Հոգևորականները թող «Սասնա Ծռերին» հաց տանեին, այցելեին Հաց բերողին. Էդուարդ Զորիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն է: Նա խոսել է հեղափոխության մեկնարկից հետո մեր ձեռքբերումների, բացթողումների մասին: Պարոն Զորիկյանն անդրադարձել է վերջին շրջանում բուռն արձագանք ունեցած թեմաների:

-Պարո՛ն Զորիկյան, մեկ տարի է անցել Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկից: Այս ընթացքում, ըստ Ձեզ, ո՞րը եղավ մեր մեծագույն ձեռքբերումը:

-Այն, որ ունեցանք արմատապես տարբերվող նոր մոտեցումներ ամեն երեւույթի նկատմամբ: Այդպիսի բան կատարվեց, երբ, օրինակ, Հայաստանը ձեռք բերեց անկախություն: Իհարկե, այն, ինչ եղավ, երեք տասնամյակ առաջ պետք է լիներ, բայց, փառք Աստծո, որ, այնուամենայնիվ, այն իրականացավ:

-Իսկ ո՞ր հարցում է թերանում մեր ներկայիս իշխանությունը: Ո՞րն է նրա մեծագույն բացթողումը:

-Տեմպերի մեջ է թերանում. ամեն բան պետք է ավելի արագ անել: Ես հասկանում եմ, որ կան հարցեր, որոնց պարագայում կտրուկ քայլերը նախընտրելի չեն: Մենք գիտենք, թե այդ կտրուկ քայլերն ինչ հետեւանքներ են ունենում: Աչքի տակ ունենք մի քանի երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի փորձը… Երեւի սա է պատճառը, որ ինչ-ինչ հարցերում դանդաղում ենք:

-Վերջերս շատ է քննարկվում հետեւյալ հարցը՝ Հայաստանը հոգեւո՞ր, թե՞ աշխարհիկ պետություն է: Հոգեւորականները տարբեր առիթներով պնդում են, թե հոգեւոր պետություն է: Դա եղավ, օրինակ, Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթից հետո, երբ հոգեւորականներից ոմանք դատապարտեցին այդ քայլը: Դուք ի՞նչ կասեք:

-Այդ հոգեւորականները թող նստեին մեքենա ու «Սասնա ծռերին» հաց տանեին… Ախր հոգեւոր լինելը խոսքով չեն ցույց տալիս, այլ գործով: Հաց բերողը չէր գոռգոռում, որ Հայաստանը հոգեւոր պետություն է, բայց, իր կյանքը վտանգելով, արեց այն, ինչի կարիքն այդ պահին կար: Թող այդ հոգեւորականներն այցելեին Հաց բերողին, երբ նա առողջական խնդիրներ ուներ. չէ՞ որ նա արել էր այն, ինչ Բարձրյալն էր պատգամել. հաց էր կիսել մերձավորի հետ, ոչ թե ձեռքը դրոշին խփելով` հոխորտացել էր, որ Հայաստանը չի կարող աշխարհիկ պետություն լինել եւ այլն…

Կներեք էլի, կարո՞ղ է խուլ միջնադարն է: Ցանկացած 12 տարեկան երեխա ավելի շատ բան գիտի հոգեւոր կյանքի մասին, քան այդ գոռգոռացողները: Հենց այդ սերունդն էլ արեց հեղափոխությունը, ասաց. «Հերիք է, բոլ է, այլեւս երբե՛ք»:

-Պարո՛ն Զորիկյան, այս ընթացքում ընդդիմություն ձեւավորվե՞ց: ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը առիթը բաց չեն թողնում հակադրվելու իշխանությանը, բայց դա բավարա՞ր է:

-Խորհրդարանում ոչ թե չկա ընդդիմադիր կուսակցություն, այլ պարզապես չկա կուսակցություն: Որն է նրանց գաղափարախոսությունը՝ հասկանալի չէ: Ամեն դեպքում, լավ է, որ ընդդիմանում են: Իշխանությունը միշտ պետք է զգոն լինի, որքան էլ մշակված ծրագիր ունենա, իմանա՝ ուր է գնում, նպատակները ստույգ լինեն. միեւնույն է, կարող է ինչ-որ տեղ սխալվել, սայթաքել:

-Վերջերս շատ քննարկվեց նաեւ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ Նորագավիթի ավտոմաքսատանը, քանի որ տեսել էր Հայաստանի դրոշները` գետնին դրված ու կեղտոտ վիճակում, եւ հրահանգել էր այդտեղի բոլոր աշխատողներին ազատել աշխատանքից: Արդյոք սա վարչապետի կողմից իր քաղաքացիների նկատմամբ կոռե՞կտ մոտեցում էր:

-Հասկանում եմ, որ մարդիկ զրկվեցին աշխատանքից, իսկ գործ ճարելն այդքան էլ հեշտ չէ: Բայց շեշտը պետք է դնել պետական խորհրդանիշի նկատմամբ վերաբերմունքի վրա: Վարչապետն ասաց, որ թույլ չի տա նման վերաբերմունք պետական խորհրդանիշի նկատմամբ, այն էլ՝ ուսադիր կրող պաշտոնյաների կողմից: Ի վերջո, այս դեպքում անձերի խնդիր չի լուծվում, այլ երեւույթի:

-Եվ վերջում` կցանկանայի Ձեր հեղինակած պիեսների մասին խոսենք: Դրանցից մեկը՝ «Անմահների երկիրը», որոշ ժամանակ առաջ բեմադրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Դուք էլի ունե՞ք հեղինակած պիեսներ:

-Այո, եւ ոչ միայն պիես: Ամանորի նախօրեին մի հեքիաթ եմ գրել, որի հիմքում հեղափոխության թեման է: Ներկայացրեցի այն թատրոններին, հասկացա, որ ուշացել եմ: Հուսով եմ՝ այն արդիականությունը չի կորցնի, եւ հաջորդ Ամանորին հնարավոր կլինի ներկայացնել հանդիսատեսին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս