Երեկ խորհրդարանը քննարկում էր «Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին» հաշվետվությունը, որ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նշենք, որ Տ.Հակոբյանին ուղղված հարցերը բազմաթիվ էին, եւ ինքը դրանից զարմացել էր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչպես եք վերաբերվում ակտիվ քննարկումներին, նա նշեց. «Շատ լավ, առաջին անգամ է, որ հանձնաժողովի քննարկումներին զեկույցը այդպիսի բուռն քննարկման արժանացավ, ինչը նշանակում է, որ ներկա Ազգային ժողովի պատգամավորները շատ հստակ խնդիրները հա՛մ պատկերացնում են, հա՛մ ուզում են պատկերացնեն, հա՛մ էլ ուզում են օգտակար խորհուրդներ տան»։
Դիտարկմանը՝ այսինքն` նախկինում այդպես չէր, նա նշեց․«Մի երկու հարց էին տալիս, քնացնում էին»։ Հետաքրքիր է, որ կառույցի ղեկավարը կարճ հիշողություն ունի եւ չի հիշում, թե ինչու ամիսներ առաջ, երբ Հեռուստառադիո խորհրդի նախագահի ընտրություններին էր մասնակցում, հրաժարական չէր տվել․«Անցավ, դա անցյալ ամիս է։ Ես խոսում եմ ապրիլ ամսվա մասին։ Իմ հիշողությունը շատ կարճ է. երբ ամիսը փոխվում է, մոռանում եմ»։