Ով է, որ չի վախեցել եւ տարիներ շարունակ խաբել է Գագիկ Ծառուկյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման վերաբերյալ այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերի չվճարման եւ այդ առումով մոտ 1 միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորության մասին: Դատախազությունը հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքը եւ հայտարարել քրեական գործ հարուցելու մասին:

Ի պատասխան՝ ՀԱՕԿ-ի տարածած հայտարարությունը փաստորեն չէր հերքել դատախազությանը: Համենայն դեպս, ՀԱՕԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դիմելու է ճոպանուղու շահագործման ընթացքում իրեն պատճառած վնասը վերականգնելու համար, բոլոր օրինական միջոցներով: Ստացվում է բավականին հետաքրքիր մի պատկեր, համենայն դեպս՝ համադրելով առայժմ եղած հայտարարությունները եւ դրվագները: Բանն այն է, որ դատախազությունը փաստացի մեղադրում է ՀԱՕԿ-ին հարկեր չվճարելու համար: ՀԱՕԿ-ը 2004 թվականից տնօրինում է ճոպանուղին՝ կառավարության որոշմամբ: Իր հերթին, օլիմպիական կոմիտեն, որը ղեկավարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ճոպանուղու կառավարումը հանձնել է մասնավոր՝ Լեռնատուր ՍՊԸ-ին, որի հիմնադիրներից է հենց ինքը եւ 50 տոկոս բաժնետեր:

ՀԱՕԿ-ի՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կոմիտեն փաստորեն հայտարարում է Լեռնատուրի նախկին տնօրենի՝ տարիներ շարունակ թույլ տված խաբեության եւ չարաշահումների մասին, մասնավորապես ՀԱՕԿ-ի հանդեպ:

Այլ կերպ ասած, ՀԱՕԿ-ն անուղղակի ընդունում է դատախազության հայտարարությունը, բայց պատասխանատվության սլաքն ուղղում Լեռնատուրի նախկին տնօրենին: Միաժամանակ հայտարարվում է, որ ՀԱՕԿ-ն օրինական միջոցներով վերականգնելու է իրեն պատճառած վնասը:

Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, ինչ-որ մեկին զգուշացնում է, որ՝ կա՛մ պետք է պատասխանատվությունը ստանձնել եւ փոխհատուցել պետությանը չվճարած հարկերի ծավալը, որը, ըստ դատախազության, ավելի քան 476 միլիոն դրամ է, կա՛մ կբացահայտվեն ավելի մանրամասներ, որոնք քրեական պատասխանատվությունը կտեղափոխեն հենց Լեռնատուր ընկերության նախկին տնօրենի կամ նրա հետեւում կանգնած որեւէ ուժի վրա:

Եվ այստեղ էական է, թե ո՞վ է եղել Լեռնատուրի մյուս 50 տոկոսի բաժնետերը, ո՞ւմ հետ է ՀԱՕԿ-ը կնքել ճոպանուղու կառավարման պայմանագիրը եւ փաստացի 50 տոկոս փայ մտել, եւ այդ ո՞վ է եղել «առյուծի սիրտ կերած» նախկին պաշտոնյան, որ, այսպես ասած, չվախենալով Գագիկ Ծառուկյանի «առյուծների հետ հանդիպումից», եթե խոսենք մի փոքր ժողովրդական տարածված լեզվով, տարիներ շարունակ փաստորեն խաբել է նրան ճոպանուղու շահույթի հարցում եւ ցույց տվել քիչ եկամուտներ:

Կան հիմքեր եզրակացնելու, որ այդպիսի վարքագիծ դրսեւորողը չէր կարող լինել պատահական մարդ, առավել եւս՝ պատահական մարդու հետ հազիվ թե ՀԱՕԿ-ը այդպիսի պայմանավորվածության գար՝ 50/50 սկզբունքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս