ԱՐՄԱՎԻՐՆ ԱՌԱՆՑ ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Արմավիրում սպասվում են քաղաքապետի ընտրություններ: Ընտրապայքարը, սովորականի պես, հետաքրքիր ընթացք է ունենալու եւ խնդիրը ոչ թե այն  է, որ առաջադրվել է չորս թեկնածու, այլ այն, որ  գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ինչպես եւ  ակնկալվում էր, ջանք ու եռանդ չի խնայում վերընտրվելու համար: Դարձյալ սովորականի պես ազգաբնակչությանը ընտրակաշառք է բաժանվում, նախընտրական հոլովակում էլ, որը ցուցադրվում է տեղական ԱԼՏ հեռուստաընկերությամբ, նույնիսկ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն է գովաբանում գործող քաղաքապետի անցած ուղին եւ այլն: Իսկ դա  Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է, քանի որ օրենսգրքի 18-րդ հոդվածում սեւով սպիտակին գրված է` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների  աշխատակիցները իրավունք չունեն զբաղվելու քարոզչությամբ աշխատանքային պարտականություններն իրականացնելու ժամանակ:Երեկ էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ռ.Խլղաթյանը նոր հնարք է մոգոնել` քաղաքապետն Արմավիրի Եվրոպական քոլեջի ուսանողներին խոստացել է փոխանցել ուսման վարձերը, բնականաբար, իրեն ընտրելու դիմաց: Այսինքն` նրանք, ովքեր  պատրաստ են նման «սդելկայի» գնալ, առաջիկա օրերին պետք է իրենց անձնագրային տվյալները հավաքագրեն ու ներկայացնեն Խլղաթյանի մարդկանց` հաշվեհամարի հետ միասին, որին, սակայն, փոխանցումը կկատարվի միայն ընտրության ցանկալի ելքից հետո:     Մնում է միայն ավելացնել, որ այս անգամ արմավիրցիները հաճույք չեն ունենա ունկնդրել Միխայիլ Շուֆուտինսկուն հայրենի քաղաքում, որին 2007-ին`  նախընտրական փուլում, հրավիրել էր ԲՀԿ առաջնորդը. այս անգամ ԲՀԿ-ն Արմավիրում քաղաքապետացու չունի:   ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս