Սուպերվարչապետությունը բոլոր ժամանակներում չարիք է. Գագիկ Գինոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումների, սուպերվարչապետական համակարգից ձերբազատվելու անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ:

-Պարո՛ն Գինոսյան, օրերս թեժ բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլ»-ի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի միջեւ: Բանը հասավ նույնիսկ լեզվակռվի եւ ոչ քաղաքական լեքսիկոնի կիրառման: Հայ հանրությունը բուռն արձագանքեց դրան՝ մտահոգություն հայտնելով, որ նախկին ռեժիմին բնորոշ բարքերն այժմ էլ ակներեւ են Ազգային Ժողովում: Դուք ի՞նչ կասեք:

-Երեքին էլ ճանաչում եմ որպես լուրջ եւ զուսպ մարդկանց: Իհարկե, ցանկալի է, որ այդ զսպվածությունը դրսեւորվի բոլոր պարագաներում: Բայց բոլորս մարդ ենք, կարող ենք հունից դուրս գալ: Ամեն դեպքում, զերծ կմնամ որակումներից:

-Վերջերս էլ Գորգիսյանը խոսք հղեց վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով հանել Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումը»։ «Շատ եմ խնդրում, հանեք այդ կոստումը, այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլեւ Ձեր թիմակիցները հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են` մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցեր տվե՛ք, սա վատ հիշողություններ ու դեժավյու է արթնացնում»,- ասաց նա՝ ակնարկելով նախորդ ռեժիմի գործելաոճը: Դուք տեսնու՞մ եք նման միտում:

-Մտահոգություններն իրականում բազմաթիվ են, թեկուզ նախարարությունների փակման, միացման, կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված: Բայց չեմ կարող ասել, որ դեժավյու եմ ունենում. ամեն իշխանություն իր պատկերացմամբ է առաջնորդվում: Մտահոգվելու տեղիք, ամեն դեպքում, կա, եւ մտավորականությունը պարտավոր է սթափեցնող, սաստող խոսք հնչեցնել, որպեսզի իշխանությունն ամենազոր չդառնա, ժողովրդին խամաճիկ, ստրուկ չդարձնի, որպեսզի նորից չմտնենք այն գետը, որտեղից դուրս ենք եկել: Ընդդիմությունն էլ պետք է սթափեցնողի դերում լինի: Հասկանալի է, որ ոչ մի իշխանություն էլ սուրբ չէ, եւ փառքը մարդկանց հետ երբեմն չար կատակներ է անում: Ի վերջո, կառավարման փորձ չունեցող մարդիկ եկել են իշխանության եւ շատ հարցերում սխալվում են:

-Վերջերս Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամներին հետեւյալ հարցով. «Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել։ Վարչապետն այս ամբիոնից ասել է. «Ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ», հետեւաբար մտնելու են Կառավարության կառուցվածք»։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, որ նպատակահարմար չեն համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ: Ի վերջո, դրա անհրաժեշտությունը կա՞:

-Նախորդ իշխանությունների ժամանակ եղել է, օրինակ, Ներքին գործերի նախարարություն, դրանից որեւէ բան փոխվու՞մ էր: Միեւնույնն է, այն ծառայում էր իշխանությանը: Իհարկե, լավ կլինի, եթե այդ կառույցներն անկախ լինեն, բայց չեմ կարծում, որ լիարժեք կերպով հնարավոր կլինի դա անել: Ուղղակի քաղաքական հզոր կամք է պետք դրան հասնելու համար:

-Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է սուպերվարչապետական համակարգի վտանգների մասին՝ նշելով, որ այդ համակարգից բալանսավորման պետք է գնալ, բայց հիմա փաստացի այդ սուպերվարչապետն ինքն է, համակարգը դեռ գործում է: Դրանից օր առաջ ձերբազատվելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Սուպերվարչապետությունը բոլոր ժամանակներում չարիք է: Միահեծան իշխանությունը բերում է նրան, որ իշխանության ղեկին նստած մարդը, տեսնելով, որ իր հնարավորություններն անսահման են, ամենաթողության է մատնվում, անլրջանում է: Դա կարող է հանգեցնել մինչեւ անգամ պետականության կորստի: Ապահովել բազմակարծություն նշանակում է ինքդ քեզ ազատել սխալվելու եւ սխալը խորացնելու հավանականությունից: Բազմակարծությունը կարող է թույլ տալ հզոր իշխանությունը, որը վստահ է իր ուժին եւ արդարամտությանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս