Արտյոմ Մխոյանը ներկայացրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը նորանշանակ պետ Վարուժան Եղիազարյանին ներկայացրեց հիմնարկի աշխատակազմին: Ծառայության պետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանին տարիների նվիրված աշխատանքի համար, այնուհետ շնորհավորեց նորանշանակ պետ Վ. Եղիազարյանին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Ա. Մխոյանն իր խոսքում ընդգծեց հատկապես, որ հիմնարկի պետի աշխատանքի առանցքային շեշտադրումները պիտի թելադրված և ուղղորդված լինեն միմիայն օրենքով:

Հիմնարկի պետից և ողջ անձնակազմից պահանջվում է նվիրվածություն գործին, արդյունավետ աշխատելաոճ, ամենօրյա և մշտական խիստ հսկողություն, հարգալից փոխհարաբերություններ, սրանք այն կարևորագույն պայմաններն են, որոնց առկայությունը կնպաստի հիմնարկում ներկա թերությունների բացարձակ վերացմանը, նպատակաուղղված և արդյունավետ աշխատանքին:

Հիմնարկում այսօրվա ստեղծված վիճակը, ըստ Ծառայության պետի, օրենքի պահանջները չկատարելն է: «Ցանկացած անօրինական շփում, կոռուպցիոն դրսևորումներ ստանալու են արժանի պատասխան: Գործելու ենք բացառապես օրինականության դաշտում, առանց բացթողումների, պիտի հայտնաբերենք և կանխենք ցանկացած արգելված իրի ներթափանցման ուղին…: Յուրաքանչյուրը պետք է վերափոխի մտածելակերպը, հոգեբանությունը, աշխատաձևը, միայն այս դեպքում մենք կարող ենք արձանագրել հաջողություններ»,- ամփոփեց իր խոսքը Ա. Մխոյանը:

Նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ համախմբված՝ բարեխղճորեն կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին




Լրահոս