցներ կիրառվեցին, երեւի թե թողնենք ընթերցողի դատողությանը:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս