Որն է աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառը. հիվանդներից 28-ն անչափահաս են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ՊՆ ենթակայությամբ գործող Բերդի բժշկական կենտրոնում ներկայումս բուժվում է աղիքային վարակով 36 հիվանդ, որից 28-ը` անչափահաս։ Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Համայակ Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նրանք բոլորը Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչներ են։ Առաջին հիվանդները Բերդի բժշկական կենտրոն են ընդունվել ապրիլի 16-ին։ Հ․Ադամյանի վկայությամբ` 3 օր առաջ հիվանդների թիվը 43 էր։ Այժմ հիվանդների վիճակը միջին եւ թեթեւ ծանրության է։

Նա ասաց, որ բոլոր հիվանդների բուժումը կատարվում է անվճար` պետպատվերի շրջանակներում։ Հիվանդների բուժումը արդյունավետ իրականացնելու համար Բերդի բժշկական կենտրոնի վիրաբուժական եւ մանկական բաժանմունքները վերապրոֆիլավորվել են, համալրվել համապատասխան մասնագետներով, սահմանվել են բժիշկների եւ բուժքույրերի լրացուցիչ հերթապահություններ։

Հիվանդների բուժումն իրականացնելու համար Բերդի բժշկական կենտրոնն ապահովված է համապատասխան միջոցներով, խորհրդատվություներ են կատարվում ՀՀ առողջապահության նախարարության եւ ՊՆ համապատասխան մասնագետների հետ։ ՀՀ առաղջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվել է Նավուր գյուղի նույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում. չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրեւներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքով։

Մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը կապտաժի եւ ջրատարի աղտոտումն է։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս