ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Միայն թե նկատենք, որ իրավապահներին չի հաջողվել գործը մինչեւ վերջ բացահայտել. դեռեւս հայտնի չէ անձը, ում մեքենայով ավազակային հարձակման համար մեղադրվողները գնացել են Մկրտումյանի՝ Ձորաղբյուր գյուղի տուն:
Ըստ մեղադրական եզրակացության` Գագիկ Դանոյանը նախնական համաձայնության է եկել ընկերոջ` Հովհաննես Ռիժենկոյի, դստեր ամուսնու` Մայիս Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ:
2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նրանք «BMW X5» մակնիշի մեքենայով գնացել են Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն: Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը դիմակներով մտել են Մկրտումյանի տուն, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Հայր ու որդի Մկրտումյանները տեսանկարահանող սարքերի միջոցով տեսել են տուն մտնող անձանց եւ դուրս են եկել բակ:
Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը հարձակում են գործել Մկրտումյանների վրա. Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է Արման եւ Գոռ Մկրտումյանների ուղղությամբ, սակայն Գոռ Մկրտումյանը գազային ատրճանակից կրակել է Հովհաննես Ռիժենկոյին դեմքին, ինչից հետո Արման եւ Գոռ Մկրտումյանների եւ Հովհաննես Ռիժենկոյի միջեւ ծեծկռտուք է սկսվել:
Ի վերջո, Արման եւ Գոռ Մկրտումյաններին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին եւ վերցնել նրա ձեռքից ինքնաձիգը, ինչը տեսնելով` Գագիկ Դոնոյանը եւ Մայիս Մկրտչյանը փախել են իրենց սպասող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Ռիժենկոյին Մկրտումյանները հանձնել են իրավապահենրին: Հայտնաբերված երեք անձինք կալանավորված են, բայց, փաստորեն, այս գործով եւս մեկը դեռ չի հայտնաբերվել: