Պետբյուջե վճարվող գումարները դուրս են գալիս. բուռն քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած նախագծերի փաթեթը, որ նպատակ ունի սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդը։ Երեկ այս նախագծերի քննարկումներն ընթացան բավականին բուռն, եւ վերջում որոշվեց կրկին քննարկել հաջորդ նիստում։ Ընդգծենք, որ օրեր առաջ էլ հետաձգվել էր արդեն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որը վերաբերում էր բուքմեյքերական կենտրոնների գրասենյակների փակմանը։

Մասնավորապես, Հրաչյա Հակոբյանն առաջարկում է «Գովազդի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում հետեւյալ սահմանափակումները կիրառել. հեռուստատեսությամբ գովազդը թույլատրվելու է ժամը 21։00-00։00 սահմաններում, լրատվական կայքերում էլ այդ գովազդը չպետք է զբաղեցնի կայքէջի 20 տոկոսից ավելին: Այլ մոտեցում է ցուցաբերված ռադիոյի նկատմամբ։

«Ռադիոյի ներկայացուցիչներն ինձ ասացին, որ սպեցիֆիկ է, եւ նրանք գրեթե լսարան չունեն, եւ նրանց հիմնական ունկնդիրն առավոտյան աշխատանքի գնացող եւ երեկոյան տուն եկողներն են, եւ ասացին, որ եթե այդ ժամերին գովազդն արգելվի, ապա իմաստը կկորի։ Ես ընդառաջեցի նրան, եւ ռադիոյի ժամը սահմանվել է առավոտյան 08։00-ից 20։00», – նշեց նա։ Այս առումով պատգամավորներն իրենց զարմանքն արտահայտեցին, որ, մի կողմից, փորձ է արվում սահմանափակել գովազդը, սակայն, միեւնույն ժամանակ, ռադիոյում գովազդը թույլատրվում է հենց ամենալսելի ժամանակահատվածում։ Այսինքն` անիմաստ է դառնում սահմանափակումը։

Պատգամավորները մտավախություններ ունեին նաեւ` վարչական պատասխանատվության հետ կապված։ Մասնավորապես, օրենքում սահմանված է, որ կրելու են վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի չափման միավորի հազարապատիկի չափով, եւ պատգամավորներն առաջարկեցին տարանջատել, թե որ խախտման դեպքում ով է պատասխանատվություն կրելու՝ լրատվամիջոցը, թե գովազդատուն։

Հետաքրքիր է, որ չնայած օրենքի հեղինակը փորձ է անում սահմանափակել այդ ընկերությունների գովազդը՝ խաղամոլությունը չքարոզելու համար, սակայն միեւնույն ժամանակ ոչ մի կերպ չի կանոնակարգվելու գովազդը սոցիալական կայքերում։ Այսինքն, մի կողմից` սահմանափակվում է այն լրատվական միջոցներում` այդկերպ ֆինանսական հարված հասցնելով նրանց, մյուս կողմից` այն ազատ է լինելու սոցիալական ցանցերում, եւ բուքմեյքերական ընկերությունները կարող են այդ գովազդը տեղադրել այնտեղ, սակայն այդտեղ շահելու են ոչ հայկական ընկերությունները, եւ գումարները պարզապես Հայաստանից դուրս են գալու։

Այդ հարցը երեկվա նիստում բարձրաձայնեց նաեւ իշխանական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ «Հիմա գովազդային միջոցներ հսկայական քանակությամբ Հայաստանից դուրս են գնում սոցիալական ցանցերի միջոցով։ Հիմա մտավախություն չունեք, որ ավելի են դուրս գալու, եւ կրկին շատ են գովազդ անելու սոցիալական կայքերում։ Այսինքն` խնդիրը չենք լուծի կամ կլուծենք մասնակի, սակայն գումարները դուրս կգան Հայաստանից», – նշեց նա։ Սրան ի պատասխան` Հակոբյանը նշեց, թե չեն կարող սահմանափակել սոցիալական ցանցերում, սակայն ցանկություն ունեն։

Եվ այստեղ իսկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Ինչպես բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու, այնպես էլ գովազդը սահմանափակելու պարագայում առաջին հերթին ֆինանսական վնասներ են լինում հենց պետության համար, քանի որ պետբյուջե վճարվող գումարները նվազելու են, իսկ այս դեպքում արդեն երկրից են դուրս գալու։

Նախագծով նաեւ ամրագրված չեն, թե որ դեպքում ով է պատասխանատվության ենթարկվելու։ Միեւնույն ժամանակ, բավական մեծ թիվ է կազմում տուգանքի ենթակա գումարը, որը միանշանակ լրատվական միջոցը՝ լինի հեռուստատեսություն, ռադիո կամ լրատվական կայք, չի կարողանա վճարել։ Եվ որքան էլ պատգամավորը նշի, թե այսպես փորձ է արվում սահմանափակելու խաղամոլությունը, սակայն առաջին հերթին վնաս է հասցվում հենց վերջիններիս։

Եվ լրատվական կայքերի` 20 տոկոսի չափով գովազդը եւս տարակուսելի է, քանի որ հստակեցված չէ, թե որ էջի քսան տոկոսը կամ ինչպես է այն չափվելու, եւ քանի տոկոսի խախտումն է համարվելու խախտում։ Ի վերջո, այս նախագծի վերաբերյալ պատգամավորները եւս բավականին խնդիրներ տեսան, եւ որոշում կայացվեց այն հետաձգել ու քննարկել արդեն ապրիլի 26-ին, երբ տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ նաեւ քննարկվելու է Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծը, իսկ մինչ այդ այս երկու նախագծերի վրա աշխատելու է պատգամավորներից կազմված փոքր խումբ։
Եվ այս նախագծերը լիագումար նիստերում կարող են քննարկվել միայն ապրիլի 26-ի նիստում դրական եզրակացություն ստանալուց հետո։

Ամեն դեպքում, նման նախագծեր ներկայացնողները պետք է հաշվի առնեն բոլոր հանգամանքները։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս