Անվտանգության խորհուրդը սկսել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության շուրջ աշխատանքները: Նկատենք, որ այս փաստաթուղթն ընդունվել է դեռ 2007թ. հունվարին եւ մինչեւ հիմա որեւէ փոփոխության չի ենթարկվել, այնինչ այս տարիներին ե՛ւ ՀՀ-ում, տարածաշրջանում, ե՛ւ միջազգային ասպարեզում բավական կտրուկ փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ փոխվել են նաեւ ՀՀ առաջ ծառացած մարտահրավերները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռազմավարությունը գրելիս անվտանգության խորհուրդը ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ եւ նոր միայն մշակել այն։ Ավելին` մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, եւ առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, եւ նոր դրանից հետո լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։
Նշենք, որ անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանը եւս հայտարարել էր անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու մասին, սակայն դրանց իրականացումը ձգձգվեց։ Վերջին անգամ նա այդ մասին խոսել էր 2018 թվականի հունվարին։
Եվ հատկանշական էր, որ նրանք պատրաստվում էին դա անել հենց 2016թ․ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց դժգոհությունը պատերազմի ժամանակ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ: Եվ չնայած թե՛ այն ժամանակ, թե՛ այժմ մանրամասներով հայտնի չեն, թե ինչ փոփոխություններ կլինեն ռազմավարությունում, եւ թե փաստաթղթի հատկապես որ մասերն են ենթակա փոփոխության, սակայն ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ էին հայաստանյան քաղաքական գործիչների, վերլուծաբանների հայտարարությունները, որ Երեւանը պետք է վերանայի իր մոտեցումները ազգային անվտանգության ռազմավարությունում։
Եվ չնայած Անվտանգության խորհուրդը որոշել է լայն քննարկում անցկացնել ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամների եւ խմբակցության ներկայացուցիչների հետ, սակայն երեկ պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափում էին ներկայացնել իրենց տեսլականը փոփոխությունների շուրջ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ քննարկումների մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել, ապա հավելեց․ «Մենք պետք է քննարկենք, դրա համար ես հիմա զերծ կմնամ մեկնաբանելուց։ Դա կանեմ ավելի խորությամբ ուսումնասիրելուց հետո»։ Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն 2007 թվականից չի փոխվել` պետք է շատ փոփոխություններ լինեն․«Պետք է քննարկվի այդ հարցը եւ բազմակողմանի ուսումնասիրվի», – հավելեց նա։
Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձագետների խմբի հետ արդեն նախապատրաստական աշխատանքներ է կատարում, առաջարկներ պատրաստում, որոնք կներկայացնեն քննարկումների ժամանակ։ Միեւնույն ժամանակ այդպիսի աշխատանքներ անում են նաեւ խմբակցության մյուս անդամները։ Արման Բաբաջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մատնանշեց հարցեր, որոնց շուրջ պետք է քննարկումներ լինեն։
«Ընդհանրապես, աշխարհն է փոխվում, եւ մենք պատրաստ ենք ամբողջովին վերատեսության ենթարկել ռազմավարությունը։ Եվ ոչ միայն խոսքը պաշտպանական, այլեւ անվտանգային մյուս հատվածները պետք է արմատապես փոխենք։ Հայաստանն է փոխվել, Հայաստանի դիրքավորումն է փոխվել։ Մենք բոլորովին այլ ակնկալիքներ ունենք Վրաստանի հետ հարաբերություններում, փորձում ենք վերաբեռնավորել հարաբերություններն Իրանի հետ, կարծում եմ` Ռուսաստանի հետ երկկողմ եւ բազմակողմանի հարաբերությունների մեծ ներուժ կա։ Այս աշխատանքներում պետք է նոր նշաձող լինի ՌԴ-ի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու», – հավելեց նա։
Միեւնույն ժամանակ, պատգամավորի խոսքով` պետք է Հայաստանը չլինի խնդրողի դերում, եւ այդ առումով մատնանշեց փոփոխությունների կարեւորությունը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում։ «Ընդհանրապես, մենք պետք է կարողանանք արմատապես փոխենք մեր դիրքավորումը հայ-ամերիկյան օրակարգի մասով։ Կարծում եմ՝ այնտեղ լուրջ աշխատանք կա տանելու։ Հատկապես Թրամփից հետո ԱՄՆ-ն իր երկկողմ հարաբերությունները կառուցում է բոլորովին այլ սկզբունքներով։ Նա խնդրող երկրներին չի դիտարկում որպես իր հետ հավասար գործընկեր։ Հայաստանը, նախկինից եկած իներցիայով շարունակելով իր արտաքին քաղաքականությունը, պետք է որ այս հարցում խնդրահարույց լինի։ Մենք պետք է կարողանանք համոզել ամերիկացի գործընկերներին, որ թեեւ Հայաստանը չի փոխել իր քաղաքական կուրսը, միեւնույն ժամանակ, խնդրողի դերում չէ, եւ նոր իշխանությունները գոնե բավարար քաղաքական կամք ունեն արժանապատիվ քաղաքական օրակարգ առաջարկել ԱՄՆ-ին», – եզրափակեց նա։
Մեր տեղեկություններով` չնայած հստակ ժանկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019 թվականի վերջին։
Նաիրա Հովհաննիսյան