ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹԵԹԵՎ ՈՒ ԵԹԵՐԱՅԻՆ ՇՆՉՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից գարուն է, ուստի զգեստապահարանները «թեթեւացնելու» եւ դրանք գարնանային վառ, նուրբ շնչով հագուստներով լցնելու ժամանակն է: Իհարկե, դուք կարող եք թերթել նորաձեւության ամսագրերն ու հետեւություններ անել, թե ինչ մոդելի, ինչ երանգի հագուստ պետք է կրել այս գարնանը, բայց, կարծում ենք, տեղին կլիներ, եթե դիմեինք մասնագետի օգնությանը, որն իր պրոֆեսիոնալ խորհուրդներով կօգներ ճիշտ ընտրություն կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը գարնանային նորաձեւության վերջին միտումների, ակտուալ երանգների, գործվածքների, զգեստների ու կոշիկների տարածված մոդելների մասին զրուցել է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ: Նա նշել է, որ 2019-ի գարնանային նորաձեւությունն ավելի «ծաղկային» է ու եթերային: Դիզայները շեշտել է, որ այսօր ամբողջ աշխարհը շարժվում է դեպի էկոնորաձեւություն, ուստի ակտուալ են բնական նյութերից կտորները:

-Արա՛մ, այս տարի գարնանային նորաձեւությունն ի՞նչ միտումներ է թելադրում: Նախորդ տարվա հետ համեմատած՝ ի՞նչն է ավելացել եւ ի՞նչն է պակասել:
-Այս տարի գարնանային նորաձեւությունն ավելի ռոմանտիկ, թեթեւ, ծաղկային շունչ ունի: Ակտուալ են եթերային, ծաղկավոր պրինտները:
-Այս գարնանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր համադրություններն են համարվելու նորաձեւ:
-Այդպիսի գույները բազմազան են: Հիմնականում ակտուալ են պաստելային, նուրբ, հաճախ նաեւ սառը երանգները: Բայց, միեւնույն ժամանակ, չի կարելի ասել, թե տաք գույներն, օրինակ, նորաձեւ չեն. կան թեմաներ, ուղղություններ, որոնց գերիշխող գունային գամման բավական վառ է:
-Ի՞նչ հումքի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները, ո՞ր գործվածքները, կտորներն են նորաձեւ լինելու:
-Հիմնականում տարածում ունեն բնական նյութերը՝ բամբակ, մետաքս եւ այլն: Այսօր գլոբալ առումով աշխարհը գնում է դեպի էկոնորաձեւություն, խրախուսվում են բնականությունն ու կոմֆորտը:
-Ի՞նչ կասեք տաբատների եւ կիսատաբատների մասին: Նախորդ տարի այս վերջինները բավական տարածում ունեին: Այս տարի այդ տենդենցը շարունակական կլինի՞:
-Այո՛, կիսատաբատները կպահպանեն իրենց ակտուալությունը, մոդայիկ կլինեն նաեւ չինո տաբատները:
-Ի՞նչ մոդելի վերարկուներն են գերիշխող հավաքածուներում:
-Անգլիական ոճի վերարկուներն են ակտուալ, դասական ֆորմաները:
-Իսկ կոշիկների մասո՞վ ինչ կասեք:
-Հավաքածուներում դասական մոդելները, ինչպես միշտ, մեծ տեղ ունեն: Մոդայիկ են նաեւ հունական ոճի կոշիկները:
-Մի փոքր էլ պայուսակներից խոսենք: Որոշ դիզայներներ ասում են, որ ուսապարկերն, օրինակ, արդեն մոդայիկ չեն: Դուք ի՞նչ կասեք:
-Ոչ, դրանք շարունակում են ակտուալ մնալ: Ինչպես նաեւ մեծ տարածում ունեն երկրաչափական ֆորմաներ հիշեցնող պայուսակները:
-Առհասարակ, գարնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դարձել են նորաձեւության զոհը՝ մոռանալով ինքնատիպ լինելու մասին:
-Առհասարակ, նորաձեւությունն ավելի էկլեկտիկ է դարձել: Ես խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ անհատականությունն ընդգծելու, ոչ թե այս կամ այն միտումը պարզապես ընդօրինակելու վրա: Ցանկացած հագուստ, աքսեսուար ընտրելիս նախ պետք է մտածել՝ այն կսազի արդյոք ձեր դեմքի, մարմնի կառուցվածքին: Եվ միայն այն հանգամանքը, որ դուք դա տեսել եք ամսագրի աղջկա հագին, չպետք է դրդի ձեզ գնել տվյալ պարագան: Խորհուրդ կտամ նաեւ զարդեր կրելիս լինել առավել զուսպ, քանի որ զարդերը ունեն այն նույն նշանակությունը, ինչ համեմունքները ճաշի դեպքում. երբ դրանք կիրառելիս չափն անցնում են, ամեն բան փչանում է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՄԵՆ ԵՐԿՐՈՐԴԸ ԽՈՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

«Հայաստանում հնարավոր է դիջեյությամբ նորմալ գումար աշխատել, դիջեյներին կանչում են կորպորատիվներին. հարսանիքներն առանց դիջեյի արդեն չեն անցկացնում: 6/8 չափի երաժշտությունը միշտ էլ տարածում ունեցել է մեր հանրության շրջանում, բայց այն իր տեղն ունի, դիջեյությունը՝ իր: Կարող եմ ասել, որ դիջեյների պահանջարկը Հայաստանում աստիճանաբար մեծանում է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց DJ Սերժոն՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք կորպորատիվներին 6/8 երգերին նախապատվություն տվող հայ հանրության զգալի մասի շրջանում դիջեյներին հաջողվում է պահանջարկ վայելել:

Նրա խոսքով՝ եթե Եվրոպայում, Միացյալ Նահանգներում դիջեյական մշակույթն արդեն երկար տարիների պատմություն ունի, ապա Հայաստանում այն սկսել է զարգացում ապրել 1990-ականների կեսից: Հարցին, թե ինչ նորություններ են պատրաստում երկրպագուների համար, Սերժոն պատասխանեց. «Նոր նախագիծ ունենք Արամ MP3-ի հետ, կա նաեւ մեկ այլ նախագիծ՝ իմ հեղինակային ստեղծագործություններով: Պատրաստ է «Մի քանի հոգի» խմբի երկրորդ ալբոմը: Այնպես որ, նորություններ անպայման կլինեն»:
Մենք հարցրինք՝ դիջեյը հեղափոխությունից հետո իրեն նոր Հայաստանում զգո՞ւմ է. «Ինչպես դիջեյական ոլորտին, այնպես էլ մյուս ոլորտներին զարգանալու համար ժամանակ է պետք: Կարեւորն այն է, որ հավատում եմ, եւ հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի, բայց քաղաքականությունից խոսել չեմ ուզում, կարիք չկա: Հիմա ամեն երկրորդը խոսում է քաղաքականությունից, ավելի լավ է՝ ես լռեմ»,-մեկնաբանեց Սերժոն:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում` բարեխղճորեն, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սերժոյից հետաքրքրվեցինք՝ պատրաստվում է արդյոք ականջալուր լինել ՊԵԿ-ի հորդորին. «Այս գործընթացը պետք է երկկողմանի արդարացված լինի: Եթե վճարում ես, պետք է հասկանաս՝ ինչ մեխանիզմներով է հաշվարկն իրականացվելու, շոու-բիզնեսի որ ներկայացուցիչն ինչ սկզբունքով է հարկվելու»,-եզրափակեց դիջեյը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՐԳԵԼՔ Է ԴՐԵԼ
ՖԻՖԱ-ն «Չելսիին» մեղավոր է ճանաչել անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերի հետ կապված կանոնների խախտման համար: Անգլիական ակումբը 29 անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերում կանոնների խախտում է թույլ տվել: Այս ամենով պայմանավորված` ՖԻՖԱ-ն արգելք է դրել «Չելսիի» տրանսֆերների վրա, ինչը նշանակում է, որ լոնդոնյան ակումբը չի կարող ֆուտբոլիստներ գնել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանի ընթացքում: Արգելքը գործելու է «Չելսիի» բոլոր թիմերի՝ հիմնական, երիտասարդական եւ կանանց թիմերի վրա 2019թ. ամռանը եւ 2020թ. հունվարին:

 

 

ՄՅՈՒՍ ՓՈՒԼՈՒՄ Է
Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել «ԲԱՏԷ»-ի դարպասը եւ նվաճել Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր: Գոլերը տանտերերից հեղինակեցին Սոկրատիսը եւ Մուստաֆին, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Վոլկովը:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՊՍԺ-ՈՒՄ
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նոր աշխատանքի առաջարկ է ստացել: Այս մասին տեղեկացնում է SID գերմանական տեղեկատվական գործակալությունը: 69-ամյա ֆրանսիացին կդառնա ՊՍԺ-ի սպորտային տնօրեն: Այդ պաշտոնում Վենգերը կփոխարինի Անտերո Էնրիկեին: «Զինագործների» նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանքին կանցնի մրցաշրջանի ավարտից հետո:

 

 

ՄԲԱՊԵԻ ԴԵՄ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԷՐ
«Լիոնի» պաշտպան Մարսելոն կիսվել է տպավորություններով Մեսիի եւ Մբապեի մասին եւ նշել, որ Կիլիանի դեմ խաղալը ավելի բարդ էր: «Անկեղծ ասած, Մբապեի դեմ խաղալն ավելի դժվար էր, քան Մեսիի: Մեսին իր լավագույն հանդիպումը չանցկացրեց, իսկ Կիլիանն ինձ ստիպեց շատ աշխատել: Արագության ու դիրքավորվելու առումով նրա դեմ խաղալն անհամեմատ ավելի բարդ էր: Շատ մեծ հավանականությամբ Մբապեն շուտով կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը», – Մարսելոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

 

 

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո «Յուվենտուսում» խուճապ է սկսվել: Ինչպես գրում են իտալական լրատվամիջոցները, թուրինյան ակումբում արդեն պլանավորում են մի շարք տրանսֆերներ իրականացնել առաջիկա ամռանը: Նախ` խոսվում է մարզչի փոփոխության, մասնավորապես՝ Զիդանին հրավիրելու մասին: Ֆրանսիացի մասնագետը խաղացել է «Յուվենտուսում», եւ նշվում է, որ ցանկություն ունի գլխավորելու թուրինյան գրանդը: Իտալիայի չեմպիոնը նաեւ ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին, «Ռեալի» ֆուտբոլիստներ Մարսելոյին եւ Իսկոյին, «Լիվերպուլի» հարձակվող Սալահին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս