Մայիսի 7-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգը կրկին բավականին հագեցած է լինելու։ Մասնավորապես, նիստերի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը։ Առաջին ընթերցման ժամանակ այն բուռն քննարկումների, քննադատությունների արժանացավ, եւ չի բացառվում, որ եթե փոփոխություններ արված չլինեն, նույն իրավիճակը շարունակվի նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ։
Բացի այդ, ԱԺ օրակարգում են լինելու նաեւ ՄԻՊ հաշվետվությունն ու դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումները, որոնք բավականին ծավալուն են։ Եվ մինչ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելը այդ նախագծերը հաջորդ շաբաթ քննարկումների կդրվեն հանձնաժողովներում ՄԻՊ Արման Թաթոյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ։ Նախորդ քառօրյան եւս բավական հագեցած էր. այս ԱԺ-ի համար այն ռեկորդային երկարություն ունեցավ, այս մեկը եւս կարող է չզիջել դրան։