ԱԱԽ-ն լծվել է անվտանգության ռազմավարության մշակման գործին․ լուրջ փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ: Փաստաթուղթը, հիշեցնենք, ընդունվել է դեռ 2007թ. հունվարին ու այս 12 տարիների ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։

Սերժ Սարգսյանը վերջին անգամ այդ մասին խոսել էր 2018 թվականի հունվարին, երբ ամիսներ անց ՀՀ-ն ամբողջությամբ անցնելու էր խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ ինքն էլ փորձելու էր երկարաձգել իշխանությունը` զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայց համաժողովրդական ճնշման ներքո ապրիլին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից. ՀՀ-ում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը:

Ինչեւէ, այսօր նոր պայմաններում ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայման եւ լուրջ վերամշակման կարիք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա անվտանգության նոր ռազմավարությունը գրելիս ԱԱԽ-ն ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ առանցքային քաղաքական ուժերի, քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ եւ նոր միայն մշակել այն։ Ավելին, մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, եւ առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, եւ դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։

Ու չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019թ. վերջին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս