ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ելույթի մասին:
-Պարո՛ն Ենգիբարյան, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ, որը ընդդիմադիրների կողմից որակվեց շատ «թույլ», առանց «ասելիքի»: Ի՞նչ եք կարծում, արդյոք վարչապետի ելույթում հստակ ուղղվածություն չկա՞ր:
-Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում եմ որպես հեղափոխական ելույթ, որովհետեւ առաջ քաշվեցին ժողովրդավարության, խաղաղության ու ընդհանուր Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արժեքային համակարգի նյուանսներ, որոնք նախկինում երբեւէ չէին հնչել: Դա հեղափոխական ելույթ էր, ու դրա արդյունքում ադրբեջանցիների կողմից, որ նախկինում լինում էր կոշտ հարցադրումներ, կոպիտ, ագրեսիվ նման հարցադրումներ չեղան: Ընդամենը մի պատգամավոր փորձեց խոսել այդ ոճի մեջ, այն էլ` ամաչելով, հասկանալով, որ այդ հարցը տեղին չէ: Պարոն վարչապետի ելույթը գերազանց ելույթ էր:
-Ընդդիմադիրները տեսակետ են հայտնում, որ պետք չէր եվրոպական բարձր ամբիոնից խոսել Հայաստանի համար ցավոտ հարցի` 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին` մեղադրելով նախկին իշխանություններին: Ճի՞շտ եք համարում հակառակորդ երկրի ներկայացուցիչների մոտ նախկին իշխանություններին մեղադրելը:
-Գիտեք ինչ, միանշանակ պետք էր. Եվրոպայի խորհուրդի առաքելությունից մեկը Եվրոպայի մայրցամաքի վրա խաղաղության նպաստելն է ու, այո, երբ 2016 թվականին տեղի է ունենում նման միջադեպ, որը չորսօրյա պատերազմի է վերածվում, այդտեղ պետք է ցույց տալ ԵԽԽՎ-ի պատասխանատվությունը: Այսինքն` վարչապետը չհանգեցրեց նրան, որ ամբողջությամբ ԵԽԽՎ-ն է մեղավոր, որ եղել է նման պատերազմ:
Խոսքը նրա մասին էր, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից ու, ընդհանրապես, այդ դահլիճում հանդուրժվում է նաեւ ատելություն, քաղաքական մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ եւ ագրեսիա, հետեւաբար այստեղ կա ԵԽԽՎ-ի պատասխանատվությունը. սրա մասին պետք չի խոսել: Կարծում եմ, որ եթե դու այդ կառույցի անդամ ես, պետք է նաեւ թերությունների մասին խոսել, դրանք մատնանշել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ