«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է առաջարկել, ըստ որի` 18 տարեկան նորակոչիկներին ծառայության անցնելուց հետո չպետք է անմիջապես տանել առաջնագիծ:
«Խնդրի առանձնահատկությունն այն է, որ խոսքը ոչ թե բանակ զորակոչվածների ուսումնական գործընթացը եւս 6 ամսով երկարացնելու մասին է, այլ որ փորձառություն չունեցող մեր երիտասարդները առաջնագծում չծառայեն, թող ծառայեն 2-րդ գծում, 3-րդ գծում, ձեռք բերեն համապատասխան փորձառություն, մեկ տարի հետո թող գնան առաջնագիծ»,-այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը արձագանքեց, որ եթե դժբախտաբար մեքենա է վթարի ենթարկվում, եւ զինծառայողներ են զոհվում, դա ուսուցման փուլի երկարացման հետ կապ չունի։ ԲՀԿ–ից Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց «Իմ քայլի» պատգամավորին. «Մի տեսակ վատ սովորություն է ձեւավորվել, անպայման պետք է զոհ լինի, մի մեծ սպառնալիք լինի արդեն իսկ արձանագրված, որ մենք մտածենք դրա դեմն առնելու մասին։ Այսօր ո՞ւմ համար է գաղտնիք, որ բանակում մեկ տարին չբոլորած զինվորի համար նաեւ հոգեբանական խնդիր է առաջնագծում լինելը։ Հիմա անպայման պետք է զինվորներ մահանան, որ օրենք ընդունենք. բա մեր խելամտությունը ինչո՞ւմն է կայանում, որ ընդունենք օրենքներ, որոնք ողջամտության սահմաններում կկանխեն հնարավոր դեպքերը, ոչ թե «գնա մեռի, արի սիրեմ» մոտեցումը կիրառնեք»։
ԲՀԿ-ականների պնդմամբ` առաջնագծում պետք է պրոֆեսիոնալներ լինեն, 18 տարեկանները այս 5 ամիսների ընթացքում բավարար պատրաստվածություն ձեռք չեն բերում, որ անցանկալի դեպքեր չարձանագրվեն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ միանալու է հանձնաժողովի տված բացասական եզրակացությանը:
Մի խոսքով` երեկ Ազգային Ժողովում այս օրինագիծը բավականին թեժ քննարկումների առիթ դարձավ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԼՂՀ նախկին փոխվարչապետ գեներալ Արթուր Աղաբեկյանի հետ:
-Պարո՛ն Աղաբեկյան, ի՞նչ կարծիք ունեք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին:
– Զինմարտական պատրաստության օրենքում հստակ նշված է, թե զինվորը որ փուլի համար ինչքան ժամանակ պետք է պատրաստվի: Կա նախնական պատրաստության շրջան, կա հիմնական պատրաստության շրջան: Երկրագնդի վրա ոչ մի զինված ուժերում այդ ամենը միասին վերցրած վեց ամսից ավելի չի տեւում: Այսինքն` զինվորը, վեց ամիս ծառայելով զինված ուժերում որպես նորակոչիկ, մարտական պատրաստության բոլոր փուլերը` ընդհուպ մինչեւ վաշտի կազմում որեւէ վարժանքի եւ զորավարժության մասնակցելը, նշանակում է թե՛ պաշտպանական մարտում, թե՛ հարձակվողական մարտում, ինքը ամբողջությամբ պատրաստվում է 6 ամիս հետո ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: Այդ նախաձեռնությունը կտրականապես մերժելի է:
-Ասվում է, որ պայմանագրային զինծառայողները պիտի լինեն առաջնագծում: Մենք բավարար ռեսուրսներ ունե՞նք դա իրագործելու համար:
-Հայաստանի Հանրապետությունը չունի այդքան մարդկային ռեսուրս, որպեսզի նա կարողանա ունենալ անհրաժեշտ քանակությամբ պրոֆեսիոնալ զինծառայողներ: Մարդիկ օգտագործում են պայմանագրային բառը` առանց մոռանալու, որ բանակը աշխատանքի տեղավորելու տեղ չէ: Զինված ուժերում պայմանագրային ծառայության կոչվող նպատակ պետք է ունենա ե՛ւ ինքը, ե՛ւ իր հրամանատարությունը, որ ինքը դառնա պրոֆեսիոնալ զինծառայող, իսկ Հայաստանի Հանրապետությունը մարդկային ռեսուրսների տեսակետից այդքան կարողություններ չունի, որ կարողանա ունենալ անհրաժեշտ քանակությամբ պրոֆեսիոնալ զինծառայողներ, որոնք կարողանան կատարել նման մարտական խնդիրներ, ինչպիսին այսօր մեր զինված ուժերի առաջ է ծառացած, այսինքն` մարտական խնդիր առաջնագծում, պահպանություն մեր սահմանի երկայնքով:
Բարի ցանկությունները լավ են, բայց պետք է հաշվի առնել մեր երկրի կարողությունները մարդկային եւ ֆինանսական առումներով: Պրոֆեսիոնալ զինծառայողը բավականին թանկ է պետության համար, որովհետեւ պրոֆեսիոնալ զինծառայող նշանակում է տվյալ քաղաքացու հետ երկարաժամկետ համագործակցություն` ծառայության անցման շրջանից սկսած, ծառայությունը ավարտելուց հետո, այնուհետեւ պահեստազորում նրա հետ հարաբերությունները` թոշակավորման խնդրի հետ կապված, զինծառայողի սոցիալական պաշտպանության մասին օրենքից բխող պահանջեր:
Պետք է մոռանալ այդ 12 ամիս պատրաստելու մասին: Եթե մեր զինված ուժերը նման հնարավորություն քաղաքային առումով ունենան, միգուցե բանակը կարողանա իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ, բայց այսօր բանակը ամենաէֆեկտիվ ձեւով ունի իր հաշվարկը` 2 տարի զինված ուժեր զինակոչված զինվորը ինչպիսի մարտական պատրաստություն պետք է ունենա եւ ինչ խնդիր պետք է կատարի եւ վերադառնա պահեստազոր: Պետք է մոռանալ այդպիսի ճոխությունների մասին: Պետք է հաշվի առնել երկրի կարողությունները: Առաջնահերթությունը մարդկային ռեսուրսն է:
-Ամեն դեպքում, ժամկետների առումով ամեն բան նորմա՞լ է օրենքում: Ուրիշ փոփոխությունների կարիք էլ չկա՞:
-Պետք է ընդմիշտ մոռանալ փոփոխություն կատարելու մասին: Անգամ կան երկրներ, որտեղ այդ շրջանը արագացվում է, եւ 45 օր պատրաստությունից հետո զինվորը գնում է մարտական խնդիր կատարելու: Դա կոչվում է курс молодого бойца: Այդ շրջանը ավարտելուց հետո զինվորն արդեն անհատապես պատրաստ է որեւէ ստորաբաժանման մեջ ընդգրկվելու համար:
Լուսինե Մինասյան