ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քառօրյա պատերազմին բանակում գտնվողները փամփուշտնե՞ր են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո հարուցված քրեական գործերին: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ այդ օրերին բանակում գտնվող անձինք վերադառնալիս զորամասերից փամփուշտներ են իրենց հետ բերել տուն: Օրերս նախաքննական մարմինը մեկ նմանօրինակ գործով նախաքննության ավարտ հայտարարեց եւ գործը ուղարկեց դատարան:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է Արմավիր քաղաքի բնակիչ Հովհաննես Քեսաբյանը:

Իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա, 2016թ. մասնակցելով Ապրիլյան պատերազմին, ապօրինի ձեռք է բերել եւ իր Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան 25 ա տանը պահել է թվով 31 հատ 5,45մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգներից, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրներից կրակելու համար, եւ մեկ հատ գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված համապատասխան տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակներից, «ՊՊՇ», «ՊՊԴ», «ՊՊՍ» տեսակի ատրճանակ-գնդացիրներից եւ այլ տեսակի ատրճանակ-գնդացիրներից, մարտական ակոսափող զենքերից կրակելու համար: Այս ամենը իրավապահները հայտնաբերել են նրա տանը կատարված խուզարկության ժամանակ:

Վերջինիս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան, եւ Հովհաննես Քեսաբյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենք պահելը), եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս